Որո՞նք են հարկային օրենսդրության ռիսկերը

Գավառից 28 անձ ներկայումս օգտվում է ինքնազբաղված անձանց համար սահմանված հարկայաին արտոնություններից. այս մասին ասաց Գավառի հարկային տեսչության ներկայացուցիչ Լիանա Մանուկյանը՝ «Փաստերի վրա հիմնված բարեփոխումների ջատագովություն» ծրագրի շրջանակներում Գավառում կազմակերպված միջոցառման ժամանակ, որի ընթացքում վերհանվեցին հարկային օրենսդրության ոլորտում առկա խնդիրներն ու ռիսկերը:

Նշենք, որ ծրագիրն  իրականացվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ), Իրավաբանների հայկական ասոցիացիայի (ԻՀԱ) և Եվրոպական բիզնես ասոցիացիայի (ԵԲԱ) կողմից՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության ֆինանսական աջակցությամբ:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ֆինանսական մենեջեր Սեդրակ Վարդանյանը, ներկայացնելով ծրագիրը, հայտնեց, որ դրա շրջանակներում նախատեսվում է ստեղծել նորագույն տեխոնոլոգիաներով կառուցված ինտերնետային հարթակ, որի միջոցով հնարավոր կլինի արագ տեղեկություններ հայտնել բիզնեսի ոլորտին առնչվող խնդիրների մասին և լուծումներ ակնկալել:

Այնուհետև ՊԵԿ Գավառի հարկային տեսչության ներկայացուցիչ Լիանա Մանուկյանը ներկայացրեց ինքնազբաղված անձանց հարկային արտոնություններ տալու մասին նոր օրենքը, արտոնություններից օգտվելու կարգը, ընթացակարգերը:

Իրավաբանների հայկական ասոցիացիայի իրավաբան Մարիամ Զադոյանը ներկայացրեց վերոնշյալ օրենքում առկա խնդիրներն ու ռիսկերը:  Նրա խոսքով, այս տարվա հունվարի 1-ին հարկային արտոնություններ են սահմանվել 23 գործունեության տեսակների դեպքում, սակայն չկա հիմնավորում, թե ինչպես են ընտրվել հենց այդ 23 գործունեության տեսակները:

Նա նշեց նաև, որ օրենքում կան ընդհանրական սահմանումներ, որոնք միանշակ կերպով չեն ընկալվում քաղաքացիների կողմից: Ավելին եղել են դեպքեր, երբ նույնիսկ ՊԵԿ «թեժ գծի» աշխատակիցների կողմից բացատրությունները եղել են «իմ կարծիքով» մեկնաբանությամբ:

Մ. Զադոյանի խոսքով, մեկ այլ խնդիր է այն, որ հարկային մարմինները, որոշ դեպքերում չտիրապետելով իրավական դրույթներին, ոչ ճիշտ տեղեկատվություն են տրամադրել օրենքի սուբյեկտ հանդիսացող անհատ ձեռնարկատերերին` նշելով, որ վերջիններս պետք է դադարեցնեն որպես անհատ ձեռնարկատեր իրականացնող գործունեությունը վերոնշյալ արտոնությունից օգտվելու նպատակով, կամ հակառակը` պետք է անհատ ձեռնարկատեր դառնան, որպեսզի դառնան արտոնություններից օգտվելու սուբյեկտներ: Բացի սա՝ օրենսդրական փոփոխության մասին պատշաճ իրազեկումներ չեն եղել օրենքի շահառուների շրջանում:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության իրավաբան Արկադի Սահակյանը ներկայացրեց սահմանամերձ համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու վերաբերյալ առաջարկությունների փաթեթը: Նրա խոսքով, ներկայումս հիմնականում Երևանում կան ՏՏ ոլորտի սենյոր մենեջերներ, ովքեր ՏՏ ոլորտում մեծախես աճել են և զբաղվում են այս ոլորտի կազմակերպական հարցերով: Եվ պետք է ստեղծվեն պայմաններ, որպեսզի այս մասնագետները մեկնեն սահմանամերձ գոտիներ և իրենց փորձն ու հմտությունները ներդնեն այնտեղ:

Եվ որպեսզի սողանցքներ չլինեն, և դրանցից օգտվեն անբարեխիղճ անձիք, օրինակ, երբ անձը Երևանում աշխատի, սակայն գրանցված լինի սահմանամերձ գոտում և օգտվի արտոնություններից, ապա կարելի է սահմանել մեխանիզմներ, որ, օրինակ, աշխատանքի 70 տոկոսը կատարվի տվյալ վայրում: Եվ պետք է ապահովվեն համապատասխան վերահսկողական մեխանիզմները:

Իրավաբանների հայկական ասոցիացիայի Գավառի մասնաճյուղի ներկայացուցիչ Լիանա Մակվեցյանը ներկայացրեց Գավառում հարկային ոլորտում վերահնված գործնական խնդիրները:

Կլոր սեղանի ընթացքում ներկայացված հարցերը բավականին բուռն քննարկվեցին միջոցառմանը պետական կառույցների, հասարակական կազմակերպությունների և բիզնեսի ներկայացուցիչների կողմից:

Նշենք, որ «Փաստերի հիման վրա բարեփոխումների ջատագովություն»  ծրագիրն իրականացվում է «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: Այն իրականացվում է ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը հանդիսանում է Եվրոպական միության «ԵՄ-ն՝ Բիզնեսի համար» և «ԵՄ-ն՝ Նորարարության համար» նախաձեռնությունների մաս:

Իրավաբան.net       

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել