Հանելուկ ՀԷՑ-ից. էլէներգիա չեն ծախսել, սակայն պարտքեր են գոյացել

Հանելուկ ՀԷՑ-ից. էլէներգիա չեն ծախսել, սակայն պարտքեր են գոյացել

Ոչ բնակելի տանը, որտեղ էլեկտրաէներգիա չեն օգտագործել,  էլեկտրաէներգիայի ծախսի պարտք է գոյացել շուրջ 10 հազար դրամի չափով՝ յուրաքանչյուր ամսվա համար. այս մասին  Իրավաբան.net-ին ահազանգել էր Երևանի Կենտրոն համայնքում բնակվող Աննա Վրթանեսյանը:

Կիսակառույց տունը նույնիսկ էլեկտրաֆիկացված չէ, հոսանքի լարերը միայն ներս են բերված տան հարակից բակը և օդում կախված են. «Ձմեռվա երկու ամսիներին՝ դեկտեմբերին և հունվարին ընդհանրապես մարդ չի եղել այստեղ, ծախս չի արվել և չէր էլ կարող լինել: Քանի որ շինարարությունը սկզբնական փուլում է, անհնար է այս տանը մնալը»,- պատմում է Աննա Վրթանեսյանը:

Նա պատմում է, որ տան տարածքում նոյեմբերին ընդամենը մի քանի օր վարպետներ են աշխատել: Ամսվա վերջում ծախսված էլեկտրաէներգիայի վճարը կազմել է 9 950 դրամ:

Դեկտեմբերին նույնպես, որքան էլ զարմանալի է, էլեկտրաէներգերիայի ծախսի պարտք է գոյացել: Զավեշտալի է հատկապես այն, որ պարտքը կազմել է ճիշտ նույնքան, որքան նոյեմբերին: Ավելին, ըստ ներկայացված տվյալների, թե նոյեմբերին, թե դեկտեմբերին ծախսվել է նույն ծավալով էլեկտրաէներգիա:

«Կհարցնեք՝ ինչու՞ ենք վճարել: Որովհետև տանը հիվանդ կար, խառը վիճակում էինք ու մի փոքր հույս ունեինք, որ դա կանխավճար կհամարվի, քանի որ սխալմունք է եղել»,- ասում է Աննան:

Սակայն, ոչ միայն 9 950 դրամը որպես կանխավճար չի հաշվարկվել հաջորդ ամիսների համար, այլև հունվար ամսին գրեթե նույնքան ծախս է նշվել ու պարտք գոյացել՝ 9905 դրամ:

Փետրվարի 28-ին Աննայի հետ միասին այցելեցինք ոչ բնակելի, կիսակառույց տունը: Մինչ այդ Աննան սիմվոլիկ 100 դրամի վճարում էր կատարել, որպեսզի ունենար կտրոնը, թե տվյալ պահին  որպես էլէներգիայի ծախս քանի՞ ԿՎտ է նշվել: Կտրոնում երևում է, որ փետրվարի 1-ի դրությամբ ցերեկային ծախս նշված է 7393, գիշերային ծախս՝ 2235: Սակայն փետրվարի 28-ին ֆիքսեցինք, որ հաշվիչի վրա գրանցված են բոլորվին այլ թվեր. ցերեկային ծախս՝ 6878, գիշերային՝ 2207:

Այսինքն, բացի այն, որ վճարման ներկայացված և հաշվիչի վրա երևացող թվերը միմյանց չեն համապատասխանում, այլև հաշվիչի գրանցած ծախսն ավելի փոքր է, քան շուրջ 1 ամիս առաջ վճարման համար ներկայացվածը:

Հասկանալու համար այս հանելուկի պատասխանը, Իրավաբան.net-ը մարտի 1-ին դիմեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ՓԲԸ-ին:

Ի դեպ, զավեշտալի էր նաև այն, որ մեր կողմից հաշվիչը նկարահանելուց, այնուհետև ՀԷՑ-ին դիմելուց հետո, փետրվար ամսվա էլեկտրաէներգիայի ծախսի դիմաց պարտք զրոյական է նշվել:

9810 դրամը նշված է որպես հունվար ամսվա պարտք

Փորձաքննություն. հաշվիչը ճշգրիտ է գրանցել ծախսը

ՀԷՑ-ից մարտի 13-ին ստացանք գրություն, որ բաժանորդի էլեկտրաէներգիայի հաշվիչը պետք է ենթարկվի լաբորատոր փորձաքննության:

Հաջորդ օրն իսկ բաժանորդի համաձայնությամբ հաշվիչը հանվեց, տեղադրվեց նորը: Իսկ հին հաշվիչը ենթարկվեց փորձաքննության Չափագիտության ազգային ինստիտուտում:

Փորձագետը նշեց հաշվիչի միակ խնդիրը՝ «ծրագիրը թռած է», ու բացատրեց, որ պատճառը եղել է այն, որ հաշվիչի  մարտկոցի լիցքավորումը վերջացել է, այժմ ամսաթիվը սխալ է ցույց տալիս. փորձաքննությունը կատարվում էր մարտի 14-ին, իսկ հաշվիչի վրա ամսաթիվը մարտի 10-ն էր:

Սակայն միևնույն ժամանակ փորձագետը հայտնեց, որ սա չի կարող ազդել էլեկտրաէներգիայի ծախսի հաշվարկի վրա: Այսինքն, իրականում հաշվիչը ճշգրիտ գրանցել է ծախսված էլեկտրաէներգիայի ծավալը (Մանրամասները՝ տեսանյութում):

Փորձաքննության եզրակացությամբ նույնպես ֆիքսվեցին հաշվիչի գրանցած և մեր կողմից փետրվարի 28-ին ֆիքսված հետևյալ թվերը՝ ցերեկային ծախս՝ 6878, գիշերային՝ 2207 (ապահավաքակցման ցուցմունք): Նշեցին նաև տվյալ տարածքը սպասարկող տեսուչի գրանցած և վճարման ներկայացված թվերը՝ ցերեկային ծախս՝ 7393, գիշերային ծախս՝ 2235:

Այսինքն, 543 կՎտ ավել է ներկայացվել: Արդյունքում ՀԷՑ աշխատակիցները պայմանավորվեցին, որ որ հաշվիչի գրանցած և տեսուչի կողմից վճարման ներկայացված (փորձաքննության ակտում նշված է որպես «նախավերջին») ցուցմունքների տարբերությունը կհաշվարկվի որպես կանխավճար: Իսկ այդ տարբերությունը կազմում է ավելի քան 24 հազար դրամ:

Փաստորեն, մի քանի ամիս էլեկտրաէներգիա չի ծախսվել, սակայն հաշվիչի ցուցմունքին հակառակ ամսական շուրջ 10 հազարական դրամի պարտքեր են հորինվել:

Եվ այս ամենը պարզելու համար բաժանորդը ստիպված պետք է լինի տեսուչի դեր ստանձնել, նյարդեր քայքայել, ծախսել ժամանակ, ինչու՝ ոչ նաև ֆինանսներ:

Աստղիկ Կարապետյան
Իրավաբան.net

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել