Աղվան Հովսեփյանը դեմ արտահայտվեց արդարադատության նախարարության նախագծին

Արդարդատության նախարարությունն առաջարկում է, որ գլխավոր դատախազությունը մինչև ապրիլի 1-ը հրապարակի կոռուպցիոն հանցագործությունների քննությունների վերաբերյալ հաղորդում մարմնի պաշտոնական կայքէջում։ Այսօր կառավարությանը ներկայացնելով համապատասխան նախագիծը արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը մանրամասնեց, որ հաղորդումը պետք է պարունակի տեղեկություններ նախորդ տարի տեղի ունեցած հանցագործությունների քննության արդյունքների վերաբերյալ, ինչպես նաև վիճակագրական տվյալներ, համեմատական վերլուծություններ ու եզրահանգումներ․ «Այն ինչ մենք ենք առաջարկում, հակակոռուպցիոն բնույթի է, կոռուպցիոն հանցագործությունների քննության արդյունքների վարաբերյալ քննությունները, վիճակագրական տվյալները, համեմատություններն ու եզրահանգումները պետք է ներկայացվեն առանձին»,- ասաց նախարարը։

Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը նշեց, որ կարգավորման առարկան ընդամենը վերաբերում է հանցագործության և նախաքննության մասին տեղեկատվության տրամադրելու գործընթացին․ «Արդեն իսկ կառավարության որոշում կա, որը կարգավորում է սա, յուրաքանչյուր ամիս, յուրաքանչյուր եռամսյակ, կիսամյակ և տարի, քննչական մարմինները դատախազություն են ներկայացնում «Ե1» ձևով նախաքննության բոլոր տվյալները, ոստիկանությունը ներկայացնում է հանցագործության մասին տվյալներ, դատախազությունը միշտ ամփոփել է այս տվյալները»,- ասաց նա՝ ընդգծելով, որ օրենքով կարգավորելու անհրաժեշտությունը չկա․ «Բացի այդ, մեթոդական ուղեցույց հասկացություն իրավական ակտերի մասին օրենքում գոյություն չունի, նման իրավական ակտ գոյություն չունի, դատախազությունն իրավունք չունի նորմատիվ ակտ ընդոնելու»,- եզրափակեց ՔԿ նախագահը։

Վարչապետ Կարեն Կարապետյանը դիմելով պարոն Հովսեփյանին առաջարկեց 3 օր ժամանակ, որպեսզի բոլոր հարցերը ճշտեն, իսկ Արփինե Հովհաննիսյանը հավելեց, որ նոր սահմանադրության լույսի ներքո օրենքով պետք է նման հարցերը կարգավորվեն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել