Ի՞նչ կարգով է հաշվարկվում աշխատանքային կենսաթոշակի չափը

Պետական կենսաթոշակների մասին ՀՀ օրենքի համաձայն՝  աշխատանքային կենսաթոշակի չափը հիմնական կենսաթոշակի չափի և կենսաթոշակի աշխատանքային մասի գումարն է:

Կենսաթոշակի աշխատանքային մասը աշխատանքային ստաժի տարիների, աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքի և կենսաթոշակառուի անձնական գործակցի արտադրյալն է:

Մինչև 10 տարվա (ներառյալ) աշխատանքային ստաժի առկայության դեպքում աշխատանքային կենսաթոշակը հաշվարկվում է Կ=Հ+ (Ս X Ա) X Գ բանաձևով, իսկ 10 տարուց ավելի աշխատանքային ստաժի առկայության դեպքում՝ Կ=Հ+ (10 X Ա+(Ս-10) X Ա1) X Գ բանաձևով, որտեղ`

Կ-ն կենսաթոշակի ամսական գումարն է,

Հ-ն` հիմնական կենսաթոշակի չափը,

Ս-ն` աշխատանքային ստաժի տարիները,

Ա-ն` մինչև 10 տարվա (ներառյալ) աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը,

Ա1-ը՝ 10 տարին գերազանցող աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը,

Գ-ն` կենսաթոշակառուի անձնական գործակիցը:

 Կենսաթոշակառուի անձնական գործակիցը սահմանվում է`

1) մինչև 10 տարվա (ներառյալ) աշխատանքային ստաժի մեկ տարվա համար` 0,1.

2) 11-ից մինչև 40 տարվա (ներառյալ) աշխատանքային ստաժի մեկ տարվա համար` 0,01.

3) 40 տարուց ավելի աշխատանքային ստաժի մեկ տարվա համար` 0,02:

Կենսաթոշակառուի անձնական գործակիցը հաշվարկվում է`

ա) մինչև 10 տարվա (ներառյալ) ստաժի առկայության դեպքում` Գ=0,1 X Ս բանաձևով.

բ) 11-ից մինչև 40 տարվա (ներառյալ) աշխատանքային ստաժի առկայության դեպքում` Գ=1+0,01 X (Ս-10) բանաձևով.

գ) 40 տարուց ավելի աշխատանքային ստաժի առկայության դեպքում` Գ=1.3+0,02 X (Ս-40) բանաձևով:

Կենսաթոշակառուի անձնական գործակիցը չի կարող գերազանցել 2-ը:

1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված անձանց աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելիս աշխատանքային ստաժում հաշվառվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված աշխատանքային և այլ գործունեության` մինչև 2014 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածները, բացառությամբ կենսաթոշակառուի անձնական գործակիցը հաշվարկելու դեպքի:

Կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակի չափը ընտանիքի` այդ կենսաթոշակի իրավունքն ունեցող անդամներից յուրաքանչյուրի համար հաշվարկվում է հետևյալ կերպ. հիմնական կենսաթոշակի չափին գումարվում է մահացած կերակրողի հաշվարկված (ենթադրյալ) կենսաթոշակի աշխատանքային մասի 50 տոկոսը:

Երկու ծնողին կորցրած մինչև 18 տարեկան յուրաքանչյուր երեխայի` կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկվում է հետևյալ կերպ. հիմնական կենսաթոշակի չափի հնգապատիկին գումարվում է մահացած յուրաքանչյուր ծնողի հաշվարկված (ենթադրյալ) կենսաթոշակի աշխատանքային մասի 50 տոկոսը:

Երկու ծնողին կորցրած և առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորող 18-ից մինչև 23 տարեկան զավակի` կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկվում է սույն մասի երկրորդ պարբերությամբ սահմանված կարգով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել