Հակակոռուպցիոն պայքարում հաջողություն հասնելու համար պետք է ընդգրկել ՀԿ-ներին

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն ստեղծման օրվանից առ այսօր այդպես էլ չկարողացավ ապացուցել, որ գործել է արդյունավետ։ Ոլորտի մասնագետներն ու փաստաբանները գտնում են, որ հայտարարագրման ոլորտում այս մարմինը էական առաջընթաց չի արձանագրել, էլ չենք խոսում՝ կոռուպցիայի դեմ պայքարի մասին։

Նշենք, որ մշակվել է «Կոռուպցիայի կանխարգելման և էթիկայի հանձնաժողովի մասին» օրենքի նախագիծ, որն էլ փետրվարի 3-ից 18-ը հանրային քննարկման է դրվել e-draft.am օրենքների նախագծերի հանրային հարթակի միջոցով։ Նախագծով առաջարկվում է էթիկայի հանձնաժողովի հիմքի վրա ստեղծել նոր մարմին՝ վերնագրում ավելացնելով կոռուպցիայի կանխարգելում արտահայտությունը, ինչպես նաև մեծացնել այս մարմնի լիազորություններն ու ֆինանսավորումը։

Սակայն մասնագետները վստահ են՝ այս փոփոխությունների կարիքը չկա, քանի որ հանձնաժողովն չի ապացուցել իր արդյունավետությունը․ «Չեմ գտնում, որ նրանք արդյունավետ են աշխատում, պաշտոնատար անձանց գույքագրումների և հայտարարագրերի առումով որևէ առաջխաղացում չեմ նկատել»,- մեզ հետ զրույցում ասաց փաստաբան Արա Ղարագյոզյանը։

Արա Ղարագյոզյանը այս օրենքի հանրային քննարկումներին չի մասնակցել, չի մասնակցել նաև «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սաթիկ Բադեյանը։ Նախագիծը բավականին սահմանափակ ժամկետներով է հանրային քննարկման դրվել, մյուս կողմից էլ e-draft.am կայքը վերջերս է գործում և ծանոթ չէ հանրության լայն շրջանակներին։

Ըստ նախագծի՝ նոր հանձնաժողովի անդամներին է նշանակելու նախագահը, Սաթիկ Բադեյանը գտնում է, որ նման կարգով հնարավոր չէ ապահովել մարմնի անկախությունը, նրա հետ համակարծիք է նաև Արա Ղարագյոզյանը, վերջինս մեզ հետ զրույցում ասաց․ «Այն մարմինը, որը ստեղծվում է նախագահի կողմից, չի կարող անկախ լինել։ Նախ այդ մարմնում պետք է լինեն հասարակական կազմակերպությունները, որոնք որ փորձ ունեն կոռուպցիայի դեմ պայքարում, այս ՀԿ-ների ներկայացուցիչները պետք է ձայնի իրավունք ունենան։ Եթե ցանկանում ենք մարմնի անկախությունն ապահովել, ապա պետք է այնպես անել, որ այն որևէ կախվածություն չունենա պետական մարմիններից»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Անդրադառնալով հանձնաժողովի գործունեությանը Սաթիկ Բադեյանը շեշտեց, որ կոռուպցիայի դեմ պայքարում այն գործոն չի եղել․ «Իրականում, հանձնաժողովը հաջողություններ չի արձանագրել կոռուպցիայի դեմ պայքարում, եթե որևէ առաջխաղացումներ ու արդյունքներ կան, ապա դրանք շոշափելի չեն»,- ընդգծեց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել