ՊՆ իրավաբանական վարչության նախկին պետը պետք է պատասխանատվության կանչվի

Պաշտպանության նախարարության իրավաբանական վարչության պետ Սեդրակ Սեդրակյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից. այս տեղեկությունը  Իրավաբան.net-ի հետ զրույցում հաստատեց պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը մեզ հետ զրույցում հետաքրքիր տեղեկություն հայտնեց՝ այս դեպքի հետ կապված: Տիկին Բախշյանը  պարզել է, որ Սեդրակ Սեդրակյանը ՊՆ-ում պաշտոնը զբաղեցրել է որպես քաղծառայող, և միևնույն ժամանակ 2002 թվականից ի վեր եղել է «Մարտիկ» հիմնադրամի գործադիր տնօրենը և, բնականաբար, աշխատավարձ է ստացել որպես հիմնադրամի տնօրեն:

«Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասում նշվում է. «Քաղաքացիական ծառայողն իրավունք չունի` ա) կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական, ստեղծագործական և ընտրական հանձնաժողովի անդամի կարգավիճակից բխող աշխատանքից»:

Հիմնադրամի տնօրեն լինելը, ինչպես նկատելի է, ոչ գիտական, ոչ մանկավարժական, ոչ ստեղծագործական, ոչ էլ ընտրական հանձնաժողովի անդամի աշխատանք է:

Իրավաբան.net-ին Անահիտ Բախշյանը հայտնեց, որ շուրջ 15 օր առաջ այս կապակցությամբ դիմում է ուղարկվել Քաղծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանին, սակայն դեռևս որևէ պատասխան չի ստացվել նրա կողմից: Իսկ ահա օրեր անց տեղեկացել է Սեդրակ Սեդրակյանի պաշտոնից ազատվելու մասին:

Սակայն տիկին Բախշյանի խոսքով, Մանվել Բադալյանը պետք է բացատրություն տա, թե «ինչպե՞ս է նայում այս ապօրինությանը», որ Սեդրակ Սեդրակյանը 16 տարի անօրեն կերպով աշխատավարձ է ստացել:

Մյուս կողմից պետք է պատասխանատվության կանչվի նաև Սեդրակ Սեդրակյանը:

Աստղիկ Կարապետյան
 Իրավաբան.net     

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել