Մահացու վիրավորում է ստացել 22-ամյա Կարեն Ուլուբաբյանը

Հունվարի 22-ին և լույս 23-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հիմնականում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 55 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 430 կրակոց: Շփման գծի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը առավել ինտենսիվ կրակ է վարել դիպուկահար հրացաններից (92 կրակոց), ինչպես նաև կիրառել է 82 միլիմետրանոց ականանետ (2 արկ): Հայտնում են ԼՂՀ ՊԲ-ից:

Հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով՝ հունվարի 22-ին՝ ժամը 23:25-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, մահացու վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, 1995թ. ծնված Կարեն Մարատի Ուլուբաբյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար դիմել են պատասխան գործողությունների և շարունակել իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել