Ռումինիայում կոռուպցիայի դեմ պայքարի հրամանագրի վերաբերյալ բողոքի ցույցերը աճում են

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում, հակակառավարական բողոքի ցույցեր են անցկացվել այն բանից հետո, երբ երկրում ընդունվել էր մի որոշում, որի համաձայն կոռուպցիոն մեղադրանքներով բանտարկված տասնյակ պաշտոնյաներ կարող են ազատ արձակվել:

BBC-ն տեղեկացնում է, որ չորեքշաբթի երեկոյան, ավելին քան 150,000 ցուցարարներ են հավաքվել կառավարության շենքի առջև։ Նմանատիպ հանրահավաքներ են տեղի ունեցել նաև երկրի այլ քաղաքներում:

Մայրաքաղաքում ցուցարարները ոստիկանների դեմ ինքնաշեն հրկիզող առարկաներ և պայթուցիկներ են նետել, իսկ ոստիկանությունը ցուցարարների դեմ արցունքաբեր գազ է կիրառել։

Հուզումների պատճառ հանդիսացած որոշումն ընդունվել էր երեքշաբթի երեկոյան:

Երկրի վարչապետ Սորին Գրինդյանուն հայտարարել էր, որ դա արվում է երկրի բանտերում գերծանրաբեռնվածությունը թեթևացնելու նպատակով։ Սակայն քննադատների կարծիքով Գրինդյանուն այդ քայլին է դիմել փորձելով ազատ արձակել կոռուպցիայի մեղադրանքով դատապարտված իր դաշնակիցներին:

«Կոռուպցիայի դեմ պայքարը պետք է զարգացնել այլ ոչ թե չեղյալ հայտարարել: Մեծ մտահոգությամբ ենք հետևում Ռումինիայում վերջին զարգացումնեին», – ասել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը:

Ցուցարարները Բուխարեստում հանդես են եկել «Հրաժարական» և «Գողեր» վանկարկումներով:

«Մեր շանսերը փոքր են, բայց կարևորը պայքարելն է», – ասել է ճարտարապետ Գաբրիելե Կոնստանտին:

Մեկ այլ ցուցարար, Նիկոլաե Ստենսուն, ասել է. «Մենք եկել ենք պաշտպանելու մեր երկիրը հանցագործներից, ովքեր փորձել են ոչնչացնել օրենքի գերակայությունը Ռումինիայում, պաշտպանելու մեր իրավունքներն ու շահերը, այլ ոչ թե նրանց անորոշ շահերը»:

Հրամանագրի շնորհիվ ազատ արձակվողներից մեկը կարող է լինել օրինակ Ռումինիայի ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Լիվիու Դրագնեան, ով մեղադրվում է պետության բյուջեից 24,000 եվրո յուրացնելու մեջ:

Ազատ արձակվողների թվում կլինեն նաև նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ և դատավորներ։

Պատրաստեց՝ Սոֆյա Սարգսյանը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել