Վկան պատմել է, որ Հայկազին կախված է տեսել

Կուրսանտի սպանության գործով դատաքննությունն այսօր շարունակվեց: Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ 19-ամյա կուրսանտ Հայկազ Բարսեղյանի մահվան գործով հերթական նիստը` դատարանի նախագահ Դավիթ Հարությունյանի նախագահությամբ:

Պետք է ցուցմունք տար վկաներից Թելման Մխիթարյանը, ում նկատմամբ մեղադրանք է առաջադրվել այս գործի հանգամանքների հետ կապված մեկ այլ գործով, դատավոր Հարությունյանը վկային հայտնեց, որ նա իրավունք ունի հրաժարվել ցուցմունք տալուց, Թելմանն օգտվեց իր իրավունքից:

Այնուհետև մեղադրող կողմը միջնորդեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքները, դատախազը նաև ենթադրեց, որ եթե վկան հրաժարվում է ցուցմունք տալուց, ապա ընդունում է նախաքննական ցուցմունքները, պաշտպանական կողմը առարկեց դատախազի կարծիքի և միջնորդության դեմ, բայց դատավորը միջնորդությունն ընդունեց:

Վկան, ով ներկայումս ուսանում է ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, իրավապահներին պատմել է, որ Հայկազ Բարսեղյանին և 4 ամբաստանյալներին՝ Գնել Թևոսյանին, Նորիկ Սահակյանին, Վաչե Սահակյանին ու Մովսես Ազարյանին ճանաչել է 2014թ.-ից, երբ իրենք ընդգրկված են եղել «կարանտինում»: Վկան նշել է, որ այդ ընթացքում Հայկազը քիչ էր շփվում մյուս կուրսանտների հետ, մի անգամ իրեն ասել է, որ չի ուզում սովորել համալսարանում, սակայն հաշվի առնելով ընտանիքի սոցիալական վատ պայմանները որոշել է հանուն ընտանիքի սպա դառնալ:

Թելմանը պատմել է, որ «կարանտինից» հետո համալսարանում 4 ամբաստանյալները միավորվում են և գերիշխող դիրք ստանում համակուրսեցիների շրջանում: Նա մանրամասնել է, որ Գնել Թևոսյանը, լինելով համալսարանի պետի տեղակալի որդին, արտոնեություններ ուներ ուսումնական հաստատությունում, նա հանգստյան օրերին գնում էր տուն, բջջային հեռախոս էր պահում իր մոտ, այդ մասին գիտեին սպաները, սակայն նրանցից ոչ ոք չէր փորձում միջամտել:

Ըստ Թելմանի՝ Հայկազ Բարսեղյանը մշտապես վիճաբանել է 4 ամբաստանյալների հետ, նա վերհիշել է նման 7 դեպք, այդ միջադեպերի ընթացքում ծեծկռտուք տեղի չի ունեցել:

Դեպքի նախորդ օրը՝ երեկոյան, ըստ վկայի, ամբաստանյալներն ու մի քանի այլ կուրսանտներ մթերանոցում ալկոհոլային խմիչք են օգտագործել:

2015թ. հունվարի 28-ի լույս 29-ին գիշերը զորամասում անընդհատ շարժ է նկատել վկան, ով հերթապահություն է իրականացրել միջանցքում: Գիշերը նա զրուցելիս է եղել օրապահի հետ, երբ նկատել է, որ կուրսանտների ննջարանից ձայներ են լսվում. «Շրջվել ու տեսել է, որ Գնել Թևոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը և Մովսես Ազարյանը ննջասենյակից դուրս են բերում Հայկազ Բարսեղյանին, արագ իջեցնում ներքև: Մի կողմից Վաչե Սահակյանն էր թևանցուկ արել Հայկազին, իսկ մյուս կողմից Գնել Թևոսյանը, Մովսես Ազարյանն ու Նորիկ Սահակյանը գնում էին Վաչեի ու Գնելի հետևից, որոնք տանում էին Բարսեղյանին: Նշել է նաև, որ Հայկազը չէր քայլում, այլ նրան տանում էին, Հայկազի գլուխը կախ էր, նրա հագին զինվորական բաճկոն էր, սպորտային բոթասներ, գլխարկն էլ աչքերին կապած էր»,- վկայի նախաքննական ցուցմունքը հրապարակեց դատավորը:

Հետագայում քննիչներին վկան պատմել է, որ ի սկզբանե նա մտածել է, թե 4 ամբաստանյալները տանում են ոչ թե Հայկազին, այլ ուրիշ կուրսանտի, ով մինչ այդ նրանց հետ խնջույքի է ու հարբած լինելու պատճառով ի վիճակի չէր ինքնուրույն տեղաշարժվել, սակայն հաջորդ օրը համոզվել է, որ 4 կուրսանտներ Բարսեղյանին էին տանում, այն էլ՝ սպանված վիճակում:

Վկան նաև հիշել է, որ այդ գիշեր սպա է մտել զորամաս, այցելել նույն ննջարան, որտեղ կուրսանտներն էին, այդ ժամանակ Հայկազին արդեն տարել էին դուրս: Սպան եղել է նաև Հայկազի անկողնու մոտ, տեսել, որ կուրսանտը վերմակով ամբողջովին փակված է, սակայն արտառոց ոչինչ չի արձանագրել: Իր մյուս ցուցմունքով վկան հայտնել է, որ իրականում անկողնում ոչ ոք չէր եղել, այլ այնպես էին դասավորել այն, որ տպավորություն ստեղծվի, թե Հայկազը քնած է:

Վաղ առավոտյան՝ ժամը 06:30-ին, տրվել է «վեր կացը» հրահանգը, հերթապահն արթնացրել է սպային և երեք դասակների հրամանատարներին, այնուհետև նրանք նկատել են, որ Բարսեղյանի մահճակալի վրա դրված է նրա զգեստը՝ արյունոտ վիճակում, սկսել են Հայկազին փնտրել, րոպեներ անց տեղեկացել են, որ կուրսանտը կածված է: Վկային կանչել են դեպքի վայր ու նա տեսել է Հայկազի կախված դին:

Նույն օրը եկել են ռազմական ոստիկանությունից, իրեն և օրապահներին կանգնեցրել են պատի տակ: Վկան նկատելով ինչպես է օրապահներից մեկն արտասվում՝ նրան փորձել է հանգստացնել՝ ասելով. «Ամեն ինչ լավ կլինի, մի լաց, դուխով, ընդեղ էլ ավել բան չխոսես, քո տեսածը կասես, որ կողից ավել բան հարցնեն, չասես, երդվի, որ չես ասի»,- նշված է Թելմանի նախաքննական ցուցմունքում:

Հիշեցնենք, որ 2015թ. հունվարի 29-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանը վաղ առավոտյան հայտնաբերվել էր մարզահրապարակում` պտտաձողի վրա պարանով կախված վիճակում: Նրա սպանության մեջ մեղադրվում են նրա համակուրսեցիներ Գնել Թևոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը, Մովսես Ազարյանը: Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով սպանություն:

Գ.Թ.

Իրավաբան.net

 

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել