Վարչապետը հանձնարարեց սնանկության գործերով վարույթների արդյունավետությունը բարձրացնելու համար քայլեր ձեռնարկել

Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Կարեն Կարապետյանը մինչ օրակարգային հարցերին անցնելը հանձնարարականներ տվեց գործադիրի անդամներին՝ նշելով, որ հանձնարարականների հիմքում մարզային այցելություններն են:

Առաջին հանձնարարականը վերաբերում էր  սնանկության գործերով կառավարիչների գործունեության արդյունավետությունը և ուղղված էր ՀՀ արդարադատության նախարարին. սնանկ ճանաչված ընկերությունների աշխատակիցները բարձրաձայնում են, որ սնանկության գործով կառավարիչների ոչ պատշաճ աշխատանքի հետևանքով վարույթը երկարաձգվում է, ցածր է արդյունավետությունը պարտքերի, այդ թվում` աշխատավարձերի վճարման գործընթացում: Սա հետևանք է ինչպես պրակտիկ, այնպես էլ` օրենսդրական բացերի:

Վարչապետը հանձնարարեց Արփինե Հովհաննիսյանին 3-ամսյա ժամկետում ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել վերոնշյալ խնդիրների վերացմանն ու սննակության գործերով վարույթի արդյունավետությանն ու այդ վիճակները կանխարգելելուն ուղղված լուծումներ:

Ի պատասխան Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ նախորդ օրենսդրական փոփոխություններով «սնանկության վտանգի» գաղափարը ներդրվեց, երբ մինչ սնանկության վարույթ սկսելը քայլեր ձեռնարկվեին և գործընթացի վրա ազդելու հնարավորություն լիներ. «Ձեր հանձնարարականը հաշվի առնելով` լրացուցիչ այլ գործիքակազմեր ևս հաշվի կառնենք, որպեսզի այդ պրոցեսը սահուն և հարթ ընթանա»:

Վերոնշյալի կապակցությամբ ՀՀ արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամը նախաձեռնել է սնանկության վարույթի արդյունավետությանը խոչընդոտող խնդիրների բացահայտմանն ուղղված հետազոտություն և մեծապես կարևորում է նաև  հանրության կողմից ներկայացվելիք առաջարկությունները:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել