Մարզերում արդեն գործում են շտապօգնության նոր մեքենաները

Շտապ բժշկական օգնության ծառայությունը ոչ միայն ռազմավարական, այլև սոցիալական կարևորագույն նշանակություն ունեցող, առողջապահության համակարգի ամենաօպերատիվ և մատչելի ծառայություններից մեկն է: Այդ իսկ պատճառով կառավարությունը քայլեր է իրականացնում բնակչության համար կարևոր այս ծառայության մատչելիությունը բարձրացնելու և ժամանակակից սարքավորումներով հագեցնելու ուղղությամբ: Հերթական ձեռնակը միտված էր հանրապետության դժվարանցանելի հատվածներում ծառայության հասանելիության ապահովմանը։

ՀՀ առողջապահության նախարարության կողմից վերջերս ձեռք բերված շտապ բուժօգնության մեքենաները (ՈՒԱԶ-39623-A կարգի) նախատեսված են լեռնային բնակավայրերի համար, ունեն բարձր անցանելիություն։ Դրանք միաժամանակ հագեցված են շտապ և անհետաձգելի բժշկական օգնության ծառայության համար նախատեսված ժամանակակից սարքավորումներով ու պարագաներով, այդ թվում` շարժական արհեստական շնչառության սարքավորում և դեֆիբրիլյատոր։ Դա հնարավորության կտա ինչպես տանը, այնպես էլ` հիվանդի տեղափոխման ընթացքում, ցուցաբերել անհետաձգելի բժշկական օգնություն:

ՀՀ առողջապահության նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովը Հայաստան ներկրված մեքենաներն արդեն սեփականության իրավունքով հանձնել է Մեղրու տարածաշրջանային, Բերդի, Սիսիանի, Վարդենիսի, Մարտունու, Վայքի, Վանաձորի և Ախուրյանի բժշկական կենտրոններին։ Վանաձորի և Ախուրյանի բկ-ներին հատկացվել է երկուական մեքենա։

Նշված բոլոր կենտրոններին կից գործող շտապօգնության կայաններն այսուհետև կկարողանան շրջակա բազմաթիվ բնակավայրերից ստացվող կանչերին ավելի արագ արձագանքել և տրամադրել արդյունավետ բուժօգնություն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել