Սահմանվել է մանկաբարձ-գինեկոլոգների թեստավորման անցողիկ շեմը

Ծննդօգնության ծառայության բարելավման, ինչպես նաև մայրական մահացության ցուցանիշի կրճատման նպատակով, ի թիվս իրականացվող բազմաթիվ աշխատանքների հանրապետության ստացիոնար բուժհաստատություններում աշխատող մանկաբարձ-գինեկոլոգների գիտելիքները գնահատելու նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգի ղեկավարությամբ, որում ընդգրկվել են նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության, ինչպես նաև հանրապետության առաջատար մասնագետներ։

Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից:

Բժշկական հաստատությունների հետ կնքված պետական պատվերի պայմանագրերում ներառված կետերի համաձայն բժշկական հաստատության տնօրինությունը պարտավոր է կազմակերպչական աշխատանքներ իրականացնել բուժաշխատողների գիտելիքների ու գործնական հմտությունների գնահատման համար։ Իսկ նախարարությունն իրավասու է իրականացնելու գիտելիքների ստուգման գործընթաց և գիտելիքների գնահատման արդյունքների հիման վրա տնօրինությանը ներկայացնել հանձնարարականներ։

Թափանցիկության ապահովման և սուբյեկտիվիզմից զերծ մնալու նպատակով նախարար Լևոն Ալթունյանի հանձնարարությամբ թեստավորումը կանցկացվի էլեկտրոնային եղանակով։ Արդեն կազմվել են գիտելիքների գնահատման 200 թեստով էլեկտրոնային բազա և համակարգչային ծրագիր: Թեստավորվող 471 մանկաբարձ-գինեկոլոգները (որից 213-ը` մարզերից) գրավոր պետք է պատասխանեն ծրագրի պատահական ընտրությամբ հանված 40 հարցի։

Հինգ անդամից կազմված հանձնաժողովը Վերատադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտում առանձնացված և տեխնիկապես հագեցված սենյակում օրական կթեստավորի 10 մանկաբարձ-գինեկոլոգի: Թեստավորվողը հարցերի պատասխանները կլրացնի գնահատման թերթիկում, որը կվավերացվի իր և հանձնաժողովի անդամների ստորագրություններով: Այնուհետև թեստավորվողի պատասխանները կհամեմատվեն ճիշտ պատասխանների հետ և կտրվի գնահատական: Ողջ գործընթացը կտեսանկարահանվի։

 Նշենք, որ անցողիկ շեմը 40 հարցից 36 ճիշտ պատախանն է կամ 90%-ի ճշգրտությունը: Շեմը չհաղթահարած մանկաբարձ-գինեկոլոգներին կրկնակի թեստավորման համար կտրվի 3ամիս ժամանակ։

 Իրավաբան.net     

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել