Ես նրանց աշխատանքը չեմ տեսել․ պատգամավորը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի մասին

ՀՀ Ազգային ժողովի պատգմավոր Արամ Մանուկյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ տեղյակ չէ «Կոռուպցիայի կանխարգելման և էթիկայի հանձնաժողովի մասին» նոր նախագծի վերաբերյալ։

Այս նախագիծը փետրվարի 3-ից 18-ը հանրային քննարկման է դրվել e-draft.am օրենքների նախագծերի հանրային հարթակի միջոցով, պարոն Մանուկյանը կայքի մասին նույնպես առաջին անգամ էր լսում։

Նոր նախագծով ներկայումս գործող բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը փորձում են անվանափոխել ու դրա լիազորություններն ընդլայնել՝ նույնությամբ թողնելով անդամների ընտրության հարցը, ըստ նախագծի՝ հանձնաժողովի անդամներին նշանակում է ՀՀ նախագահը` Ազգային ժողովի նախագահի, վարչապետի, սահմանադրական դատարանի նախագահի, վճռաբեկ դատարանի նախագահի, գլխավոր դատախազի ներկայացմամբ` յուրաքանչյուրը մեկական անդամ սկզբունքով` վեց տարի ժամկետով:

«Բացառվում է, որ այս մարմինը անկախ համարվի ու գործի, առավել ևս պառլամենտական համակարգի պարագայում։ Իմ մոտեցումն է, որ պետք է հավասարապես մասնակցեն քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, այս համակարգը պետք է վստահություն ներշնչի, իշխանությունը չի կարող ինքն իրեն վերահսկել»,- ասում է պարոն Մանուկյանը և բերում Հայաստանում գործած հակակոռուպցիոն խորհուրդների օրինակը․ «Կառավարության կյազմում քանի՞ անգամ է եղել հակակոռուպցիոն անկախ հանձնաժողով, բայց այդ հանձնաժողովները միշտ ղեկավարել է վարչապետը կամ ֆինանսների նախարարը, անլուրջ է»,- նշեց պատգամավորը։

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի գործունեության մասին խոսելիս պարոն Մանուկյանը անկեղծ է արտահայտվում․ «Ես նրանց աշխատանքը չեմ տեսել, այդտեղ կա քաղաքական էլեմենտ, նրանք միայն այդ թղթերն են լրացնում, ավելին ասեմ՝ հինգ տարվա մեջ այդ մարմինը հանդես չի եկել որևէ բացահայտմամբ, որևէ աղմուկ բարձրացնել, անհամապատասխանություն գտներ։ Այս մարմինը չդարձավ ու չի էլ կարող դառնալ արդյունավետ գործող, ինչպե՞ս կարող է նախագահականում նստած ու թղթային ֆունկցիա ունեցող մարմինը կոռուպցիայի դեմ պայքարի»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել