«Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ սպանության գործով հետազոտվեցին տեսանյութեր

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ  քրեական հեղինակություն Լևոն Ղազարյանի և երկու ընկերոջ սպանության գործով այսօր դատավարությունը շարունակվեց Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Ապացույցների հետազոտման փուլը դեռևս ընթացքի մեջ է. այսօր դատարանը հետազոտեց երկու վկաների կողմից ամբաստանյալների ճանաչման գործողության տեսաձայնագրությունը:

Տեսանյութերից մեկում երևում է, որ վկա Կորյուն Հակոբյանը նշում է, որ չի ճանաչում ներկայացված 4 լուսանկարներում պատկերված անձանց և չէր էլ կարող, քանի որ նրանց տեսել է շուրջ 30 մետր հեռավարության վրա: Քննիչի կրկանկի հարցադրումից հետո նա նշում է, թե միգուցե առաջին լուսանկարում պատկերված անձի դեմքը ծանոթ է, սակայն հետո հաստատապես հայտնում, որ նրանցից և ոչ մեկին չի ճանաչում: Այս վկան հայտնել էր, որ դեպքի օրը փախչող երեք երիտասարդի էր տեսել:

Ամբաստանյալների պաշտպան, փաստաբան Լուսինե Սահակյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ վկան նշում է, թե չէր կարող նրանց դեմքերը տեսնել, քանի որ 30 մետր հեռավորության վրա են եղել, մինչդեռ քննիչի կողմից կազմված արձանագրության մեջ այդ հանգամանքը չի նշվել:

Մյուս վկայի՝ Վահագն Մնացականյանի կողմից ամբաստանյալների ճանաչման նմանատիպքննչական գործողության տեսաձայնագրությունում երևում է, որ վկան ճանաչում է միայն  ամբաստանյալ Վահան Հակոբյանին, քանի որ տպավորվել են նրա խոշոր, «չախկալ» աչքերը:

Լուսինե Սահակյանը նկատեց, որ եթե նախորդ տեսանյութում չի երևում, թե ինչ արձանագրություն է կազմվում, ինչ լուսանկարներ են ցույց տրվում վկաներին՝ ճանաչման համար, ապա այս երկրորդի մեջ, երբ վկան իբր ճանաչում է ամբաստանյալներից մեկին, տեսանկարահանող անձը հանկարծ ակտիվանում է և քննիչին ասում, թե մոտ բեր լուսանկարները, որ երևա թե ում է ճանաչում, իսկ հետո վկային հարցեր տալիս, մինչդեռ այդ քննչական գործողության ժամանակ հարցեր տալու իրավունք ունի բացառապես քննիչը: Հետևապես, այս ապացույցը թույլատրելի լինել չի կարող:

Այս ապացույցերի հետազոտումից հետո մեղադրող դատախազը միջնորդեց նիստը հետաձգել, քանի որ մեկ այլ գործով նիստի է: Հաջորդ դատական նիստը նշանակվեց փետրվարի 7-ին:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել