Պե՞տք է արդյոք կրճատել տոնական ոչ աշխատանքային օրերը. փաստաբանի պարզաբանումները

Վարչապետ Կարեն Կարապետյանը հունվարի 12-ին, դիմելով կառավարության անդամներին, հետքրքրվեց, թե արդյոք տոնական ոչ աշխատանքային օրերը շա՞տ չէին, այնուհետև նա ասաց, որ հարկավոր է հարցը քննարկել հանրության հետ:

Փաստաբան Արփինե Եղիկյանն ասում է, որ տոնական ոչ աշխատանքային օրերի շատ կամ քիչ լինելը պետք է չափելի լինի աշխատանքի արդյունավետությամբ.

«Կարծում եմ՝ օրենսդրությամբ սահմանված տոնական ոչ աշխատանքային օրերը շատ չեն: Տոնական ոչ աշխատանքային օրերի կրճատումով չէ, որ պետք է բարձրանա աշխատանքի արդյունավետությունը՝ թե՛ հանրային, թե՛ մասնավոր սեկտորում»,- նշում է փաստաբանը՝ հավելելով, որ ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս կրճատել անմիջականորեն մարդու կողմից կատարվող աշխատանքի ծավալը, հետևաբար և մարդու զբաղվածությունը.

«Օրինակ, եթե 15-20 տարի առաջ որևէ իրավական ակտի որևէ հոդված գտնելու և հայցադիմումում մեջբերելու համար իրավաբանը պետք է թերթեր իրավական ակտի թղթային տարբերակը, գտներ հոդվածը և արտագրեր այն, ապա այսօր այդ գործողությունների կատարումը իրավաբանից կպահանջեն մի քանի րոպե: Իհարկե, այդ փաստը ունի նաև իր բացասական կողմերը և մեծացնում է գործազրկության մակարդակը. օրինակ, օրեր առաջ մամուլում հրապարակում եղավ բանկի աշխատակից իրավաբաններին ռոբոտով փոխարինելու մասին:  Այնուամենայնիվ, մի բան հստակ է, որ տեխնոլոգիաների զարգացումը հանգեցնում է մարդու զբաղվածության նվազեցման: Հայտնի է, որ 18-19-րդ դարերում աշխատանքային օրը տևում էր 10-15 ժամ, և մարդիկ չէին էլ կարող երազել 8-ժամյա աշխատանքային օրվա մասին»,- մանրամասնեց մեր զրուցակիցը:

Նրա խոսքերով՝ դեռևս 2014թ.-ից աշխատանքի միջազգային կազմակերպության փորձագետները բարձրաձայնում են աշխատանքային շաբաթը չորսօրյա դարձնելու մասին: Օրինակ՝ Շվեդիայում որոշ կազմակերպություններ կրճատել են ամենօրյա աշխատաժամանակի տևողությունը՝ պահպանելով աշխատավարձը.

«Բնականաբար, որոշ կազմակերպությունների համար, որոնք գործում են շուրջօրյա ռեժիմով, ամենօրյա աշխատաժամանակի տևողությունը կրճատելը լրացուցիչ ծախսերի է հանգեցնում, քանի որ ստիպված են ներգրավել նոր աշխատողներ:

Սակայն այն կազմակերպությունները, որոնք չեն գործում շուրջօրյա ռեժիմով, կարող են մտածել ամենօրյա աշխատաժամանակի տևողությունը կրճատելու վերաբերյալ, ինչը կհանգեցնի նաև որոշ ծախսերի նվազեցմանը»,- նշեց փաստաբանը:

Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման ժամանակ շրջանառվեց Long weekend-ների գաղափարը, դա կապված էր տաղավար տոներին հաջորդող մեռելոց օրերի տեղափոխման հարցի հետ: Ի՞նչ է կարծում փաստաբանն այս հարցի շուրջ.«Կարծում եմ, առավել նպատակահարմար է ունենալ օրենքով ամրագրված ոչ աշխատանքային մեռելոց օրեր՝ համադրելով long weekend-ների հետ, քան յուրաքանչյուր անգամ քննարկել Կառավարության որոշմամբ աշխատանքային օրը տեղափոխելու հարցը: Նման տեղափոխությունները խաթարում են կազմակերպությունների բնականոն աշխատանքը. Յուրաքանչյուր մեռելոցից առաջ ողջ հասարակությունը սևեռվում է այն մտքի վրա, թե արդյո˚ք տեղափոխվելու է աշխատանքային օրը, արդյո˚ք պետք է փոխել հաջորդող երկուշաբթի օրվա համար նախատեսած պայմանավորվածություններն ու գործերը: Մի անգամ, նույնիսկ,  աշխատանքային օրը տեղափոխելու որոշումը կայացվեց Կառավարության՝ շաբաթ օրը տեղի ունեցած  արտահերթ նիստում: Մյուս կողմից՝ մարդիկ պետք է ունենան հնարավորություն ննջեցյալների հիշատակի օրերին այցելելու նրանց շիրիմներին: Հետևաբար long weekend-ների ներդրումը հնարավորություն է լուծելու վերը նշված խնդիրները»:

Եթե կառավարությունը իսկապես ցանկանա կրճատել տոնական ոչ աշխատանքային օրերը, ապա իրավական տեսանկյունից խոչընդոտներ չկան, սակայն մյուս կողմից, ըստ մեր զրուցակից, քննարկումները պետք է վերհանեն, թե ինչով է պայմանավորված նման անհրաժեշտությունը (եթե այդպիսին կա) և որքանով է արդարացված:

Ի վերջո, հանգիստը (հանգստյան օրերը) երաշխիքն է պահպանելու որակյալ աշխատունակությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել