Հավատքը մեր ժողովրդի գեների մեջ կա. Տեր Հովսեփ քահանա Սարգսյան

Ամանորը կեր ու խումի տոն չէ: Արևշատ գյուղի Սբ. Մարիամ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հովսեփ քահանա Սարգսյանն ասում է, որ մեր հանրության շրջանում կան շատ ավանդույթներ, որոնք սխալ են ընկալվում: Նրա խոսքերով՝ որոշ տոներ էլ դիտարկվում են՝ որպես հեթանոսական, ինչպես օրինակ Վարդավառն է, մինչդեռ հոգևորականը վստահ է, դրանք խորը քրիստոնեական արմատներ ունեն:

Մանրամասները՝ հարցազրույցում:

– Արդյոք հանրության շրջանում կան տոներ և ավանդույթներ, որոնք եկեղեցական արմատներ ունեն, սակայն սխալ են ընկալվում:

– Հետաքրքրական է, որ Հայ առաքելական սուրբ եկեղեցին ունի որոշ տոներ, որոնք ժողովուրդը ասոցացնում է հեթանոսության հետ, բայց իրականում այդպես չէ, մեր քրիստոնեական հավատքի, ծիսական փորձառության մեջ գոյություն ունեն որոշ խորհուրդներ պարունակող արարողություններ, ավանդույթներ, որոնք մենք ժառանգել ենք մեր եկեղեցու հայրերից, որոնք եղել են հեթանոսական շրջանում, բայց գաղափարները և խորհուրդները միանգամայն տարբերվում են:

– Կոնկրետ ո՞ր տոների և ավանդույթների մասին է խոսքը:

– Ես մասնավորապես շեշտեմ իրար վրա ջուր ցողելու սովորույթը, որը կատարվում է մեր ժողովրդի մեջ լայնորեն տարածված է Վարդավառի տոնի ժամանակ, ջուրը քրիստոնեական աստվածաբանության մեջ մաքրող, սրբագործող նշանակություն ունի, սա ավելի շատ ժողովրդի մեջ ընդունված ու տարածված սովորույթ է: Երբ մարդիկ իրար վրա ջուր են ցողում, խորհրդանշում է մեղքերից մաքրվելը: Մկրտության ժամանակ ջուր է օգտագործվում, հիշենք, որ Հիսուս Քրիստոսը մկրտվեց ջրի մեջ, այս տեսանկյունից ջուրը մեղքերը մաքրելու նշանակություն ունի: Մենք ունենք որոշակի այլ սովորույթներ, ինչպես օրինակ՝ Ամանորի գիշերը կատարվում է նուռ օրհնելու արարողություն, որը կյանքի խորհրդանիշն է, այն բավականին տարածված է մեր ժողովրդի մեջ, մենք ունենք Տիարն ընդառաջի տոնին կրակի վրայով ցատկելու սովորույթը, նորից շեշտում են, որ հեթանոսական ծագում ունի, սակայն քրիստոնեության մեջ, Աստվածաշնչում, երբ տեսնում ենք, կրակն ինքը Աստծո ներկայության նշանն է եղել: Երբ հրեաները եգիպտոսից դուրս եկան, Աստված երբեմն կրակի սյուներով, լեզուներով ուղեկցում էր մարդկանց, կրակը ինքնին նորից մաքրելու նշանակություն ունի: Այդուհանդերձ, ավելի ճիշտ կլինի մեր ժողովրդի համար ոչ թե հետևել ազգային սովորույթներին, որոնք մեծ խորհուրդ չունեն, այլ նույն օրը գնալ եկեղեցի և հաղորդություն ստանալ:

– Դուք ասացի, որ Ամանորի գիշերը կատարվում է նուռ օրհնելու արարողություն, սակայն շատ ընտանիքներում Ամանորն այլ կերպ է նշվում:

– Մեր ժողովրդի մեծագույն մասը, այսպես ասեմ, կեր ու խումի մեջ է լինում, ուշադրություն չդարձնելով հոգևոր սնուցմանը, հոգևոր սնունդին, ավելի շատ շեշտը պետք է դնենք Սուրբ Ծննդյան տոների կարևորության վրա, այդ տոներն են, որ զորացնում են մեզ, արարելու և ստեղծագործելու եռանդ ու հույս տալիս: Հարկավոր է այսպես վարվել, այլ ոչ թե որպես պարտականություն նստենք կեր ու խումի սեղանների առջև ու մոռանանք մեր հոգևոր ամբողջության մասին:

– Դուք Արևշատ գյուղից եք, Առաքելական եկեղեցին գյուղերում՝ տվյալ դեպքում ձեր համայնքում կրթական, դաստիարակչական աշխատանքներ իրականանցնո՞ւմ է: Որքանո՞վ է եկեղեցին մարզերում իր ճյուղերը զարգացնում:

– Բնականաբար, հավատքը մեր ժողովրդի գեների մեջ կա, պարզապես խորհրդային անաստվածության տարիներին հավատքի նահանջ է նկատվել, սակայն այսօր, փառք Աստծո, եկեղեցին աստիճանաբար, նորից կարողանում է հավատք սերմանել մեր ժողովրդի զավակների սրտերում և դա արվում է տարբեր մակարդակներում: Եկեղեցին գործում է մեր պետականության և ժողովրդի գրեթե բոլոր մակարդակներում՝ կլինի զինված ուժեր, քրեակատարողական հիմնարկներ: Փառք Աստծո արդյունքը տեսանելի է: Բացի այդ, եկեղեցին ակտիվ գործունեություն է ծավալում երիտասարդության շրջանում, յուրաքանչյուր եկեղեցուն կից կարող ենք տեսնել երիտասարդաց միություններ: Այդուհանդերձ, այսօր մենք հոգևորականների թվի խիստ կարիք ունենք, բազմաթիվ եկեղեցիներում հոգևորականներ չկան, հատկապես թեմերում:

– Արդյոք մկրտության ժամանակ պահպանվո՞ւմ են եկեղեցական կանոնները:

– Մեր ժողովրդի մեջ, ցավոք սրտի, դեռևս սխալ ընկալումներ կան այս խորհրդների վերաբերյալ, օրիանակ՝ սուրբ մկրտության պարագայում, մարդիկ այն կատարում են որոշակի պատրաստություններից հետո, խոսքը ոմանց մասին է: Շատ մարդիկ մկրտության անհրաժեշտության խորհուրդը չտեսնելով կարևորում են այն, որ ազգականներով հավաքվեն ու սեղանի շուրջ նստեն, այսինքն՝ եթե հնարավորություն չկա այդ սեղանի շուրջ նստել, ուրեմն մկրտությունը հետաձգվում է, սա շատ սխալ մոտեցում և ընկալում է: Մկրտությունը քրիստոնյայի համար առաջին ու ամենակարևոր խորհուրդն է, որը հետաձգել ու երկարաձգել չի կարելի: Եթե մենք ֆիզիկապես վատառողջ ենք, անմիջապես բժշկի ենք գնում, բայց եթե հոգեպես հիվանդ ենք, նույնպես պետք է շտապենք եկեղեցի հոգևոր բժշկության համար:

– Իսկ ի՞նչ կասեք ամուսնության վերաբերյալ:

– Նույնը խնդիրն առկա է սուրբ պսակի պարագայում, ժողովրդի ընկալումը ճիշտ չէ, մտածում են, որ պետք է ընտրել այնպիսի քավոր ու կնքահայր, որն Հայաստանում լինի, հակառակ դեպքում հետաձգում են կամ այլ կարծիք կա, որ հարկավոր է համապատասխան գումար ունենալ, որպեսզի պատրաստվել, ոչ սա երկրորդական խնդիր է: Նմանատիպ հարցերի շուրջ որոշակի սխալ ընկալում կա:

Հարցազրույցը՝ Գևորգ Թոսունյանի

Լուսանկարները՝ Ալեքսանդր Սարգսյանի

Շարքի մտահղացման հեղինակներ՝

Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ՝ Կարեն Զադոյան

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի պատասխանատու՝ Տեր Եսայի քահանա Արթենյան

Կարդացեք նաև՝

Նորը պետք է արժևորենք Հիսուս Քրիստոսի ծննդյան օրով. Տեր Խորեն

Դատաստանագրքերի բացառիկ հետաքրքիր դրվագները. զրույց Շահե ծայրագույն վարդապետ

Անանյանի հետ Ապօրինի հարստացման քրեականցման օրինագիծը բավականին կարևոր է հանրության համար. Տեր Եսայի քահանա Արթենյան

Ամուսնությունը դրախտի խորհուրդ է. Տեր Նշան քահանա Ալավերդյան

Քրեակատարողական հիմնարկներում մեծ ներդրում է անհրաժեշտ դատապարտյալների վերափոխման ծրագիր իրականացնելու համար. Ռուբեն վարդապետ Զարգարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել