Ոստիկանությունը խախտել է անմեղության կանխավարկածը. Հայկ Ալումյան

Այսօր տեղեկացրել ենք, որ «Ելք»-ի անդամների հետ տեղի ունեցած միջադեպի գործով ձերբակալվել է 1977 թ. ծնված Արթուր Այվազյանը. «Կատարվել են անհետաձգելի մի շարք միջոցառումներ և կարճ ժամանակ անց ոստիկանության ծառայողները պարզել են հանցագործությունը կատարողի ինքնությունը՝ 1977 թ. ծնված Արթուր Ա.»,- ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ:

Այվազյանի պաշտպան Հայկ Ալումյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալը մեղավոր չէ. «Ես հայտարարում եմ, որ դեպքը տեղի է ունեցել բոլորովին այլ կերպ, քան ներկայացվում է հիմա, և ես չեմ հասկանում, թե ինչո՞ւ է այսպես ներկայացվում: Ընդ որում, պաշտոնական աղբյուրներն են այս ձևով ներկայացնում: Հիմա ոստիկանությունը, ի վնաս Արթուր Այվազյանի ապատեղեկատվություն է տարածում: Ձերբակալել են և գլխիվայր շուռ տված են ներկայացնում իրավիճակը»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ ոստիկանությունը խեղաթյուրել է իրականությունը. «Ոստիկանությունը ուզում է ներկայացնի, որ Արթուր Այվազյանը, որն ի դեպ ասեմ, որ շատ մարզված, շատ ուժեղ մարզիկ է, իբր այդքան մարզված լինելով, զենքը ձեռքին հարձակվել է «Ելք» դաշինքի անդամների վրա, բայց հիմա մենք նայում ենք և միակ մարդը, որ լուրջ մարմնական վնասվածքներ ունի, դա Արթուր Այվազյանն է: Ո՞նց է մեկը մյուսի հետ համադրվում: Ես հիմա միայն Արթուր Այվազյանի մասին եմ խոսում, որովհետև եթե մյուս կողմի մասին խոսեմ դա կթվա հակաքարոզչություն»:

Ըստ փաստաբանի՝ իրավապահները խախտել են նաև անմեղության կանխավարկածը. «Անմեղության կանխավարկածը ոստիկանության համար ոչինչ չի նշանակում: Ոստիկանությունն իրեն համարում է այդպիսի պարտականությամբ չծանրաբեռնված: Պետք է ժամանակ առ ժամանակ հիշեցնել նրանց, որ, հարգելի՛ ոստիկաններ, կա անմեղության կանխավարկած, այդ սահմանում է՝ ոչ ոք չի կարող մեղավոր ճանաչվել որևէ հանցագործության մեջ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Դուք էլ, հարգելի ոստիկաններ, դատարան չեք, որ ինքներդ որոշել եք, ով է մեղավոր, ով՝ չէ, դուք քննիչներ էլ չեք: Ու հերիք եղավ այդպիսի բաներ անեք, երբ որ ձեր հարազատներից մեկնումեկի մասին նման տեղեկություններ կտարածվեն, այդ ժամանակ այդ դառնությունը կզգաք, եթե մինչև հիմա չեք հասկացել»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել