Դատավորի դստեր ընկերությունից գնվում են դատավորների պատմուճաններն ու կարգադրիչների համազգեստը

Դատական կարգադրիչների համազգեստների ձեռքբերման համար նախորդ տարվա ամռանը հատկացվել էր շուրջ 25.5 միլիոն դրամ: Դատական դեպարտամենտը օգոստոսի 11-ին շրջանակային համաձայնագրով պայմանագիր է կնքել «Պահապան» ՍՊ ընկերության հետ՝ տեղական արտադրության հագուստի համար:

Համաձայն գնման փաստաթղթի՝  21 միլիոն դրամով ձեռք է բերվել 430 համազգեստ (ձմեռային բաճկոն՝ ջրակայուն, 51 տոկոս բամբակից և 49 տոկոս պոլիէստերից բաղկացած կտորից, և բաճկոն, տաբատ, գլխարկ և փոխկապ, թևքանշան՝ 60 տոկոս բրդից և 40 տոկոս պոլիէսթերից բաղկացած կտորից, կաշնե, կոճակներ): Այսինքն,  յուրաքանչյուր հավաքածուի արժեքը կազմել է 48 հազար դրամ:

Գնվել է նաև 50 հատ համազգեստային մեկ այլ հավաքածու՝ 2.36 միլիոն դրամով (Ձմեռային վերարկու, կիտել, 2 հատ կիսաշրջազգեստ, պիլոտկա, փողկապ, թևքանշան, կոճակներ): Յուրաքանչյուրի արժեքը շուրջ 47 հազար դրամ է եղել:

Տղամարդու կարճաթև 430 վերանաշապիկի համար վճարվել է 2.19 միլիոն դրամ, նույն քանակի երկարաթև վերանաշապիկների համար նույնպես 2.19 միլիոն դրամ: Կանացի կարճաթև և երկարաթև ընդհանուր 100 վերնաշապիկի համար վճարվել է 500000 հազար դրամ: Այսինքն, յուրաքանչյուր վերնաշապիկի գինը եղել է 5000 դրամ:

Շրջանակային համաձայնագրի գնման մրցույթին մասնակցել են նաև այլ ընկերություններ՝ «Ֆիրմա Լիդա» և «Էլաամոդա» ՍՊ ընկերությունները, սակայն հաղթող ճանաչվել է «Պահապան» ընկերությունը:

Ու՞մ է պատկանում «Պահապան» ընկերությունը

Այս տարվա ընթացքում ընկերությունը նաև դատավորի պատմուճաններ է վաճառել Դատական դեպարտամենտին: Մասնավորապես, հունիսի 1-ին կնքված պայմանագրի համաձայն՝ վճռաբեկ դատարանի 2 և վերաքննիչ վարչական դատարանի 10 դատավորի պատմուճանների համար վճարվել է 777 600 դրամ, այսինքն, յուրաքանչյուր պատմուճանի համար շուրջ 65 հազար դրամ: Գնման փաստաթղթից տեղեկանում ենք, որ դատավորների լայն ձևվածքով երկար թիկնոցները կարվում են ատլասե, քիչ ճմրթվող կտորից:

Գրիշա Մելիք-Սարգսյան

Նախորդ տարիներին այս ընկերությունը պետությանը վաճառել է նաև դատախազների համազգեստներ, մասնակցել և հաղթել պաշտպանության նախարարության կողմից գնման մի շարք մրցույթներում:

ԱՆ Իրավաբանական անձանց գրանցման պետռեգիստրի կողմից Իրավաբան.net-ին հատկացված տվյալների համաձայն՝ 2013 թվականին հիմնադրված «Պահապան» ընկերության միակ հիմնադիրն ու բաժնետերը Վիկտորիա Մելիք-Սարգսյանն է՝ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գրիշա Մելիք-Սարգսյանի դուստրը։

Պետական գնումներին մասնակցող և հաղթող այս ընկերության արտադրանքին փորձեցինք ծանոթանալ հենց արտադրամասում։ Գնման մի շարք փաստաթղթերում նշվում է «Երևան, Ավան, Քուչակ 16/2» հասցեն։ Հենց այս հասցեով էլ այցելեցինք և փորձեցինք գտնել արտադրամասը։ Սակայն պարզվեց, որ Քուչակ թաղամասում 16/2 շենք գոյություն չունի․ դրա մասին պնդում էին թե տեղի բնակիչները, թե համատիրության աշխատակիցը (տեսանյութում)։ Նույնիսկ տեղանքում գտնվող այլ շինություններն ու ավտոտնակներն այդպիսի թվագրություն չունեին։

Զանգահարեցինք գնման փաստաթղթում նշված հեռախոսահամարով։ Զանգին պատասխանող աշխատակիցը խոստացավ ճշտել հասցեն ու հետ զանգել։ Սակայն որևէ պատասխան զանգ չստանալուց հետո մենք փորձեցինք։ Այս անգամ աշխատակցուհին ասաց, թե իրենց տնօրենը քաղաքում չէ, զանգահարենք ավելի ուշ։ Իսկ ընկերության գտնվելու մասին հարցին այդպես էլ չպատասխանեց։ Մեր նկատառմանը, թե նշված հասցեով շենք կարծես չկա, պատասխանեց․ «Որ լավ ման գաք․․․ Ես նման իրավասություն չունեմ, տնօրենը կգա, տնօրենի համարը կտան, կզանգեք, տնօրենի հետ կխոսեք»։

Իսկ տնօրենի հետ այդպես էլ զրուցել չհաջողվեց․ մեր բոլոր զանգերին միևնույն պատասխանն էր հնչում՝ տնօրենը քաղաքում չէ, տեղում չէ։ Իսկ վերջին անգամ աշխատակցուհին զանգը փոխանցեց փոխտնօրեն ներկայացած Զորիկ Սողոմոնյանին։ Վերջինս այնքան էլ բարյացակամ չէր, իսկ այն հարցը, թե որտե՞ղ է գտնվում ընկերությունը վրդովվեցրեց նրան, ու հենց ինքը սկսեց  պարզել, թե ինչու է լրագրողը զանգահարել ու հարցեր տալիս, և, ի վերջո, օգտվեց իր՝ հարցերին չպատասխանելու իրավունքից։

Ի դեպ

Վերահսկիչ Պալատը  2015 թվականի ընթացիկ հաշվետվությամբ անդրադարձել է դատական համակարգում բյուջետային և արտաբյուջետային միջոցների օգտագործմանը (հաշվետվության հիմքում ՎՊ խորհրդի 2015 թվականի մարտի 2-ի 5/4 որոշումն է): Վերահսկողության ժամանակաշրջանը եղել է 2012 թվականի հունվարի 1-ից մինչև 2015 թվականի դեկտեմբերի 1-ը:

Հաշվետվությունում նշվում է, որ դեպարտամենտի կողմից հանդերձանքի և դատավորների պատմուճանների ձեռքբերման համար 2014թ-ին  ընկերությունների հետ կնքվել են շուրջ 34,9 միլիոն դրամ, իսկ 2015-ի սեպտեմբերի 1-ի դրությամբ՝  սեպտեմբերի 1-ի դրությամբ` 34,8 միլիոն դրամի պայմանագրեր:

«Ուսումնասիրության ընթացքում պարզվեց, որ մատակարարված մի շարք հանդերձանքները չեն համապատասխանում հաստատված տեխնիկական բնութագրերի (իրարամերժ և չհիմնավորված) և «Դատական կարգադրիչի համազգեստի, տարբերանշանների և խորհրդանշանների նկարագիրը սահմանելու մասին»  ՀՀ կառավարության 2008 թվականի հունվարի 17-ի թիվ 43-Ա որոշման պահանջներին, որի պատճառով կարգադրիչների հանդերձանքի համար պետական բյուջեից ծախսված 17,037.5 3333333333 հազ. դրամ գումարը արդյունավետ համարվել չի կարող: Նշվածի վերաբերյալ Դեպարտամենտի կողմից ներկայացված պարզաբանման մեջ նշվել է, որ տեխնիկական բնութագրին չհամապատասխանող ապրանքները փոխարինվել են պատշաճ որակի ապրանքներով»,- նշվում է ընթացիկ հաշվետվությունում:

Ինչևէ, համապատասխան մարմինները պետք է որ այս գնման հիմքով ուսումնասիրեն, թե արդյո՞ք չկա շահերի բախման և գործարքի ռիսկայնություն: Ու, թերևս, կարիք կլինի ճշտել նաև, թե որտե՞ղ են կարվում համազգեստները, որոնք, ի դեպ, տեղական արտադրության են:

Աստղիկ Կարապետյան
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել