ՊԵԿ օպերատիվ-հետախուզական վարչության աշխատակիցների կողմից խոշոր կաշառքներ վերցնելու գործով ցուցմունք տվեց ամբաստանյալներից մեկը

Շուրջ 1 տարի է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է հարկային պետական ծառայության օպերատիվ-հետախուզական վարչության 6-րդ բաժնի նախկին պետ Արամ Հովսեփյանի, պետի տեղակալ Գագիկ Մազմանյանի ու երկու աշխատակիցների գործով դատավարությունը:

Համաձայն գործի նյութերի՝  նրանք տեղյակ են եղել, որ  Հատուկ քննչական ծառայության նախկին պետ Անդրանիկ Միրզոյանի սանիկը՝ «Տապինո» ընկերության տնօրեն Ռուզաննա Աբրահամյանը  հարկային տեսչություն է ներկայացրել ակնհայտ խեղաթյուրված տվյալներով հարկման հիմք հանդիսացող փաստաթղթեր և այդպիսով   չարամտորեն խուսափել է առանձնապես խոշոր չափերով հարկերը պետական բյուջե վճարելուց: Ըստ Ռուզաննա Աբրահամյանի տված ցուցմունքի՝ այդ ամենը կատարվել է իր կողմից խոշոր չափերի հասնող՝ տասնյակ հազարավոր դոլարների կաշառքներ տալու միջոցով: Հանցագործությունը կատարվել է 2007-2008 թվականներին:

Երեկ դատարանում ցուցմունք տվեց ամբաստանյալներից Գագիկ Մազմանյանը: Նա նախ նշեց, որ իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում և ինքնին անհեթեթություններ են իր դեմ նախկին գործարար Ռուզաննա Աբրահամյանի կողմից տրված ցուցմունքներն այն մասին, թե որպես կաշառք վճարել է իր հեռախոսավարձերը: Եվ, առհասարակ, ինքը չէր կարող ոչ օգնել, ոչ վնասել Ռուզաննայի բիզնեսին:

Գագիկ Մազմանյանը ներկայացրեց, որ տարբեր ժամանակաշրջաններում տարբեր պաշտոններ է զբաղեցրել պետական կառույցներում, իսկ 2008 թվականից ի վեր ընդհանրապես չի աշխատել և փորձել է զբաղվել սեփական բիզնեսով, այդ ընթացքում իրեն օգնել են նաև իր երկու երեխաները, ովքեր միջազգային խորհուրդատուներ են, ապրում են արտերկրում և մեծ գումարներ են վաստակում:

Մինչ 2004 թվականը եղել է ոստիկանությունում, հարկային ծառայությունում, 2004-2007 թվականներին աշխատել է քաղաքապետարանի անշարժ գույքի վարչության պետ: 2007 թվականի հոկտեմբերից աշխատել է հարկային պետական ծառայության օպերատիվ-հետախուզական վարչության 6-րդ բաժնի պետի տեղակալ:

Գագիկ Մազմանյանի խոսքով, հեռախոսավարձերը վճարվել են՝ որպես իր կողմից տրված պարտքի մարում: Ինքը Ռուզաննա Աբրահամյանին հանդիպել է հաշված անգամներ: Երկրորդ հանդիպումը եղել է Երևանի քաղաքապետարանում: Ամբաստանյալի պատմելով, Ռուզաննան հարբած, անհավասարակշիռ վիճակով  եկել է քաղաքապետարան, հայհոյել, ասել, որ ինչ-որ տենդեր է շահել, սակայն վերցրել են իր ձեռքից, աղմուկ բարձրացրել, ասել, թե ինքը Միրզոյանի մտերիմն է ու թե այստեղ իրեն ճանաչում է Մազմանյանը: Քաղաքապետարանի անվտանգության աշխտակիցները ցանկացել են արձանագրություն կազմել խուլիգանություն կատարելու համար, սակայն հետո ուղեկցել են Մազմանյանի մոտ: Ու նույնիսկ վերադասի կողմից հանձնարարություն է եղել, որ այդ կնոջը Մազմանյանը հանգստացնի ու ճանապարհի:

«Ես նրան ճանաչեցի իր զենքից՝ կոշիկներից: … Որ ոտքը բարձրացրեց, թե՝ կխփեմ փորիդ»,- ամբաստանյալի նկարագրությամբ՝ խոսքը սուր, բարձր կրունկներ ունեցող կոշիկների մասին է:

Նշենք, որ խոսքը վերաբերում է Հատուկ Քննչական ծառայության նախկին պետ Անդրանիկ Միրզոյանին: Ամբաստանյալի խոսքով, Ռուզաննան ասել է, որ ինքը Միրզոյանի սանիկն է: Մազմանյանը հեռախոսով խոսել է Ռուզաննայի եղբոր՝ Վահրամի հետ, հոր հետ: Նրանք էլ խնդրել են, որ հանգստացնի նրան, որ խայտառակ չլինեն:

Իսկ հաջորդ օրը Մազմանյանի մոտ եղել է Ռուզաննայի եղբայրը, ասել, որ վերջինս պարտքեր ունի, խնդիրներ կան: Մազմանյանից պարտքով գումար է խնդրել: Այդ հանդիպումից շուրջ մեկ շաբաթ անց Մազմանյանը շուրջ 5000 դոլար պարտք է տվել Վահրամին:

Մազմանյանը ցուցմունքում ընդգծեց, որ պարտքը տվել է Վահրամին ու դրա մասին Ռուզաննան չի իմացել: Ռուզաննան էլ, Վահրամն էլ հետագայում չեն էլ իմացել, որ նա տեղափոխվել է այլ աշխատանքի հարկային ծառայությունում: Ինչի մասին դատարանում փաստել է Վահրամը:

Որպես ապացույց այն բանի, որ այդ հեռախոսավարձերը վճարվել են որպես պարտքի մարում, Գագիկ Մազմանյանը հայտնեց նաև, թե 2008 թվականի դեկտեմբերին Ռուզաննան դիմել է իրեն՝ թե կզանգե՞ս Հովսեփյան Արամին: Ինքը մերժել է, սակայն եղբայրը շարունակել է հեռախոսավարձը վճարել:

2014-ի սեպտեմբերի 14-ին  Ռուզաննան զանգել է իրեն, սպառնացել, ասել, թե «Հերս մահացավ, ձեր պատճառով կախվեց: Բոլորդ կաշառակեր եք»: Մազմանյանը վրդովվել է այդ մեղադրանքներից, ասել, թե գնում է նրա տուն: Ու գնացել է: Ռուզաննայի մայրն է դիմավորել նրան, ասել, թե աղջիկը տանը չէ ու թե Ռուզաննան հազարվոր դոլարների կաշառքներ է տվել իրենց: Ինքն էլ պատասխանել է, թե ուրեմն դրա համար Ռուզանի տեղը բանտում է:

Մազմանյանի խոսքով, իրականում Ռուզաննան իրականում տանն է եղել ու լսել է այդ խոսակցությունը: Ու հասկացել է, որ իր այդ վերջին խոսքի համար էլ Ռուզաննան իր դեմ ցուցմունք է տվել: Ի դեպ, Ռուզաննա Աբրահմյանը, ըստ ամբաստանյալի, շուրջ 20 պաշտոնյայի դեմ ցուցմունք է տվել:

Ամբաստանյալ Գագիկ Մազմանյանը, օգտվելով իր իրավունքից, հրաժարվեց մեղադրյալի հարցերին պատասխանել: Ասաց, թե վիրավորված է ու եթե մեղադրողը գործի նյութերին ծանոթանար, իրեն բաց կթողներ: (Գագիկ Մազմանյանի հանդեպ խափանման միջոց է ընտրված կալանավորումը):

Գործով նախագահող դատավոր՝ Արշակ Վարդանյանի հարցերին սակայն ամբաստանյալը չհրաժարվեց պատասխանել: Դատավորի հարցերից մեկը վերաբերում էր, թե արդյո՞ք ինքը ճշտել է, որ Ռուզաննան իսկապես Անդրանիկ Միրզոյանի  սանիկն է: Պատասխանեց, որ չի ճշտել: Իսկ այն հարցին, թե ինչու՞ է  պարտքով գումար տվել Ռուզաննայի եղբորը, ում ընդամենը մեկ շաբաթ էր ճանաչում, ասաց, որ հանձնարարական է ունեցել, որ  այդ խնդիրը լուծվի, որ այդ կինը նորից չգա, պատմություն չի լինի: Եվ ինքն էլ ընդամենը փորձել է օգնել:

Հաջորդ դատական նիստին կշարունակվի այս ամբաստանյալի  հարցաքննությունը:

 Իրավաբան.net     

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել