Ի՞նչ կենսագրություն ունի Արա Բաբլոյանը

Այսօր ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանը առաջադրել է ԱԺ պատգամավոր Արա Բաբլոյանի թեկնածությունը, ՀՀԿ-ն այն միաձայն է ընդունել։

Իրավաբան.net-ը ձեզ է ներկայացնում Արա Բաբլոյանի կենսագրությունը.

Ծնվել է 1947թ. մայիսի 5-ին Երեւանում: 

1971թ. ավարտել է Երեւանի Մ.Հերացու անվան պետական բժշկական ինստիտուտի մանկաբուժական ֆակուլտետը: Մանկաբույժ: 1989թ. երիկամի փոխպատվաստման մասնագիտացում է անցել Շվեյցարիայում եւ Բելգիայում: Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր:

2003-2005թթ. եղել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային կոմիտեի մշտական հանձնաժողովի անդամ, 2008-2012թթ.՝ ԱՀԿ գործադիր կոմիտեի անդամ: Հայաստանի մանկական բժիշկների ասոցիացիայի նախագահն է, Եվրոպայի մանկական ուրոլոգների ընկերության, Եվրամիության մանկական վիրաբույժների ասոցիացիայի, Շվեյցարիայի նեֆրոլոգների ասոցիացիայի, Բելգիայի բժշկագիտության թագավորական ակադեմիայի անդամ: 

1970թ. եղել է Երեւանի թիվ 8 պոլիկլինիկայի ուրոլոգիական բաժնի բուժակ: 1971-1977թթ.` Երեւանի թիվ 1 մանկական կլինիկական հիվանդանոցի մանկական վիրաբույժ եւ ուրոլոգ: 1977-1997թթ.՝ ԵրՊԲԻ մանկական վիրաբուժության ամբիոնի դասախոս, 1982-1990թթ.` Երեւանի թիվ 3 մանկական կլինիկական հիվանդանոցի ուրոլոգիական բաժանմունքի վարիչ: 1990թ. հիմնադրել է ուրոնեֆրոլոգիայի եւ մանկական վիրաբուժության մասնագիտացված կենտրոն: 1991-1997թթ. եղել է ՀՀ առողջապահության նախարար: 1997 թվականից ԵրՊԲԻ մանկական վիրաբուժության ամբիոնի վարիչն է: 2002-2003թթ.` «Հանրապետական մանկական կլինիկական հիվանդանոց» ՓԲԸ տնօրեն: 2003-2007թթ.՝ «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտ» ՍՊԸ գլխավոր տնօրեն, 2007 թվականից՝ գիտական ղեկավար: 

2007-2012թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): Ազգային ժողովի առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: ՀՀԿ խմբակցության անդամ: Անկուսակցական: 

2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից: 

3 գյուտի, 7 մենագրության, 200-ից ավելի գիտական հոդվածի հեղինակ է: 

Պարգեւատրվել է ԵՊԲՀ 70- եւ 75-ամյակի ոսկե մեդալներով (2000 եւ 2005թթ., ՀՀ ԿԳՆ), Երեւանի քաղաքապետարանի պատվոգրով (2005թ.), ՀՀ Ազգային ժողովի շնորհակալագրով (2005թ.), Հայ-ֆրանսիական հարաբերությունների եւ մասնագիտական համագործակցության զարգացման համար «Ազգային արժանիքի ասպետ» շքանշանով /«Officier de I’Ordre National Du Merite»/ (2005թ., Ֆրանսիայի Հանրապետություն), «Մխիթար Հերացի» (2007թ.), «Համագործակցության ամրապնդման համար» (2007թ., ՀՀ ոստիկանություն), «ՀՀ զինված ուժեր. 20 տարի» հոբելյանական (2012թ., ՊՆ) մեդալներով: 

Ամուսնացած է, ունի երկու զավակ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել