Խնդիրը հանրային շահի սպասարկման տրամաբանության շրջանակներում գործելն է. Կարեն Զադոյան

«Մեր խնդիրն է, որպեսզի պետական իշխանությունն ու հանրությունը գործեն մեկ՝ հանրային շահի սպասարկման տրամաբանության շրջանակներում»,- այսօր մշակույթի նախարարի հետ հանդիպմանն ասաց Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը:

Հանդիպման նպատակը «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ներկայացումն էր և դրա շրջանակներում համագործակցության եզրեր գտնելը: Հանդիպմանը ներկա էին նաև փոխնախարարներ Արթուր Պողոսյանը, Արև Սամուելյանը, Ներսես Տեր-Վարդանյանը, աշխատակազմի ղեկավար Սամվել Մուրադյանը, «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ներկայացուցիչներ՝ «ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ գործադիր տնօրեն Ալեքսանդր Շագաֆյանը և ծրագրի ԵՄ փորձագետ Քարլ Ուլբրիխտը:

Կարեն Զադոյանը նշեց, որ 34 ամիս տևողությամբ ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է 6 հասարակական կազմակերպություններից բաղկացած կոնսորցիումի կողմից, որը ղեկավարում է Իրավաբանների հայկական ասոցիացիան:

Ծրագիրն ունենալու է թիրախային 9 ոլորտ, որից երեքն արդեն իսկ հաստատվել են (արդարադատություն, կրթություն, բիզնես), մյուս ոլորտների վերաբերյալ ուսումնասիրություններ են իրականացվում, հանդիպումներ են լինում պետական տարբեր գերատեսչությունների պատասխանատուների հետ՝ խնդիրների վերհանման և քարտեզագրելու ուղղությամբ:

Կարեն Զադոյանի խոսքով, ծրագրի գլխավոր նպատակը քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների զարգացումն է. «Հասարակական կազմակերպությունների խնդիրը ոչ միայն բացերի մասին խոսելն է, այլև դրանց ուղղված լուծումներ առաջարկելն ու օգնելը պետությանը, եթե կա ներուժ: Պետք է ՔՀԿ-ների կարողությունները այնպես զարգացնենք, որ նրանք ոլորտային լուրջ գործընկերներ դառնան պետությանը»:

Նա նշեց, որ այս ծրագրի համար հիմք է ընդունվելու Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից իրականացված մեկ այլ ծրագիր, որը մեծ հաջողություն ու դրական արդյունքներ է ունեցել. խոսքը վերաբերում է «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրին, որի շրջանակներում կառավարությանը ներկայացվել են օրենսդրական երեք առաջարկներ և ընդունվել են:

«Հաջողության գաղտնիքն այն է, որ տրամադրվել է որակյալ փորձագիտական օժանդակություն, որը բավարարում է կառավարության պահանջներին»,- ասաց Կ. Զադոյանը: Նշենք, որ խոսքը վերաբերում է ապօրինի հարստացման քրեականացման, հակակոռուպցիոն անկախ մարմնի և ազդարարաների ինստիտուտների ներդրմանը:

Հանդիպման ընթացքում նախարարն ու փոխնախարարները ներկայացրեցին իրենց ոլորտում առկա որոշ խնդիրներ, նշեցին, որ նախարարությունը ներկայումս էլ լայնածավալ աշխատանքներ է իրականացնում հենց հասարակական կազմակերպությունների միջոցով:

Նախարար Արմեն Ամիրյանը, ըմբռնելով ծրագրի կարևորությունը, պատրաստակամություն հայտնեց համագործակցության և նշեց, որ ուրախ կլինեն, եթե ծրագրի 9 թիրախային ոլորտներից մեկն ընտրվի մշակույթը:

Հիշեցնենք, որ  Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն կյանքի է կոչվելու Իրավաբանների հայկական ասոցիացիայի և գործընկերներ կազմակերպությունների  «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիան և Հայաստանի համայնքների միության հետ:

Աստղիկ Կարապետյան
Ալեքսանդր Սարգսյան

 Իրավաբան.net     

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել