Վերաքննիչ ատյանը արդարացրեց ամբաստանյալին՝ նյութական և դատավարական իրավունքի այնպիսի խախտման հիմքով

Ղուկաս Ավագյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա Երևան քաղաքում վիճաբանել է Հարություն Թերզյանի հետ իր ընտանիքի անդամների ուղղությամբ մեքենան վարելու պատճառով, որի ընթացքում դիտավորյալ բռունցքով 2 անգամ հարվածել է վերջինիս գլխի ձախ ականջային հատվածին` պատճառելով ֆիզիկական ցավ:

Առաջին ատյանի դատարանի որոշմամբ՝ ամբաստանյալը ճանաչվել է մեղավոր ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված հանցագործության կատարման մեջ և նրա նկատմամբ պատիժ նշանակել տուգանք նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի` 50.000 ՀՀ դրամի չափով:

Պաշտպանական կողմը վերաքննիչ բողոք է բերել, գործը քննվել է դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ:

Վերաքննիչ ատյանը քննելով գործը նշել է, որ մեղադրական դատավճռի հիմքում դրված ապացույցների համակցությունը բավարար չէ ամբաստանյալին ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով մեղսագրվող հանցավոր արարքի փաստական հանգամանքները հաստատված համարելու այն ծավալով, որը կբացառի դրա ապացուցվածության վերաբերյալ ցանկացած ողջամիտ կասկած:

Ըստ դատարանի ամբաստանյալին ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքի հիմքում դրված ապացույցներն, ինչպես առանձին վերցված, այնպես էլ իրենց համակցությամբ բավարար չեն հիմնավոր հետևության հանգելու այն մասին, որ ամբաստանյալ Ղուկաս Միշայի Ավագյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված և իրեն վերագրվող արարքը:

Որպիսի պայմաններում, վերը շարադրված հանգամանքների առկայության պայմաններում, վերաքննիչ դատարանն գտնում է, որ գործի քննությամբ բավարար ապացույցներ ձեռք չեն բերվել հիմնավորված համարելու ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով մեղսագրված հանցանքի կատարման մեջ ամբաստանյալ Ղուկաս Միշայի Ավագյանի մասնակցությունը և մեղքը, սպառվել են այլ ապացույցներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները, հետևաբար առաջադրված մեղադրանքում ամբաստանյալ Ղուկաս Միշայի Ավագյանի վերաբերյալ պետք է կայացվի արդարացման դատավճիռ՝ դադարեցնելով քրեական հետապնդումը ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքում:

Հիմք ընդունելով վերոգրյալը, վերաքննիչ դատարանը գտել է, որ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը,ամբաստանյալ Ղուկաս Միշայի Ավագյանի նկատմամբ մեղադրական դատական ակտ կայացնելու հարցում հանգել է ոչ ճիշտ եզրակացության, ինչը հանգեցրել է նյութական և դատավարական իրավունքի այնպիսի խախտման, որը հիմք վիճարկվող դատական ակտը բեկանելու և ամբաստանյալ Ղուկաս Միշայի Ավագյանի նկատմամբ արդարացման դատական ակտ կայացնելու համար:

Այսպիսով դատարանը ամբաստանյալ Ղուկաս Ավագյանին ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված հանցանքի կատարման մեջ ճանաչել է անմեղ և արդարացնել է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել