Հարկայինում չեն տեղեկացնում նոր արտոնությունների մասին

 Իրավաբան.net-ը արդեն իսկ տեղեկացրել է հանրությանն այն մասին, որ մի շարք գործունեության տեսակներ ազատվել են հարկեր վճարելուց։ «Փաստերի վրա հիմնված բարեփոխումների ջատագովություն» ծրագրի շրջանակներում հունվարի 19-ին հրապարկված իրազեկումը բավականին բուռն արձագանքներ է ունեցել։

Ծրագրի իրավաբան, փաստաբան Մարիամ Զադոյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ դեռևս 2016 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունվել է ինքնազբաղված անձանց հարկային արտոնություններ տրամադերլու վերաբերյալ օրենք, որն ուժի մեջ է մտել այս տարվա հունվարի 1-ին։

«Այս օրենքի մասին ես իմացա հարկային ծառայության թեժ գծից՝ մանրակրկիտ հարցեր տալուց հետո։ Այժմ խնդիրն այն է, որ հարկային մարմիններն այս արտոնության մասին չեն տեղեկացնում այն հարկ վճարողներին, որոնց վրա տարածվում է արտոնությունը։ Մեր կողմից տարածված իրազեկումից հետո ստանում ենք բազմաթիվ զանգեր անհատ ձեռնարկատերերից, որ հարկային մարմինները ընդհանրապես չեն տեղեկացրել օրենքի սուբյեկտ հանդիսացող այն ֆիզիկական անձանց,  որոնք օրեր առաջ վճարել են արտոնագրային վճարներ ընդհուպ մինչև 1 տարվա համար (որը կազմում է ընդհուպ մինչև 100.000  դրամ) և նրանց,  որոնք դիմել են այս տարի շրջանառության հարկի ռեժիմով հարկ վճարելու համար»։

Մարիամ Զադոյանի խոսքով, երբեմն նույնիսկ հարկային մարմինները, չտիրապետելով վերոնշյալ օրենքի դրույթներին, սխալ տեղեկատվություն են տրամադրել օրենքի սուբյեկտ հանդիսացող անհատ ձեռնարկատերերին` նշելով, որ վերջիններս պետք է դադարեցնեն որպես անհատ ձեռնարկատեր իրականացնող գործունեությունը վերոնշյալ արտոնությունից օգտվելու նպատակով։

Փաստաբանը նշեց նաև, որ հարկային ծառայության թեժ գծից տեղեկացրել են, որ եթե անհատ ձեռներցները դիմել են «Շահութահարկի» ռեժիմով աշխատելու համար, ապա այս տարի այլևս չեն կարող ինքնազբաղված անձանց հարկային արտոնություններից օգտվել։

Փաստորեն, այս օրենքն արդեն իսկ ուժի մեջ է 20 օր, սակայն հանրությունը իրազեկված չէ դրա մասին, մինչդռ վարչապետ Կարեն Կարապետյանը, երբ կառավարության նիստում ներկայացվել էր օրենսդրական փաթեթը, հատուկ ընդգծել էր շահագրգիռ անձանց իրազեկելու հարցը։

Նյութը պատրաստվել է «Փաստերի վրա հիմնված բարեփոխումների ջատագովություն» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է կոնսորցիումի անդամների՝  Իրավաբանների հայկական ասոցիացիայի, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության և Եվրոպական բիզնես ասոցիացիայի կողմից ՝ Աջակցություն ՓՄՁ զարգացմանը ծրագրի ֆինանսավորմամբ:

Սույն ծրագիրն իրականացվում է «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: Այն իրականացվում է ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը հանդիսանում է Եվրոպական միության «ԵՄ-ն՝ Բիզնեսի համար» և «ԵՄ-ն՝ Նորարարության համար» նախաձեռնությունների մաս:

Աստղիկ Կարապետյան

Իրավաբան.net       

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել