Մենք էլ ենք մտածում, որ այդ տղան դրսում լինի. Գալուստ Սահակյանը՝ Հաց բերողի մասին

ԱԺ նիստի ընթացքում այսօր Հայկական վերածնունդ կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին հարց ուղղեց «Հաց բերող» Արթուր Սարգսյանի մասին:

«Ողջ համացանցը գրում է, որ նա առողջական վատ վիճակում է գտնվում: Ի՞նչ հանցագործություն է արել, որ նա մինչև այսօր ձերբակալված է»:

Գալուստ Սահակյանը նրան պատասխանեց. «Մենք էլ ենք մտածում այդ մասին, մենք էլ ենք մտածում այդ խնդիրը այնպես լինի, որ այդ տղան դրսում լինի»:

Նիստի ընթացքում Ելք դաշինքի անդամ Էդմոն Մարուքյանը հանդես եկավ հայտարարությամբ, որով հայտնեց, որ առավոյան Նիկոլ Փաշինյանի հետ միասին ՔԿՀ են այցելել:

«Նրա կյանքը փրկելու միակ միջոցը խափանման միջոցը փոխելն է, ինչի համար էլ միջնորդություն ենք ներկայացրել՝ անձնական երաշխավորմամբ: Եթե մեր գործընկերներ պատգամավորները կցանկանալ մեզ միանալ, կարող ենք միասին միջնորդությունը ներկայացնել գլխավոր դատախազին»,-նշեց պատգամավորը:

Նրան միանգամից արձագանքեց Տիգրան Ուրիխանյանը՝ հաստատելով իր մասնակցությունը:

Հայտարարությանը մեկնաբանեց նաև Հեղինե Բիշարյանը. «Միանշանակ մեր խմբակցությունը կմիանա ստորագրահավաքին: Մեր բոլորի աչքի առաջ է եղել այդ քայլն ու առհասարական կհորդորեի ոչ միայն խափանման միջոցը փոխել, այլ առհասարակ դնել նրա ազատ արձակման հարցը: Մարդը միայն հաց է տարել և ոչ մի կապ չի ունեցել Սասնա ծռերի գործողությունների հետ»:

Նշենք որ Արթուր Սարգսյանն արդեն 17 օր է հացադուլի մեջ է:

Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը մեղադրվում է «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ: Նա ազատ էր արձակվել 2016 թվականի դեկտեմբերի 31-ին՝ ազատազրկման հետ անհամատեղելի հիվանդություն ունենալու պատճառով: Սակայն փետրվարի 9-ին կրկին կալանավորվել էր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել