Արդարադատության դեմ ուղղված հանցագործությունները Կիլիկյան Հայաստանում

Միջնադարյան քրեական իրավունքը չուներ ոչ հանցանքների, ոչ էլ պատիժների համակարգված ցանկ, որը ընդլայնում էր դատավորների լիազորությունը և իրենց հայեցողությամբ վարվելու իրավունքը` բազմաթիվ չարաշահումների հնարավորություն ստեղծելով նրանց համար:
.

Այն, որ Կիլիկիայում արդարադատության դեմ ուղղված հանցագործություններից առավել տարածված է եղել կաշառք ստանալը արդարադատություն իրականացնելու լիազորությամբ օժտված մարմինների կողմից, հաստատվում է Սմբատ Սպարապետի Դատաստանագրքով: Դատաստանագրքի 10 հոդվածը հոգևոր և աշխարհիկ դատարաններին կաշառք ստանալու համար պատժում էր պաշտոնանկությամբ: Այս արարքի անմիջական օբյեկտը դատական և այլ մարմինների նորմալ գործունեությունն ու հեղինակությունն է եղել: Օբյեկտիվ կողմից այս արարքը դրսևորվել է դրամական կամ գույքային արժեք ստանալու մեջ` կաշառք տվողի օգտին որևէ գործողություն կատարելու կամ ձեռնպահ մնալու համար: Դատաստանագրքի 22 հոդվածով Սմբատ Սպարապետը բանտարկություն էր նախատեսում հոգևոր դատավորի կողմից անարդար որոշում կայացնելու համար: Այս արարքի անմիջական օբյեկտը դատական մարմնի նորմալ գործունեությունն էր` կապված արդարադատություն իրականացնելու հետ: Անարդար որոշում կայացնելու հանցակազմն օբյեկտիվ կողմից ենթադրվում էր Կիլիկիայի աշխարհիկ օրենքներին և եկեղեցական կանոններին հակասող այնպիսի վճիռ ընդունելը, որը խախտում էր անձի կամ որևէ մարմնի իրավունքը կամ շահը:

.
Կաշառք ստանալու և անարդար որոշում կայացնելու հանցավոր արարքների սուբյեկտիվ կողմին բնորոշ էր դիտավորյալ մեղքը:

.
Միջնադարյան պետություններում, նաև Կիլիկիայում, կաշառքի լայն տարածվածության և դրա հանրային մեծ վտանգավորության մասին վկայում է նաև «Միջնադարի պատմության քրեստոմատիայի» հեղինակ Ս. Սկազկինը, որ գրել է. «… Համաներում կիրառելու դեպքում այն չէր տարածվում կաշառք վերցրած չինովնիկների նկատմամբ»:

.

Լուսաբեր Տեր – Գևորգյան

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել