Տպավորություն էր՝ ասես ռումբ պայթեց․ Կապանի բնակիչը երկրաշարժի մասին

«Բավականին զգալի երկրաշարժ էր,- ասում է Կապանում բնակվող Անի Ասատրյանը, ով այսօր տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ եղել է շինության ներսում,- Նենց տպավորություն էր՝ ասես ռումբ պայթեցնեին անմիջապես շինության հատակին, լավ դղրդաց ու շարժեց, ընդ որում՝ երկու անգամ»։

Այս պահին Կապանի բոլոր փողոցներում մարդկանց ակտիվ շարժ է նկատվում, նրանք դուրս են եկել շենքերից՝ զգուշավորությունից դրդված․ «Եղանակը լավ է, արևի տակ նստած են մարդիկ, երևի անհանգստանում են, որ նորից նույնը չկրկնվի»։

Անիի խոսքերով՝ մի քանի տարի առաջ կրկին նմանաբնույթ ցնցումներ զգացվել են քաղաքում, այնպես որ առանձնապես խուճապային տրամադրվածություն չկա, կապանցիներն արդեն սովորել են երկրաշարժերին։

Այսօրվա երկրաշարժից քաղաքում լուրջ ավերվածություններ չեն գրանցվել․ «Մի քիչ առաջ ինձ զանգեցին ու ասացին, շինարարների թաղամասում դպրոցը կարծես թե փլուզվել է, բայց հետո պարզեցինք, որ սուտ լուր է»,- նշեց Անին։

Այս պահին  դպրոցներում դասընթացները դադարեցվել են․ «Երեխաներին ազատել են ու ուղարկել տուն»,- նշեց Անի Ասատրյանը։

Հիշեցնենք, որ ԱԻՆ-ի տվյալներով՝ այսօր՝  փետրվարի 28-ին, տեղական ժամանակով ժամը 10:17-ին (Գրինվիչի ժամանակով` 06:17) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.240 և արևելյան երկայնության 46.380աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Կապան քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 3.9 մագնիտուդով երկրաշարժ:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Կապան քաղաքում 5 բալ, Գորիս և Քաջարան քաղաքներում 4-5 բալ ուժգնությամբ:

Երկրաշարժին հաջորդել է 3.3 մագնիտուդ ուժգնությամբ մեկ հետցնցում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել