Փաստաբանների պալատի ֆինանսական շրջանառությունը մեծ չէ և հեշտ է այն վերահսկելը. Արա Զոհրաբյան

Փետրվարի 11-ին Փաստաբանների պալատի խորհրդի ընտրություններն են լինելու: Խորհրդի անդամ լինելու համար  39 փաստաբանի թեկնածություն է առաջադրվել: Թեկնածուները պայքարելու են խորհրդի 12 տեղ համար: Այս առիթով Իրավաբան.netը զրուցել է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի հետ.

-Պարոն Զոհրաբյան, երկու օրից ՓՊ խորհրդի ընտրություններն են, Դուք ի՞նչ կերպով եք  մասակցելու/հետևելու գործընթացին: 

-Նախ կազմակերպչական և տեխնիկական մասով օժանդակելու ենք հաշվիչ հանձնաժողովի աշխատանքներին։ Ընտրախցիկները այնպես են պատրաստված, որ հնարավոր չի լինելու տեսնել, թե  ով ում է ընտրում։ Ընտրության օրը տեսանկարահանելու ենք ամբողջ ընտրական գործընթացը, այդ թվում նաև քվեները հաշվելու հատվածը։ Եվ, իհարկե, որպես ընտրող քվեարկության օրը նույնպես կատարելու եմ իմ ընտրությունը։

-Ի՞նչ եք կարծում այս ներքին լարվածությունները կհաղթահարվեն նոր խորհրդի  ընտրությունից հետո:

-Մենք ունենք 1779 փաստաբան, իսկ դա նշանակում է, որ առնվազն այդքան կարծիք կա։ Տարաձայնություններ միշտ էլ կարող են լինել։ Մի քանի հոգու կամ խմբի անհանդուրժողական կամ չհամընկնող վերաբերմունքը չի կարելի գնահատել որպես մասշտաբային լարվածություն։ Փաստերը վկայում են, որ այդ լարվածությունը անձնավորված է և ոչ ինստիտուցիոնալ։ Փաստաբանների պալատը անկախ է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից և անկախ է նաև մի խումբ փաստաբաններից։ Չեն կարող մի քանի փաստաբան Փաստաբանների պալատին ցնցումների ենթարկել, հակառակ դեպքում մենք չենք կարող խոսել անկախ կառույցի մասին։ Չեմ կարծում, որ խորհրդի ընտրություններից հետո ընդդիմախոսների անձնավորված մոտեցումները կփոփոխվեն, բայց դա իրենց գործն է։

-Փաստաբանների մի զգալի մասը բարձրաձայնում են խնդիրներ՝ ֆինանսական  թափանցիկության, հաշվետվողականության վերաբերյալ: Ըստ Ձեզ, այդ խնդիրը կա՞: Եթե այո, ի՞նչ լուծումներ են նախատեսվում: 

-Այդ խնդիր բարձրացնողները, հավանաբար, ծանոթ չեն պալատի կայքի հետ, կամ էլ դիտավորյալ են այդպես ներկայացնում։ Փաստաբանների պալատի կայքում փաստաբանների հասանելիության ձևաչափով հրապարակված են 2014- 2015թթ. ֆինանսական հաշվետվությունները։ Շուտով կտեղադրվի նաև 2016թ. հաշվետվությունը։ Հաշվետվությունները տեղադրվում են եռամսյակային կարգով, իսկ տարվա ավարտից հետո այն փոխարինվում է տարեկան հաշվետվությամբ՝ բյուջեի կատարողականի հետ համեմատությամբ ։ Փաստաբանների պալատի տարեկան փաստացի հավաքագրված բյուջեն կազմում է 2014թ.՝ 88 մլն. ՀՀ դրամ, 2015թ.՝ 96 մլն. ՀՀ դրամ, իսկ 2016թ.՝ 99 մլն. ՀՀ դրամ։ Այս շրջանառությունը չի կարելի մեծ համարել։ Դա մեծ փաստաբանական գրասենյակի շրջանառության չափի գումար է և այն վերահսկելը շատ հեշտ է։ Պալատում գնումները կատարվում են փոխանցումով։ Հազվադեպ են կանխիկով կատարված վճարումները։ Սահմանվել է ֆինանսատնտեսական գործառնությունների վերաբերյալ ընթացակարգ, որով նաև զսպումների և փոխադարձ վերահսկողության մեխանիզմներ են նախատեսվել։

Բարձրաձայնվում է նաև այն հարցը, որ պալատի խորհրդի անդամները վճարովի աշխատանքներ չպետք է իրականացնեն պալատում, համաձա՞յն եք այս դիրքորոշման հետ:

-Մասամբ եմ համաձայն։ Կարծում եմ, որ պալատից վարձատրություն ստացող խորհրդի անդամները չեն կարող խորհրդում մեծամասնություն կազմել։ Այսօրվա գործող խորհրդում 12 անդամից միայն 2-ն են աշխատավարձ ստանում պալատից։ Ինչպես մեր գործընկերներից մեկը նշեց, զարգացած երկրներում այդ մասնակցությունը համարվում է օժանդակող, քանի որ իր փորձը և տեղեկացված լինելը կօգնի մյուս խորհրդի անդամներին բազմակողմանի քննարկել որևէ հարց։ Իսկ մենք փորձում ենք այն դիտարկել՝ խանգարող հանգամանք։ Չենք կարող չհամաձայնվել, որ 2-ը 12-ի կազմում չի կարող որոշումների կայացման վրա էական նշանակություն ունենալ։ Բացի դրանից, նույնիսկ աշխատավարձ ստացող խորհրդի անդամը անկախ է պալատի նախագահից, քանի որ իրեն ընտրել է փաստաբանների ժողովը և պալատի նախագահը չի կարող նրա լիազորությունները դադարեցնել։ Եթե պետք է համարենք, որ խորհրդի անդամը նյութական կախվածություն չունենա որևէ մեկից, ապա դա էլ է տեսակետ։ Կարելի է քննարկել և հետագայում օրենքի մակարդակով արգելել խորհրդի անդամին, որ որևէ փաստաբան գործատու չունենա, այդ թվում չաշխատի փաստաբանական գրասենյակում։ Չէ, որ կստացվի, որ խորհրդի անդամը անկախ չէ իր գործատու փաստաբանական գրասենյակի տնօրենից։ Ըստ իս՝ սա ծայրահեղական մոտեցում է, բայց կարելի է քննարկել:

-Վերջին     աղմկահարույց  բացահայտման  վերաբերյալ  Ձեր  դիրքորոշումն  եմ  ուզում  իմանալ:  Ըստ Ձեզ,  ի՞նչ  լուծում  պետք է տրվի դրան: 

-Հարուցված է քրեական գործ, նշանակված է փորձաքննություն։ Պետք է սպասենք արդյունքներին։ Այս գործը կարևոր է բոլոր փաստաբաններիս համար։

Հ.Գ. Ընտրություններին ընդհառաջ  Իրավաբան.netը բոլոր թեկնածուներին դիմել է հակիրճ հարցազրույցներ ունենալու համար: Սակայն եղան թեկնածուներ, ովքեր փաստացի չօգտվեցին մեր ընձեռած հնարավորությունից: Մեր հարցերին չեն պատասխանել Կարեն Սարդարյանը, Սիմոն Բաբայանը,  Վրեժ Խաչիկյանը, Սեդրակ Ասատրյանը, Արայիկ Ղազարյանը, Զոյա Հակոբյանը, Տարոն Սիմոնյանը, Կարինե Սարգսյանը, Լիպարիտ Սիմոնյանը: 

 Ստորև ներկայացնում ենք մյուս թեկնածուների հարցազրույցները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել