Սնունդ մանկապարտեզներին. ի՞նչ է գնվում և ինչպե՞ս

Հանրապետության մի շարք մանկապարտեզներ արդեն իսկ հոգացել են մեկ տարվա կտրվածքով հիմնական սննդի ձեռքբերման խնդիրը: Շրջանակային գնման պայմանագրերը ուսումնասիրելիս նկատեցինք, որ միևնույն սննդատեսակները տարբեր մանկապարտեզների կողմից գնվել են էական տարբերություն ունեցող գներով, հատկապես երբ գնվում են միևնույն բնութագրիչներով ապրանքները, ավելին՝ նույն տնտեսվարողներից: Բացի այն, որ կան շուկայականից բարձր արժեքով կատարված գնումներ, կան նաև հակառակը՝ շուկայականից էականորեն էժան գնված սնունդ: Ընդհանուր սննդի ցանկցի պատահակության սկզբունքով ընտրվել են մի քանի մթերքներ:

Լոռու Մարզ
Դարպաս գյուղի մանկապարտեզը  սննդի ձեռքբերման պայմանագրեր կնքել է «Վաղինակ-փոքր» և «Սպարապետ» ՍՊ ընկերություններից:

  • Հացի  1 կգ-ի դիմաց վճարվել է 365 դրամ:
  • Առաջին կարգի, առանց ոսկորի, տավարի փափուկ մսի 1 կգը գնվել է 3000 դրամով:
  • Երկրորդ կարգի տավարի մսի համար վճարվել է 1կգ-ի դիմաց 2500 դրամ:
  • Հավի մսի 1կգ-ը գնվել է 1400 դրամով:
  • Բանան՝ 1կգ-ը 1000 դրամ:
  • Սերուցքային, 71,5-82,5% յուղայնությամբ  կարագը գնվել է 1կգ-ը 2900 դրամով:
  • Ձու՝ հատը 60 դրամ:

Ալավերդու 1-ին և 2-րդ մանկապարտեզները սնունդը ձեռք են բերել «Ալավերդու հացի գործարան» ԲԲԸ-ից և «Արման Միրզոյան» ԱՁ-ից, հետևաբար նաև միևնույն գներով:

  • Սերուցքային,  82,5%-82,9% յուղայնությամբ կարագը գնվել է 1կգ-ը 2900 դրամով:
  • Բանանը՝  1կգ-ը 950 դրամ:
  • Հավի մսի 1կգ-ը գնվել է 1450 դրամով:
  • Հացի 1 կգ-ի դիմաց վճարվել է 400 դրամ:
  • Ձու՝ հատը 65 դրամ:

Սյունիք
Կապանի 1-ին, 2-րդ,  6-րդ, 9-րդ, 10-րդ  և 13-րդ մանկապարտեզը սնունդ գնել է «Զանգեզուր հասկ», «Միլանի», «Սաս-Ար» ՍՊ ընկերություններից և «Լուսինե Քարամյան» և «Սերգեյ Մարտիրոսյան» անհատ ձեռներեցներից:

  • Հացի 1կգ-ի համար վճարվել է 350 դրամ:
  • Սերուցքային, 71,5-82,5% յուղայնությամբ կարագի 1կգ-ի համար վճարվել է 3300 դրամ:
  • Տավարի մսի 1կգ-ը գնվել է 2400 դրամով:
  • Հավի մսի 1կգ-ը՝ 1500 դրամով:
  • Ձու՝ հատը 75 դրամ:

Արարատի մարզ
Խաչփար  գյուղի «Ծիծեռնակ» մսուր-մանկապարտեզը սննդի ձեռքբերման պայմանագրեր կնքել է «ԽԱՔ» ՍՊ ընկերության, «Գալուստ Հովհաննեսյան» և «Վահան Թադևոսյան» անհատ ձեռներեցների հետ:

  • Հացի 1կգ-ի համար վճարվել է 290 դրամ,
  • Սերուցքային, 72-82,5% յուղայնությամբ կարագի 1կգ-ի համար վճարվել է 2800 դրամ:
  • Ձու՝  հատը 70 դրամ:
  • Տեղական տավարի, առանց ոսկորի, փափուկ մսի 1 կգ-ը գնվել է 2600 դրամով:
  • Հավի կրծքամսի 1կգ-ը գնվել է 2000 դրամով:

Դարակերտ  համայնքի  Հարություն  Միրզոյանի  անվան մանկապարտեզը սննդի ձեռքբերման համար պայմանագրեր կնքել է «Ռուզ-Մարտի», «Հելթի ֆուդ», «ԽԱՔ», «Սվետլաննա Աթանեսյան» ՍՊ ընկերությունների և «Վահան Թադևոսյան» ԱՁ-ի հետ:

  • Հացի 1կգ-ի համար վճարվել է 260 դրամ:
  • Սերուցքային,   71,5-82,5% յուղայնությամբ կարգի 1կգ-ի համար վճարվել է  2810 դրամ:
  • Ձու՝  հատը 60 դրամ:
  • Առանց ոսկորի տավարի փափուկ մսի 1կգ-ը գնվել է 2750 դրամով:
  • Հավի կրծքամսի 1կգ-ը գնվել է 1800 դրամով:
  • Հավի մսի 1կգ-ը՝ 1253  դրամով  (պաղեցրած,  տեղական, ամբողջական):
  • Բանանը՝  1կգ-ը 900 դրամ:

Մարմարաշեն համայնքի մանկապարտեզը գնումը կատարել է «Ռուզ-Մարտի», «Հելթի ֆուդ» ՍՊ ընկերություններից և «Վահան Թադևոսյան» ԱՁ-ից:

  • Հացի 1կգ-ի համար վճարվել է300 դրամ:
  • Տավարի ոսկրոտ մսի 1կգ-ը գնվել է 2184 դրամով:
  • Տավարի փափուկ, առանց ոսկորի մսի 1կգ-ը գնվել է 2500 դրամով:
  • Հավի մսի 1կգ-ը՝ 1300 դրամով:
  • Հավի կրծքամսի 1կգ-ը՝ 1728 դրամով:
  • Սերուցքային, 71,5-82,5% յուղայնությամբ կարագի 1կգ-ը ձեռք է բերվել 2634 դրամով:
  • Ձու՝ հատը 61,2 դրամ
  • Բանանի 1կգ-ը՝ 800 դրամով:

Կոտայք
Եղվարդի 1-ին մանկապարտեզը սննդի ձեռքբերման պայմանագրերը կնքել է «Հելթի ֆուդ», «Ֆոտոն», «Ման եղբայրներ», «Ռեդ Ֆօօդ» ՍՊ ընկերություններից:

  • «Նոր զելանդական» կամ դրան համարժեք, 71,5-82,5% յուղայնությամբ կարագի 1կգ-ը գնվել է 2500 դրամով:
  • Ձուն՝ հատը 55 դրամով:
  • Առանց ոսկորի, փափուկ տավարի մսի 1կգ-ը գնվել է 2500 դրամով:
  • Հացի 1կգ-ը գնվել է 393 դրամով:
  • Հավի մսի 1կգ-ը՝ 1400 դրամով:
  • Բանանի 1կգ-ը 900 դրամով:

Նոր Գեղիի 2-րդ մանկապարտեզը գնումներ կատարել է «Ակվամարին», «Սվետլանա Աթանեսյան» ՍՊ ընկերություններից և «ՏԻՍԱ» ՓԲԸ-ից:

  • Հացի 1կգ-ը գնվել է 250 դրամով:
  • Սերուցքային 71,5-82,5% յուղայնությամբ կարագի 1կգ-ը գնվել է  2500 դրամով:
  • Տեղական, փափուկ, առանց ոսկորի տավարի մսի 1կգ-ը գնվել է 2650 դրամով:
  • Հավի կրծքամսի 1կգ-ը՝ 1750 դրամով:
  • Ձու՝  հատը 60 դրամով:
  • Բանանի 1կգ-ը 900 դրամով:


Այսպիսով, կարող ենք նշել, որ առանձնացված մթերքներից թերևս միայն բանանն է, որ շուկայականից բարձր արժեքով է ձեռք բերվել: Համեմատության համար նշենք, որ ներկա պահին բանանի 1կգ-ը տատանվում է 600-700 դրամի սահմաններում: Մանկապարտեզները բանանը գնել են 800-1000 դրամով:

Հավի միսը և ձուն գնվել են շուկայական գնի սահմաններում՝ համապատասխանաբար 1300-1500 դրամով և 55-ից մինչև 75 դրամի սահմաններում:

Մյուս սննդամթերքները գնվել են շուկայականից ցածր գներով: Եվ, որքան ռիսկային է շուկայականից բարձր արժեքով գնվածը, այնքան էլ ռիսկային է շուկայականից ցածր արժեքով գնված ապրանքը: Օրինակ, միևնույն տեխնիկական բնութագիրն ունեցող՝ տավարի փափուկ, առանց ոսկորի և բարձր կարգի միսը գնվել է 2500-3000 դրամի սահմաններում: Մինչդեռ, մեր կողմից ֆիքսված գներով՝ բարձր կարգի տավարի ամենաէժան միսը 3200 դրամ էր: 

Նման պատկեր է նաև սերուցքային կարագի դեպքում: Միջինում  79-82 տոկոս յուղայնությամբ ամենաէժան կարագի 1կգ-ի արժեքը 3100 դրամ է: 79 տոկոսից ցածր յուղայնություն ունեցող կարագներն անհամեմատ ավելի էժան են: Այս դեպքում կարևոր է նաև, թե որ երկրի արտադրանքի մասին է խոսքը. ռուսական կարագը անհամեմատ ավելի էժան է, քան ֆինականը: Այսինքն, պետք չէ առանձնահատուկ ջանք թափել հասկանալու համար, որ շուկայում տարբեր յուղայնությամբ և տարբեր երկրների արտադրության կարագների գները կարող են էապես տարբեր լինել:

Մանկապարտեզները, ինչպես նշել ենք, գնել են 71.5-82.5 յուղայնությամբ կարագ՝ 2500-2900 դրամով, և միայն 1 դեպքում՝ 3300 դրամով:  Սակայն անհասկանալի է մնում՝ գնվել է 71.5 տոկոս յուղայնությամբ, թե 82.5 տոկոս յուղայնությամբ կարագ:

Գների բավականին ցածր լինելու վերաբերյալ չկա որևէ հիմնավորում: Կասկածելի է հատկապես այն, որ գնումները հիմնականում կատարվում են ոչ ներկրողից կամ արտադրողից, այլ վերավաճառող անձանցից: Նույնիսկ մեծաքանակ գնման դեպքում պետք է որ հստակ հիմնավորում տրվի, թե ինչպես է ձևավորվել գինը:

Եվ ամենակարևորը՝ պետական գնման փաստաթղթերում գնված ապրանքի տեխնիկական բնութագրում բացակայում են այնպիսի կարևոր տվյալներ, ինչպիսիք են արտադրող ընկերության և երկրի անվանումը, արտադրման ժամկետը, պահման ժամկետներն ու պայմանները:

Աստղիկ Կարապետյան

Իրավաբան.net     

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել