Բուժման կարիք ունեցող ապրիլյան պատերազմի հերոսը՝ ամբաստանյալի աթոռին

24 -ամյա ավագ-լեյտենանտ Վլադիմիր Մանուկյանը մերօրյա հերոսներից է․ նախորդ տարի մասնակցել է ապրիլյան պատերազմին՝ Թալիշում։ Վիրավորվել է, երբ փորձելիս է եղել փրկել իր վիրավոր զինծառայողի կյանքը․․․ Իր զինվորը մահացել է․․․

Իսկ այժմ Վլադիմիրն ամբաստանյալի աթոռին է հայտնվել։

Ապրիլի 30-ին մարտական առաջադրանք կատարելու ժամանակ ձեռքի հրազենային միջանցիկ վիրավորում է ստանում, տեղափոխում են Երևան՝ «Մուրացան» զինվորական հոսպիտալ։ Բացի ձեռքի հրազենային վիրավորումը, Վլադիմիր մոտ նաև մարտական շոկ է լինում։  Ձեռքի ապաքինումից հետո նորից վերադառնում է ծառայության՝ Թալիշ։ Որոշ ժամանակ անց սակայն սթրեսային վիճակը խորանում է՝ մղձավանջային երազներ, անքնություն․

«Բարձրանում եմ էդ նույն պոստեր, էդ ամեն ինչը տեսնելուց հետո սկսում եմ հիշել, չէի կարողանում քնել, վեր էի թռնում: Դիմեցի բուժկետ, ուղարկեցին Կանազի հոսպիտալ: Բժիշկները նայելուց, ստուգելուց հետո ասեցին՝ մարտական շոկ ես տարել, որը մարտական գործողություններին մասնակցողներին բնորոշ է: 2 ամիս բուժման ընթացքում զգում էի, որ վիճակս մի քիչ թեթևացել է, բայց լրիվ չէի ապաքինվել»,- Իրավաբան.net  -ի հետ զրույցում պատմում է Վլադիմիրը։

Սեպտեմբերի 30-ին նա գրավոր դմում է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին՝ խնդրելով իրեն տեղափոխել իր բնակավայրին մոտ գտնվող զորամաս կամ համապատասխան վճարումների դիմաց ազատ արձակել ծառայությունից։ Նամակին որևէ պատասխան չի լինում։ Ի դեպ, Վլադիմիրը ընդգծում է՝ ծառայությունը թողնել չի ուզում, սակայն բուժումն անհրաժեշտ է և կենսական։

Այս ընթացքում զինվորական հոսպիտալում նրա վերաբերյալ որոշում է ընդունվում, որ բանակում կարող է ծառայություն իրականացնել միայն սահմանափակ իրավասություններով․ «Էդ ընթացքում էլ  ստուգում են, զինվորական հոդված են նշանակում՝ 7բ՝ սահմանափակում է, որ պոստեր չբարձրանամ, անձնակազմ չունենամ»:

Այնուամենյանիվ, նրան հետ են ուղարկում ծառայության։ Մինչ այդ Վլադիմիրը արդեն երկրորդ նույնաբովանդակ նամակն է գրում պաշտպանության ներկայիս նախարար Վիգեն Սարգսյանին։ Պատասխանն ուշանում է։

Բուժում ստացող Վլադիմիրը հոկտեմբերի 2-18-ը չի ներկայանում զորամաս։ Հոկտեմբերի 28-ին քրեական գործ է հարուցվում՝ զորամասն ինքնակամ թողնելու հիմքով։

Վաղն այս գործով Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Դավիթ Սարգսյանի նախագահությամբ, հերթական դատականն նիստն է լինելու։ Վլադիմիրին սպառնում է մինչև 2 տարվա ազատազրկում։ Վլադիմիրին, ով սահմանին մարտական առաջադրանք է կատարել, տեսել ընկերոջ մահը, վիրավորվել, ու ընդամենը բուժման համար ժամանակ է խնդրել․․․ Փաստացի,  պետությունը այսպես է որոշել պարգևատրել Վլադիմիրին….

Հ․Գ․ Դեկտեմբերի սկզբին Վլադիմիրին տեղափոխել են Վանաձորում ծառայության։ Վլադիմիրը նշում է, որ հրամանատարությունը գոհ է իր ծառայությունից, ամեն ինչ հարթ է անցնում։

Նշենք նաև, որ մինչ այս պահը, Վլադիմիրին չի տրամադրվել հանրային պաշտպան, որի իրավունքը նա ունի՝ որպես Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների մասնակից: Վլադիմիրը իր իրավունքների պաշտպանության հարցով արդեն որոշակի ժամանակ է, ինչ նաև դիմել է Արցախի  մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանին, ում մասին Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը  ասել էր. «Աշխարհը պետք է ծափահարի, երբ գերուն վերաբերվում են հարգանքով: Կարծում եմ, որ պետք է դա փոխադարձ լինի»:

Իրավաբան.net   

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել