100 մլն դրամ` մայրաքաղաքը հոլանդական վարդերով զարդարելու համար

Երևան քաղաքի ծաղկապատման նպատակով մայրաքաղաքային իշխանությունը 100 մլն դրամ կծախսի։ Այս մասին Իրավաբան.net-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրել են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Մինչ այդ քաղաքապետարանը հայտարարեց, որ մայրաքաղաքի ծաղկային տարածքների ձևավորման համար Հոլանդիայից կներկրվեն շուրջ 1.200.000 ծաղկասածիլներ. հիմնականում գեորգենի, պետունյա, խորդենի, թավշածաղիկ, սալվա և մեխակ:

Հաղորդվում էր նաև, որ այս գործընթացին գրեթե զուգահեռ` մարտի 10-ից Երևանի ջերմատնային տնտեսությունում կսկսվի ծաղկասածիլների աճեցումը, որից հետո, ապրիլի վերջին արդեն կհայտնվեն մայրաքաղաքի ծաղկանոցներում:

«Ծաղկասածիլների ձեռքբերման, փոխադրման, ինչպես նաև ջերմատնային տնտեսությունում խնամքի և սպասարկման համար նախատեսված է 100 միլիոն ՀՀ դրամ»,- ասված է քաղաքապետարանի պատասխանի մեջ։ Մանրամասնվում է նաև, որ ծաղկասածիլների ձեռքբերման համար միջոցներ են նախատեսված Երևան քաղաքի 2017թ. բյուջեի «Սիզամարգերի ստեղծում և ծաղկապատում» ծրագրով, 4819-նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին հոդվածով։

«Ծաղկասածիլներն օգտագործվելու են Երևան քաղաքի ծաղկապատման նպատակով։ Դրանք վարչական շրջաններին կմատակարարվեն մայիս ամսին, ուստի դրանց բաշխումը կիրականացվի ապրիլի 25-ից»,- տեղեկացրին վարչությունից։

Գևորգ Թոսունյան

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել