Մի քանի տանկ խոցած երիտասարդը զարմանում է, որ իրեն հերոսացնում են. Պաշտպանության նախարար

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ելույթը ՀՀ զինված ուժերի կազմավորման 25-րդ տարեդարձի առթիվ Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացած հանդիսավոր միջոցառման ժամանակ խոսել է նաև ապրիլյան քառօրյայի ու դրա թող եզրահանգումներ մասին.

«Մեզ համար ապրիլի գլխավոր բացահայտումն ուրիշ էր` դա մեր զինվորն ու հրամանատարն էր, ով թշնամու կրակի տակ վազում է խոցված ընկերոջ մոտ, թաքցնում է, որ վիրավոր է և բուժօգնության է դիմում միայն մարտն ավարտին հասցնելուց հետո, ով լռում է իր սխրանքի մասին և խոսում է «դիրքի պատիվ» հասկացության մասին, իսկ մի քանի տանկ խոցած երիտասարդը զարմանում է, որ իրեն հերոսացնում են: Դա նաև մեր քաղաքացին էր` ի դեմս հոսպիտալների մոտ արյուն հանձնելու համար հերթագրվող ուսանողների, զինվորին ծանրոց ուղարկող թոշակառուների և նամակով նրանց սատարող աշակերտների, դեպի առաջնագիծ իր ողջ ներուժն ուղղող գործարարի: Դա նաև մեր մեր սահմանամերձ, իսկ ավելի ճիշտ է` ասել սահմանապահ համայնքներն էին, որոնք զենքը ձեռքին կանգնեցին մեր զինծառայողի կողքին` պաշտպանելու հայրենիքը: Դա նաև մեր սփյուռքն էր, որն անմնացորդ նվիրվեց հայրենիքին և հայրենիքի խնդիրներին:

Ապրիլի հիմնական եզրահանգումը սա է` մենք հիրավի ԱԶԳ-ԲԱՆԱԿ ենք, և դա է մեր հավաքական ուժն ու արժեքը:

Ապրիլի եզրահանգումներից մեկն էլ այն է, որ այս սերունդը՝ անկախության սերունդը, իր ճակատագրի տերն է լինելու և արժանապատվորեն է կերտելու մեր ժողովրդի ապագան:

Արցախյան ազատամարտը հայոց պատմությունը հարստացրեց նոր հերոսների անուններով: Նրանց, ովքեր այսօր մեզ հետ չեն, մենք զոհ չենք անվանում: Նրանք հերոս են: Նրանց կերպարները զոհի չեն, այլ հաղթողի, և չեն կարող տեղավորվել վշտի կաղապարում: Ուստի, թեև ընդուն­ված է հիշատակը հարգել մեկ րոպե լռությամբ, առաջարկում եմ մեր հերոսների հիշատակը ՊԱՏՎԵԼ մեկ րոպե հոտնկայս և բուռն ծափահարություններով:

Ակամայից հիշեցի երջանկահիշատակ Վազգեն Վեհափառի խոսքը. «Նույնանալ ժողովուրդին հետ՝ որպես կենսաբանական էակ, նույնանալ ազգին պատմության և մշակույթին հետ՝ որպես բարոյական-հոգևոր էակ, նույնանալ հայրենիքի հողին ու ջուրին հետ՝ որպես աշխատող-ստեղծագործող էակ, վերջապես նույնանալ Հայ պետությունը ամրացնող ու անոր ապագան պսակող իդեալներուն հետ՝ որպես կամեցող և կառուցանող քաղաքական էակ: Ահա, մեր կարծիքով, ճշմարիտ պատկերը ամբողջական Հայուն»:

Այդ «ամբողջական Հայու» կերպարն արտացոլվեց այս տեսաուղերձների մեջ, որոնք մեր ազգի յուրօրինակ մաղթանքն են և երդումը մեր բանակին: Սա է ազգ-բանակի առանցքը»:

 Իրավաբան.net     

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել