ԴԱՀԿ նախկին աշխատողը պատգամավոր է ուզում դառնալ

Տավրոս Գևորգյանը, ով ՀՀԿ-ի կողմից որպես պատգամավորի թեկնածու է առաջադրվել թիվ 2 ընտրատարածքում (Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն), նախկինում աշխատել է Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում՝ որպես ԴԱՀԿ ապահովող ծառայության աճուրդի կազմակերպման և գույքի իրացման բաժնի պետ։ Արդարադատության մայորը այս պաշտոնը լքեց հունվար ամսին։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրից պարզվում է, որ Գևորգյանը խոշոր գումարների է տիրապետում, այսպես՝ հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 50 մլն դրամ, 130 հազար դոլար և 80 հազար եվրո։

ԱԺ պատգամավորի թեկնածուն հայտարարագրել է եկամուտներ ԴԱՀԿ ծառայությունում ստացած աշխատավարձից՝ 5․4 մլն դրամի չափով։

Նա ունի մեկ բնակարան և երեք հողամաս, ինչպես նաև Mercedes-Benz S 500 L մակնիշի ավտոմեքենա՝ 2007թ․-ի, որի գինը տեղական շուկայում գնահատվում է շուրջ 20 հազար դոլար։

Իսկ ինչպե՞ս է հարստացել ԱԺ պատգամավորի թեկնածուն, դատելով նրա կենսագրությունից՝ նա խոշոր գումարներ է կուտակել հենց պետական պաշտոն զբաղեցնելու տարիներին։

ՀՀԿ-ի նախընտրական կայքից տեղեկանում ենք, որ Գևորգյանը ծնվել է Ապարանում, 1996-2000թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի միջազ­գա­յին հարաբերությունների ֆակուլտետում, «Միջազգային հարաբե­րություն­ներ» մասնագիտությամբ, ստացել բակալավրի աստիճան, 2014թ.-ին շարունակել է կրթությունը  Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբե­րու­թյուն­­ների ֆակուլտետի մագիստրատուրայում: 2003-2006թթ. եղել է Աջափնյակ թաղապետարանի բաժնի  պետ, 2009-2010թթ.՝ «ԹԱՄՍԱՄ» ընկերության հիմնադիր տնօրեն, այնուհետև զբաղեցրել է միայն պետական պաշտոններ՝ 2010-2012թթ.՝ ՀՀ արդարադատության նախարարության դատա­կան ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում՝ որպես իրավաբանական բաժնի գլխավոր խորհրդատու, 2012-2017թթ.՝ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող  ծառայությունում՝ որպես աճուրդի կազմակերպման և գույքի իրացման բաժնի պետ:

Ի դեպ, Գևորգյանի քավորն է ԱԺ պատգամավոր Վրեժ Մարկոսյանը, այդ մասին նա մինչ այս հայտնել էր լրատվամիջոցներից մեկին:

Գևորգ Թոսունյան

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել