Նոր փոփոխություններ հին նմուշի անձնագրի տրամադրման կարգում

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Իրազեկում հին նմուշի անձնագրի տրամադրման կարգում կատարված նոր փոփոխությունների վերաբերյալ.

(ուժի մեջ է մտնելու որոշման պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրը)

2017թ. հունվարի 12-ին ընդունվել է ՀՀ կառավարության 1998թ. դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշման մեջ համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը:
Ներկայացնում ենք կարևոր փոփոխությունները, որոնք գործելու են որոշման պաշտոնական հրապարկմանը հաջորդող 10-րդ օրվանից:

1. Հին նմուշի անձնագիրը (առանց բիոմետրիկ տվյալների) մինչև 6 տարեկան երեխաներին տրամադրվելու է 3 տարի վավերականության ժամկետով, իսկ 6 տարեկանից մինչև 16 տարին լրացած քաղաքացիներին` 5 տարի վավերականության ժամկետով, բայց ոչ ավել քան 18 տարին լրանալը: Ներկայումս բոլորին տրամադրվում ե 3 տարի ժամկետով: Հիշեցնենք, որ նմանատիպ փոփոխություններ կատարվեցին նաև բիոմետրիկ անձնագրեր տրամադրելու ոլորտում:

2. 16 տարին լրացած անձը անձնագիր ստանալու դիմումը ներկայացնում է անձամբ, սակայն եթե ցանկանում է հին նմուշի անձնագրում կատարել օտարերկյա պետությունում վավերականության նշում, դրա համար դիմելու է նրա ծնողը կամ ծնողի կողմից լիազորված անձը: Փոփոխության համաձայն 16 տարին լրացած անձը կարողանալու է անձամբ ինքը դիմել անձնագրում վավերականության նշում կատարելու համար:

3. Ներկայումս մինչև 16 տարեկան երեխայի բիոմետրիկ անձնագիր ստանալու համար դիմում է նրա ծնողը կամ այլ օրինական ներկայացուցիչը: Եթե ծնողը կամ այլ օրինական ներկայացուցիչը անձամբ չի կարող դիմել բիոմետրիկ անձնագիր ստանալու համար, նրա դիմումը կարող է ներկայացվել լիազորված անձի միջոցով, որը վավերացված է լինելու նոտարական կարգով: Հին նմուշի անձնագիր ստանալու դեպքում նման արտոնություն սահմանված չէր, այսինքն ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի փոխարեն այլ անձ չէր կարող դիմել: Փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո մինչև 16 տրեկան երեխաների հին նմուշի անձնագիրը նույնպես հնարավոր կլինի տրամադրել ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի կողմից լիազորված անձի կողմից դիմելու դեպքում:

4. Բիոմետրիկ անձնագիր ստանալու դեպքում 1-ին խմբի հաշմանդամների անձնագիր տրամադրելու համար կարող է դիմել նաև նրա ներկայացուցիչը: Հին նմուշի անձնագրի դեպքում նման կարգ սահմանված չէր. այսինքն, եթե անձը անգործունակ չէ, այլ միայն 1-ին խմբի հաշմանդամ, նրա փոխարեն ներկայացուցիչը չի կարող դիմել անձնագիր ստանալու համար: Փոփոխությամբ հին նմուշի անձնագիր տրամադրելու կարգում ևս սահմանվել է արտոնություն. առաջին խմբի հաշմանդամի համար կարող է դիմել նաև նրա ներկայացուցիչը, այսինքն՝ լիազորված անձը: Եթե հնարավոր չի լինի ներկայացնել լիազորությունը հավաստող, նոտարի կողմից հաստատված փաստաթուղթ և դիմումատուն ի վիճակի չի լինի ներկայանալ անձնագրային ծառայություն, անձնագիր ստանալու դիմումը կընդունվի դիմումատուի գտնվելու վայրում, անձնագրային ծառայության աշխատակցի կողմից»:

 Իրավաբան.net     

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել