Մաքսակետում բեռնատարի թաքստոցում հայտնաբերել են շուրջ 25 արկղ օղի. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության վարչությունն օրերս մաքսային կանոնների խախտման հերթական խոշոր փորձն է կանխել:

Այս մասին հայտնում են ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Այսպես, փետրվարի 16-ին «Գոգավան-Պրիվոլնոյե» մաքսակետում ՊԵԿ աշխատակիցները «Rapiskan» ռենտգեն համակարգով զննման են ենթարկել Ռուսաստանից Հայաստան տեղափոխվող «Ռոզա-Անի» ՍՊԸ-ին պատկանող բեռը և խոշոր խախտում արձանագրել:

«Իրացնելով օպերատիվ տվյալները, ռենտգեն հետազոտության արդյունքում պարզվել է, որ հայտարարագրված ավելի քան 20 տոննա գիպսաստվարաթղթային սալիկից բացի, բեռնատարում մաքսային հսկողությունից թաքցված այլ ապրանք ևս կա՝ 25 արկղ, շուրջ 270 լիտր օղի»,-տեղեկացրել է ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության պետ Գեղամ Մովսիսյանը:

Անհրաժեշտ է նշել, որ ալկոհոլային խմիչքները պարտադիր ենթակա են ՀՀ ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորման, մինչդեռ չհայտարարագրված օղիների վրա ոչ միայն բացակայում էին ՀՀ դրոշմանիշերն, այլև դրանց գերակշիռ մասը ներկրվել էր առանց ՌԴ ակցիզային դրոշմանիշերի:

Դեպքի առթիվ Մաքսային օրենսգրքի 203 հոդվածի համաձայն, կազմվել է համապատասխան արձանագրություն՝ ապրանքները և տրանսպորտային միջոցները չհայտարարագրելու վերաբերյալ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել