Իրավունք և բարոյականություն

Հայպետծառայողների միության նախագահ
Վաչե Քալաշյան
05.02-04.08.2008թ., «Իրավունք» օրաթաթերթ
ԻՐԱՎՈՒՆՔ ԵՒ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Յուրաքանչյուր ոլորտ կարգավորվում է ոչ միայն իրավական, այլ նաև բարոյական նորմերով, քանի որ իրավունքն առավելապես բնութագրում է մարդկային կյանքի արտաքին կարգավորվածության բնույթը, իսկ բարոյականությունը՝ ներքին ազատության աստիճանը: Այսպիսով, իրավական նորմերը կիրառվում են մարդու նկատմամբ դրսից` կանխորոշելով նրա վարքի կանոնները հանրային կյանքում, իսկ բարոյական նորմերը տրված են մարդու արմատական բնազդների խավում, նրա ենթագիտակցական կառույցներում և կանխորոշված են այս կամ այն էթնիկ տեսակի աշխարհընկալման մոդելով:
Պատմության այն հատվածներում, երբ հասարակական կյանքում մարդու ներքին և արտաքին աշխարհների միջև տիրել է կատարյալ ներդաշնակություն, ծնվել են մշակութային գլուխգործոցներ, որոնք հետագայում, երբ այդ ներդաշնակությունը խաթարվել է, կոչվել են դասական անվանումով: Չէ՞ որ, երբ մենք դասական երաժշտություն ենք լսում, բնավ երաժշտագետ չլինելով, այնուամենայնիվ տարբերում ենք նրանում հնչած կեղծ ձայնեղանակը, որովհետև ներդաշնակության այն կերպը, որն առկա է այդ երաժշտությունում առկա է նաև մեր ներքնաշխարհում: Այսինքն` մարդը նախևառաջ տեսնում է հոգու աչքով և նոր միայն յուրացնում, գիտակցում մտքով՝ «Մարդ ոչ միայն հացիվ կեցի, այլ և բանիվ Աստծո»: Ընդհանուր առմամբ, իրավական և բարոյական նորմերի աղբյուրները նույնն են եղել, դրանք են՝ դիցաբանությունը, աստվածաբանությունը (կրոնը), սովորույթները, տաբուները և այլն: Այլ խոսքով՝ ի սկզբանե մարդն արարել է աշխարհի մեջ, որպես նրա անբաժան մասնիկ և միևնույն ժամանակ տեսել աշխարհն իր մեջ՝ «փոքրը մեծի մեջ է, մեծը՝ փոքրի»: Հետագայում, երբ մարդկությունը մտավ ռացիոնալիզմի դարաշրջան, բարոյականությունը և իրավունքը տարանջատվեցին միմյանցից` աստիճանաբար վերածվելով հակոտնյաների, և մարդը սկսեց կորցնել աշխարհի ամբողջական ընկալումը, ուղենիշերի այն ֆունդամենտալ համակարգը, որի հիման վրա նա իմաստավորում էր իր կյանքը և կառուցում իր կենցաղը: Արդյունքում փոխվեցին գերակայությունների նվիրապետությունը, ոգի-հոգի-մարմին հիերաեխիայում որպես գերակա չափանիշ համարվեց մարմինը և, որպես հետևանք, կյանքի հիմնական արժեքը դարձավ նյութը: Աշխարհընկալման մոդելի հիմքում ընկած արժեքների այսօրինակ փոփոխությունը հանգեցրել է նրան, որ տասնամյակներ շարունակ (եթե չասենք դարեր շարունակ) մարդկությունը զբաղվել է այս կամ այն քաղաքական համակարգի միջոցով նյութական հարստության բաշխման սին ու աննպատակ գործով: Մենք բնավ հակված չենք ենթադրելու, որ ռացիոնալիզմի դարաշրջանը բնական օբյեկտիվությունից դուրս է եղել, սակայն, ինչպես և մյուս դարաշրջանները (հելլենական, վերածննդի, միջնադարյան քրիստոնեության), այն նույնպես իր տեղը պետք է զիջի հաջորդին: Խնդիրը նրա մեջ է, թե որքանով ենք պատրաստ այդ վաղվա օրվան: Թերևս այն ճգնաժամը, որն այսօր ընդգրկել է հանրապետությունը և արտաքնապես արտահայտվում է հասարակությունում տիրող ծայրաստիճան սրված բարոյահոգեբանական իրավիճակով, իրենից ներկայացնում է աշխարհում տիրող համապարփակ ճգնաժամի մասնակի դրսևորումը:
Արդ, ո՞ րն է ելքը:

Խնդրի ճշմարիտ լուծումը պետք է խարսխված լինի հայ ինքնությանը համապատսխան համակարգի վերագտնումի և իրացման վրա: Հարկ է ձերբազատվել չարիքի անձնավորումից, քանի որ ճգնաժամի բուն պատճառները համակարգային բնույթ ունեն: Հետևաբար, լուծումներն էլ պետք է փնտրել համակարգային հարթությունում:
Նոր (եթե չասենք լավ մոռացված հին) համակարգի կերտումը ենթադրում է այն ձևավորող միջանձնային կապերի արմատական վերափոխում և վերաիմաստավորում: Այսինքն, գործնական հարթության մեջ խնդրի վճռումը հանգում է մարդ-մարդ հարաբերությունները միջնորդավորող արժեքների համակարգի վերաիմաստավորմանը:
Պետք է, անտարակույս, վերագտնել մեր ազգային բարոյական օրենքները, կազմել հայ ազգային բարոյական օրենսգիրքը, որը ոչ թե վարքի և կենցաղի նորմերի հավաքածու պետք է լինի, այլ մեր էությունը խորհրդանիշերի միջոցով ներկայացնող մի կուռ համակարգ, իսկ էություն ասածը պարունակում է տվյալ տեսակի ծավալման օրինաչափությունները, ստեղծագործելու սկզբունքները և կերպը: Այլ խոսքով, ապրելակերպը նույնպես ստեղծագործություն է և արարում: Հետևաբար, բարոյական նորմերի համակարգը նաև ազգային բնութագրիչների ամբողջությունն է, և կենցաղը այս դեպքում անկասկած կդառնա էության արտաքին կողմն ու արտահայտությունը՝ որպես այդ էության ինքնաիրացում:
Պետությունը որպես էթնիկ տեսակի ինքնակազմակերպման լավագույն միջոց, կոչված է ապահովելու ազգի ինքնաիրացման տիեզերական ֆունկցիան, նրա պատմական առաքելությունը, որը կայանում է անընդհատ արարելու և առաքելու մե, ուրեմն՝ համամարդկային ստեղծագործության ակնաղբյուր լինելու մեջ: Այս առումով առավել քան երբևէ կարևորվում է ազգայինի և համամարդկայինի ներդաշնակության ապահովումը, ինչը կիրառական դաշտում հանգում է բարոյականության և իրավունքի միջև դինամիկ հավասարակշռության հաստատմանը: Ինստիտուցիոնալ առումով դա հնարավոր է իրականացնել արդարադատության ճշմարիտ համակարգի առկայության դեպքում: Ինքնին, ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ կատեգորիան էթիմոլոգիական տեսանկյունից կազմված է երկու տարաբնույթ բաղադրիչներից` ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ և ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ, եթե դրանցից առաջինը խարսխված է բարոյականության ազգային ընկալումների վրա, ապա երկրորդը օրինաչափված է համամարդկային արժեքաբանությամբ պայմանավորված` քաղաքացիական ինստիտուտի ներքին տրամաբանությանը: Նշված բաղադրիչներից որևէ մեկի գերակայությունը մյուսի նկատմամբ անմիջականորեն հանգեցնում է այլասերման և դեգրադացման: Ազգայինի ֆետիշացումը ուղղակիորեն բերում է անհատականության անտեսման ու ներքին գերարժեքությամբ պայմանավորված արտաքին սնապարծության դրսևորման, իսկ երկրորդ բաղադրիչի դոմինանտությունը ենթադրում է ազգային ինքնության արհամարհում և ներքին թերարժեքությամբ պայմանավորված արտաքին այլասիրության (օտարաֆոբության) ֆանատիկ երևակում:
Նկարագրված ծայրահեղություններից խուսափելու միջոցներից մեկն էլ կայանում է իրավունքի սեմանտիկ էությունն արտահայտող իրավական նորմի ներքին ենթակառուցվածքին համապատասխան իրավական պետության կայացման մեջ: Ակնհայտ է, որ իրավական նորմի հիպոթեզ-դիսպոզիցիա-սանկցիա եռամիասնական կառույցը երևույթական դրսևորման մեջ հանդես է գալիս օրենսդիր-գործադիր-դատական իշխանությունների տարանջատված երրորդության տեսքով: Իրավամբ, հիպոթեզը նկարագրում է վարքի նորմը, ինչը հանրային կյանքում բնորոշում է օրենսդիր մարմինը, դիսպոզիցիան ցույց է տալիս տվյալ վարքի կանոնի կիրարկման դաշտը, որը օբյեկտիվորեն հանդիսանում է գործադիր իշխանության գործառույթը, իսկ սանկցիան բնութագրում է արդեն այն միջոցները, որոնք հարկ է գործածել վարքի կանոնի խախտման դեպքում` ինչը և հանդիսանում է դատական իշխանության ուղղակի պարտականությունը: Այսպիսով, իշխանությունների տարանջատման պայմաններում դրանց ներդաշնակ փոխգործակցությունը հնարավոր է դառնում, եթե իրավունքն արտահայտող իրավական նորմը խարսխված է բարոյականության ազգային ընկալումների վրա, ինչն էլ իր հերթին հավասարակշռված է համամարդկային արժեքաբանության հետ:
Արդ` «Օրենքը – դա ընկերային մեծ ուժ է, ժողովրդական մի հզոր պաշտպանություն, երբ ծնունդ է առնում մարդկանց ներքին կյանքում եւ ապա նվաճում նրանց արտաքին կյանքը: Կատարյալ ներդաշնակություն հաստատությանց եւ մարդկանց միջեւ, հանրային իրավակարգի եւ ժողովրդի ոգեկառույցի միջև»:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել