«Ոնց որ զոռով եք նախագիծը բերել»․վարչապետը՝ ոստիկանությանը

Կառավարությունն այսօր հավանություն տվեց Ճանապարհային ոստիկանության համակարգի բարեփոխումների հայեցակարգին, ինչպես նաև առաջարկեց Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմիններին՝ հայեցակարգի շրջանակներում Երևան քաղաքում իրականացման ենթակա միջոցառումներն իրականացնել նաև մյուս համայնքներում:

Նախագիծը ներկայացրեց ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը՝ ասելով, որ այն նախապատրաստվել է նախագահի հանձնարարականների հիման վրա։ նախագծում ներկայացվում են ճանապարհային երթևերկության ոլորտում առկա խնդիրներն ու իրավիճակը, իրականացվելիք բարեփոխումների հիմնական ուղղություններն ու քաղաքականությունը․ «Բարեփոխումները նախատեսվում են իրականացնել 4 հիմնական ուղղություններով, առաջինը՝ վարչական իրավախատումների վերաբերյալ գործերով վարույթի իարկանացնում, որոշումների կայացում, վարչական տույժերի կատարում, երկրորդը՝ օպերատիվ կառավարման կենտրոն, ճանապարհային պատահարների գրանցում, երրորդը՝ ճանապարհային երթևեկության կազմակերպում և չորրորդը տրանսպորտային միջոցների պետական գրանցում, հաշվառում, վարորդական վկայականների հատկացում»,- ասաց ոստիկանապետի տեղակալը՝ մանրամասնելով, որ ընդհանուր առմամբ նախատեսվում է իրականացնել բարեփոխումներին ուղղված թվով 24 միջոցառումներ։

Պարոն Եղիազարյանը նշեց, որ միջոցառումների ցանկը հնարավոր է լրացնել, վերամշակել ու փոփոխել ժամկետներն, այսինքն՝ սեղանին դրված չէ քարացած փաստաթուղթ․ «Բոլոր ջանքերն ուղղված են լինելու բնակչությանը մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, կոռուպցիոն ռիսկերի նվազմանը, ճանապարհային պատահարների թվի ու հետևանքների նվազեցմանը, արդյունքում ակնկալում ենք, որ շոշափելի արդյունք կունենանք ու դրական արձագանք հասարակության շրջանում»,- եզրափակեց ոստիկանապետի տեղակալը։

«Մեր քաղաքացիների համար ի՞նչն է փոխվել»,- հարցրեց վարչապետ Կարեն Կարապետյանը, իսկ ոստիկանության ներկայացուցիչը պատասխանեց, որ նախ թեթևացվում է վարչական բեռը․ «Բավականին դյուրինացնում ենք փողոցային երթևեկության կանոնները, որտեղ հնարավոր է իրականացնել, տրանսպորտային հոսքերն ենք ավելի հստակ վերահսկում, կարողանում ենք փոփոխություններ իրականացնել․․․»,- պարոն Եղիազարյանը ցանկանում էր շարունակել, սակայն վարչապետը երկրորդ հարցը տվեց․ «Վարչական բեռը, որ ասում եք, ի՞նչ նկատի ուենք»,- ինչին ի պատասխան ոստիկանապետի տեղակալը մանրամասնեց․ «Արդեն մեծ փաթեթ էր ներկայացվել արդարադատության նախարարության կողմից, մենք այդ տենդենցը շարունակում են, մասնավորապես նախկին տուգանքների վրա, երբ 50 տոկոսն ավելանում էր, դա նվազեցվում է երկու անգամ, 25 տոկոս է դառնում»,- ասաց պարոն Եղիազարյանը՝ մոռանալով, որ այս մոտեցումն արդեն իսկ ամրագրվել է ՎԻՎ օրենսգրքի փոփոխության նախագծում։

«Նվազեցնում ենք, թե հանում ենք»,- հետաքրքրվեց վարչապետը․ «Մենք նվազեցնում ենք երկու անգամ»,- կրկնեց պարոն Եղիազարյանը, վարչապետը կրկնեց հարցը․ «Թե հանում եք, մեր քաղաքացիներին դա է հետաքրքրում»,- ոստիկանապետի տեղակալը կրկին նույն պատասխանը տվեց, վարչապետը կրկնեց հարցը, որից հետո միայն պարոն Եղիազարյանը ուսումնասիրեց նախագիծն ու պարզեց, որ հանում են, ոչ թե նվազեցնում․ «Ոնց որ սրտով չեք հանում, հեչ ոնց որ ցանկանալով չեք հանում, ոնց որ զոռով եք այս բանը բերել»,- կատակեց վարչապետը։

Նախագիծն այստեղ՝

Ճանապարհային ոստիկանության համակարգի բարեփոխումների հայեցակարգին հավանություն տալու և դրանից բխող միջոցառումների իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել