Պետական գնման մրցույթին հաղթել է 1,5 մլն դրամով թանկ առաջարկ ներկայացրած ընկերությունը

Պետական գնման մրցույթին հաղթել է 1,5 մլն դրամով թանկ առաջարկ ներկայացրած ընկերությունը

Պետական գնումների ոլորտում խնդիրները շարունակում են առկա մնալ, թեև վերջին շրջանում կատարված մի շարք բարեփոխումներին և, ինչպես ֆինանսների նախարար Վարդան Արամյանն է նշում, կատարված հեղափոխական քայլերին:

Այս տարվա փետրվարին Երևանի քաղաքապետարանը պարզեցված ընթացակարգով գնման մրցույթ է հայտարարել՝ բնակչությանը անվճար համակարգչային տոմոգրաֆիայի ծառայությունների մատուցման համար: Մրցույթի հայտ է ներկայացրել երկու մասնակից՝ «ՄԻԲՍ» ՍՊ ընկերությունը և «Սլավմեդ բժշկական կենտրոն» ՍՊ ընկերությունը:

Ի սկզբանե Երևանի քաղաքապետարանը այս ծառայությունների մատուցման համար հատկացրել է 12 միլիոն դրամ 240 հետազոտության համար:

ՄԻԲՍ ընկերության տնօրեն Արսեն Թորոսյանը  Իրավաբան.net -ի հետ զրույցում պատմում է, որ քաղաքապետարանի կայքն ուսումնասիրելիս տեսել է, որ համայնքային բյուջեից հատկացումներ են արվում բնակչությանը անվճար համակարգչային տոմոգրաֆիայի ծառայությունների մատուցման համար: Այնուհետև գրանցվել է armeps.am համակարգում, հունվարի 30-ին ստացել է մրցույթին մասնակցելու հրավերը. «Երբեք չէինք մասնակցել, բարդ պրոցես է:  Պետք է գրանցվել օնլայն, թղթեր ներկայացնել:  30 էջանոց հրավերը որ կարդացի, շոկ ապրեցի»:

Այնուամենայնիվ, բոլոր ցուցումներին հետևելով ներկայացել են հայտը:

Պետգնման մրցույթը հաղթել է ավելի բարձր գնային առաջարկ ներկայացրած ընկերությունը

«ՄԻԲՍ» ընկերությունը մրցույթին մասնակցելու գնային առաջարկ է ներկայացրել 10 560 000 դրամ, իսկ «Սլավմեդ բժշկական կենտրոն»-ը՝ 12 միլիոն դրամ, այսինքն՝ հենց այնքան, որքան քաղաքապատերանը հատկացրել է տվյալ նպատակով.

«Դա նշանակում է մի պարզ բան, որ «Սլավմեդ»-ը վստահ է եղել, որ ուրիշ հայտ չի ներկայացվելու: Որովհետև եթե որևէ մեկը գոնե մի լումա էժան գնային առաջարկ ներկայացներ, հաղթելու էր»,- նշում է Արսեն Թորոսյանը:

Իսկ ինչու՞ չի հաղթել «ՄԻԲՍ» ընկերությունը, որի գնային առաջարկը ոչ թե մեկ լումայով, այլ շուրջ 1,5 միլիոն դրամով ցածր է եղել և շահեկան համայնքային բյուջեի համար: Պատճառն իրականում տեխնիկական է:

Իրավաբան.net -ի հարցմանն ի պատասխան Երևանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը նշում է. «ԵՔ-ՊԸԾՁԲ-17/14 ծածկագրով գնման ընթացակարգի շրջանականերում «ՄԻԲՍ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված հայտը գնման ընթացակարգի գնահատող հանձնաժողովի կողմից մերժվել է գնումների ՀՀ օրենսդրական պահանջների համաձայն»:

Վահե Նիկոյանը նշում է, որ ֆինանսների նախարարության կողմից սահմանված գնման ընթացակարգերի հրավերների օրինակելի ձևերում նշվում է, որ մասնակիցը հայտով պետք է ներկայացնի միակողմանի հաստատված հայտարարություն՝ տուժանքի ձևով (հայտի ապահովում):

Հայտի ապահովումը հետևյալն է. գնման մրցույթին հայտ ներկայացնողը նաև տուժանքի պայմանագիր է ստորագրում և վճարում իր կողմից առաջարկված գնի 2 տոկոսը՝ որպես հայտի ապահովում: Այսինքն, որպես երաշխիք, որ հետագայում չի հրաժարվի պետության հետ գործարք կնքել և փաստի առաջ չի կանգնեցնի նրան:

«ՄԻԲՍ» ընկերությունը համաձայն է եղել այս պայմանին, կազմել է վճարման մասին պահանջագիրը:

Սակայն այն հայտնին չի կցել.

«Համակարգը վճարման հանձնարարագիրը չպահանջեց, բայց հայտը ընդունեց` որպես լիարժեք և վավերական: Հունվարի մեկից փոփոխություններ էին եղել ներկայացման գործընթացում և մենք կարծեցինք, որ հանձնարարագիրը այլևս պետք չէ: Այսինքն, եթե պետք էլ լիներ, ներկայացնելու տեղ էլ չկար»,- Ա. Թորոսյանը հավելում է, որ էլեկտրոնային ձևով ներկայացնելու դեպքում էլ այդ փաստաթուղթը որևէ իրավական ուժ պիտի չունենար:

Թե ինչպե՞ս մեկնաբանել իրավական նորմը

Հայտի ապահովման վերաբերյալ ֆինանսների փոխնախարար Կարեն Թամազյանը Իրավաբան.net -ին ուղղված գրության մեջ նշում է. «Նշված հրավերի II մասով սահմանված է, որ մասնակիցը «Պիտանելիության չափորոշիչ» դաշտում կցում է նաև հայտի ապահովումը՝ տուժանքի ձևով (Հավելված 9), որի 1.1 կետի համաձայն՝ վճարման պահանջագիրը հանդիսանում է տուժանքի մասին համաձայնության անբաժանելի մասը: Այսինքն, հրավերի հավելված 9-ը բաղկացած է տուժանքի մասին համաձայնության և վերջինիս կից վճարման պահանջագրի ամբողջությունից: Հետևաբար, մասնակիցը պետք է էլեկտրոնային գնումների armeps.am Համակարգ մուտքագրի ոչ միայն տուժանքի մասին համաձայնությունը, այլ նաև վերջինիս կցված վճարման պահանջագիրը»:

Այսինքն, թե քաղաքապետարանից, թե ֆինանսների նախարարությունից պնդում են, որ Հավելված 9-ը պետք է բաղկացած լիներ 2 փաստաթղթից՝ տուժանքի համաձայնագրից և վճարման պահանջագրից:

Պետական գնումների գործընթացի կազմակերպման կարգը սահմանվում է Կառավարության 2011-ի փետրվարի 10-ի 168-Ն որոշմամբ: Կարգի 44-րդ կետի 4-րդ ենթակետում նշվում է. «…հանձնաժողովը մերժում է այն հայտերը, որոնցում բացակայում են հրավերի պահանջներին համապատասխան ներկայացված գնային առաջարկը կամ հայտի ապահովումը»:

Իսկ  45-րդ կետը սահմանում է. «Եթե հայտերի բացման նիստի ընթացքում իրականացված գնահատման արդյունքում հայտերում արձանագրվում են անհամապատասխանություններ՝ հրավերի պահանջների նկատմամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ հայտում բացակայում է գնային առաջարկը կամ հայտի ապահովումը կամ գնային առաջարկը կամ հայտի ապահովումը ներկայացված է հրավերի պահանջներին անհամապատասխան, ապա հանձնաժողովը մեկ աշխատանքային օրով կասեցնում է նիստը, իսկ հանձնաժողովի քարտուղարը նույն օրը դրա մասին էլեկտրոնային եղանակով տեղեկացնում է մասնակցին՝ առաջարկելով մինչև կասեցման ժամկետի ավարտը շտկել անհամապատասխանությունը»:

Այսինքն, հայտում անհամապատասխանությունների դեպքում 1 աշխատանքային օր ժամանակ է տրվում մրցույթի մասնակցին՝ դրանք վերացնելու համար: Եվ բացառություն է արվում միայն գնման առաջարկի և հայտնի ապահովման մասով: Փոխնախարար Կարեն Թամազյանը այս հանգամանքը  բացատրում է այսպես. «Այդ բացառությունը պայմանավորված է հնարավոր հակամրցակցային համաձայնությունների զսպամն հանգամանքով»:

Սակայն «ՄԻԲՍ» ընկերության տնօրենն ընդգծում է, որ ոչ թե չի ներկայացվել հայտի ապահովումը, այլ ընդամենը դրան կից վճարման պահանջագիրը:

«Գնումների մասին» օրենքի 2-րդ հոդվածի 10-րդ կետում «հայտի ապահովումը» սահմանվում է այսպես. «Սույն օրենքով նախատեսված դեպքերում մասնակցի կողմից հայտով ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովող միջոց»:  Իսկ 29-րդ հոդվածի 1-ին մասում նշվում է, որ հայտի ապահովումը ներկայացվում է մասնակցի կողմից միակողմանի հաստատված հայտարարության` տուժանքի ձևով:

Այսինքն, օրենքով չկա սահմանում, թե հայտի ապահովումը ի՞նչ փաստաթղթից կամ փաստաթղթերից պետք է բաղկացած լինի: Եվ այս դեպքում հնարավոր է մեկնաբանել նաև այն կերպ, որ վճարման պահանջագիրը ընդամենը կից փաստաթուղթ է:   Հետևաբար, Կառավարության 168-Ն որոշմամբ սահմանված կարգի 45-րդ հոդվածի համաձայն, հանձնաժողովը մեկ աշխատանքային օրով պետք է կասեցներ նիստը և հնարավորություն տրվեր շտկել անհամապատասխանությունը:

Չկորցնել շահեկան  հնարավորությունը

Տվյալ դեպքում համայնքային բյուջեն  նույն գործարքը կատարել է շուրջ 1,5 միլիոն դրամով (շուրջ 3000 դոլարով) թանկ: Մինչդեռ առավել հստակ իրավական սահմանումների կամ տեխնիկական լուծումների դեպքում հնարավոր կլիներ առավել շահեկան գործարք կնքել: Միևնույն ժամանակ թյուրընմբռնումների տեղիք չտալ և  պետական գնումների ոլորտում անվստահության մթոնոլորտի ստեղծմանը չնպաստել:

Իրավաբան.net -ի հետ զրույցում «Փաստերի վրա հիմնված բարեփոխումների ջատագովություն» ծրագրի իրավաբան Մարիամ Զադոյանը նշում է. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ արդեն ունեցել ենք նման պրակտիկա, երբ չնչին տեխնիկական սխալի պատճառով շուրջ 1,5  միլիոն դրամի կորուստ ենք ունեցել, առաջարկում եմ armeps համակարգում փոփոխություններ նախատեսել` հնարավորինս դյուրին դարձնելով գործընթացը»:

Փորձագետն առաջարկում է փոփոխությունների երկու տարբերակ. «Առաջինի դեպքում՝  «Հավելված 9»-ը կցելիս հուշում պատկերվի, որ անհրաժեշտ է կցել և վճարման պահանջագիրը, և տուժանքի մասին համաձայնությունը: Երկրորդի դեպքում՝ վճարման պահանջագիրը և տուժանքի մասին համաձայնությունը կցելու համար առանձին տողեր սահմանվեն»:

Մարիամ Զադոյանը նշում է նաև, որ վերոնշյալ իրավիճակներից խուսափելու նպատակով` անհրաժեշտ է բացառությունը 1 օրվա ժամկետ չսահմանելու միմիայն  հայտի ապահովման և գնային առաջարկ առհասարակ չներկայացնելու դեպքերի համար և հնարավորություն ընձեռել շտկել թերի ներկայացվածը ձևական պահանջների մասով, մասնավորապես` եթե բովանդակային առումով վերջիններս կատարվել են և, առավել ևս, եթե բխում է պետության շահերից:

Սույն հետաքննությունը կատարվել է «Փաստերի վրա հիմնված բարեփոխումների ջատագովություն» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է կոնսորցիումի անդամների՝  Իրավաբանների հայկական ասոցիացիայի, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության և Եվրոպական բիզնես ասոցիացիայի կողմից ՝ Աջակցություն ՓՄՁ զարգացմանը ծրագրի ֆինանսավորմամբ:

Սույն ծրագիրն իրականացվում է «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: Այն իրականացվում է ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը հանդիսանում է Եվրոպական միության «ԵՄ-ն՝ Բիզնեսի համար» և «ԵՄ-ն՝ Նորարարության համար» նախաձեռնությունների մաս:

Աստղիկ Կարապետյան

Իրավաբան.net       

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել