Նոտարները հնարավորություն կունենան իրավաբանական փաստ հաստատել

Նոտարիատի մասին ՀՀ օրենքում կատարված նոր փոփոխությունների համաձայն՝ նոտարներն իրավունք են ստանում հաստատել նաև իրավաբանական փաստը: Օրինակ՝ եթե որդու և հոր անձնագրերում սխալ է տեղ գտել, ապա այսուհետ կարիք չի լինի դատարանի միջոցով այդ սխալները շտկել, կպահանջվի միայն դիմել նոտարին:

Համապատասխան փոփոխությունն ուժի մեջ է մտել, սակայն պրակտիկա դեռևս չի ձևավորվել:

ՀՀ նոտարական պալատի նախագահ Վանինե Հովսեփյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեց, որ խնդիրը կապված է ծառայության վճարների բացակայության հետ. «Առայժմ դեռ չունենք կառավարության նախկին որոշման մեջ համապատասխան փոփոխություն, որով սահմանված կլինեն այդ լրացուցիչ լիազորությունների համար նախատեսված ծառայության վճարները»,- ասաց մեր զրուցակիցը:

Նա նաև տեղեկացրեց, որ արդարադատության նախարարությունն արդեն փոփոխությունը մշակել է և ուղարկել նոտարական պալատ. «Կարճ ժամանակ հետո կունենանք ծառայության վճարները»,- նշեց Վանինե Հովսեփյանը, ըստ նրա՝ այս հարցը լուծելով նոտարները հնարավորություն կունենան կիրառել օրենքում կատարված փոփոխությունները:

Արդարադատության նախարարությունից մեզ տեղեկացրին, որ գերատեսչությունը նախագիծն ուղարկել է կառավարություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել