Տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշի օգտագործման կանոնները խախտելը կառաջացնի պատասխանատվություն

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի համաձայն՝ անընթեռնելի կամ ստանդարտին չհամապատասխանող հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցներ վարելը`

  • առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

Տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը սահմանված տեղում չփակցնելը`

  • առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

Ժամանակավոր համարանիշի օգտագործման ժամկետը լրանալուց հետո տրանսպորտային միջոցը այդ համարանիշերով վարելը`

  • առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

Առանց հաշվառման համարանիշի, կեղծված կամ փոխարինված հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցներ վարելը`

  • առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

Օրենքով նախատեսված արարքները վարչական տույժ նշանակելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`

  • առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:

Օրենքով նախատեսված արարքները վարչական տույժ նշանակելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, երրորդ անգամ կատարելը`

  • առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկի չափով, և տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` մեկ տարի ժամկետով:

Տրանսպորտային միջոցը տնօրինողի կողմից հաշվառման համարանիշն այլ անձի հանձնելը`

  • առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Ճանապարհային երթևեկության կանոններով սահմանված դեպքերում հետնապատին հաշվառման համարանիշի թվերի և տառերի կրկնօրինակում չունեցող տրանսպորտային միջոցներ վարելը`

  • առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

Դեղին հիմնագույնի հաշվառման համարանիշերը ուղևորափոխադրումների իրականացման երթուղին սպասարկելու ժամկետի ավարտից կամ Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիայից զրկվելուց կամ լիցենզիայի ներդիրի ժամկետի ավարտից հետո չվերադարձնելը`

  • առաջացնում է տուգանքի նշանակում` կազմակերպության պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Հայաստանի Հանրապետության տարածքում կանոնավոր ուղևորափոխադրումներ (բացառությամբ միջպետականի) իրականացնող իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից սպասարկվող երթուղում սպիտակ հիմնագույնի հաշվառման համարանիշ ունեցող տրանսպորտային միջոցների շահագործումը`

  • առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

Հայաստանի Հանրապետության տարածքում առանց սահմանված տեղում փակցված ներդիրի թեթև մարդատար ավտոմոբիլներով տաքսամոտորային ուղևորափոխադրումներ իրականացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

Դեղին հիմնագույնի հաշվառման համարանիշը այլ տրանսպորտային միջոցի վրա տեղադրելը`

  • առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Անընթեռնելի հաշվառման համարանիշ է այն համարանիշը, որի թեկուզ մեկ նիշը ցերեկը, պարզ եղանակին գունաթափման կամ այլ պատճառներով անշարժ տրանսպորտային միջոցի վրա տեղադրված վիճակում տեսանելի չէ 40 մետր հեռավորությունից:

Տրանսպորտային միջոցի համարանիշը համարվում է սահմանված տեղում չփակցված, եթե համարանիշն ընթեռնելի է ինչպես շարժման ընթացքում, այնպես էլ կանգնած վիճակում, սակայն համարանիշը (զույգ համարանիշերի դեպքում` թեկուզ և մեկը) ամրացված չէ դրա համար նախատեսված տեղում:

Տրանսպորտային միջոցը համարվում է առանց համարանիշի, եթե այդ համարանիշը (զույգ համարանիշերի դեպքում` թեկուզ և մեկը) ամրացված չէ դրա համար նախատեսված տեղում և ընթեռնելի չէ ինչպես շարժման ընթացքում, այնպես էլ կանգնած ժամանակ:

Առանց ներդիրի, կեղծված, չգործող կամ այլ տրանսպորտային միջոցի համար տրված ներդիրով Հայաստանի Հանրապետության տարածքում թեթև մարդատար ավտոմոբիլներով տաքսամոտորային ուղևորափոխադրումներ իրականացնելը՝

  • առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

Տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ կամ այլ օրինական տիրապետողի կողմից ներդիրն այլ անձի հանձնելը`

  • առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել