Ընտրողների ցուցակների անճշտությունները վերացնելու կարգը

Յուրաքանչյուր ոք իրավունք ունի քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ ընտրողների ցուցակներում տեղ գտած անճշտությունները (այդ թվում` դիմողի անձին չվերաբերող) վերացնելու մասին դիմում ներկայացնելու լիազոր մարմին:

Լիազոր մարմինը դիմումը ստանալուց հետո՝ 5 օրվա ընթացքում, սակայն քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 7 օր առաջ, սույն օրենսգրքով սահմանված հիմքերի առկայության դեպքում ընտրողների ցուցակում վերացնում է անճշտությունները՝ այդ մասին գրավոր տեղեկացնելով դիմողին: Եթե դիմումը դիմողի անձին չի վերաբերում, ապա դիմումը բավարարելու դեպքում այդ մասին լիազոր մարմինը ծանուցում է azdarar.am համացանցային կայքի միջոցով:

Քվեարկության օրվան նախորդող 5 օրվա ընթացքում, ինչպես նաև քվեարկության օրը՝ մինչև քվեարկության ավարտը, քվեարկության օրը կազմվող ընտրողների լրացուցիչ ցուցակում իրենց ընդգրկելու մասին դիմում լիազոր մարմին ներկայացնելու իրավունք ունեն այն անձինք, որոնք՝

1) հաշվառված են համապատասխան ընտրական տեղամասի նկարագրում ընդգրկված հասցեում, սակայն դուրս են մնացել այդ ընտրական տեղամասի ընտրողների ցուցակից.

2) սույն օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում լիազոր մարմին ներկայացրել են համապատասխան ընտրական տեղամասի ցուցակում ժամանակավորապես ընդգրկվելու մասին դիմում, դիմումը չի մերժվել, սակայն նրանք չեն ընդգրկվել համապատասխան ցուցակում:

Ընտրողների ցուցակներում ընդգրկվելու մասին դիմումների վերաբերյալ որոշումները կայացվում են այնպիսի ժամկետներում, որ ընտրողը հնարավորություն ունենա մասնակցելու քվեարկությանը: Քվեարկության օրը կազմվող ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկելու մասին որոշում կայացնելու դեպքում լիազոր մարմինը տրամադրում է տեղեկանք:

Տեղամասային ընտրական հանձնաժողով ներկայացնելու ենթակա` քվեարկության օրը կազմվող ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկվելու մասին լիազոր մարմնի տեղեկանքի ձևը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Քվեարկության օրը կազմվող ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկվելու մասին լիազոր մարմնի տեղեկանքի հիման վրա ընտրողների ցուցակում լրացում կատարում է տեղամասային ընտրական հանձնաժողովը քվեարկության օրը` սույն օրենսգրքի 15-րդ հոդվածով սահմանված կարգով՝ լրացուցիչ ցուցակ կազմելու միջոցով:

Ընտրողների ցուցակների անճշտությունները վերացնելու վերաբերյալ դիմումներ տալու, դիմումները քննարկելու և ընտրողների ցուցակների անճշտությունները վերացնելու կարգը սահմանված է ՀՀ ընտրական օրենսգրքի 14-րդ հոդվածում:

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել