Մեքենաներից կատարված գողությունների թիվն աճում է. վիճակագրություն

Մեքենաներից կատարված գողությունների թիվը Հայաստանում վերջին տարիներին աճել է: Այս մասին է վկայում ոստիկանության վիճակագրությունը, որը տրամադրել են Իրավաբան.net-ին:

2012թ.-ին մեր երկրում արձանագրվել է մեքենաներից կատարված 605 գողության դեպք, իսկ 2016թ. 11 ամիսների ընթացքում՝ 822:

Ոստիկանությունից հաղորդում են նաև, որ հանցագործությունների (այդ թվում նաև ավտոտրանսպորտային միջոցներից կատարվող գողությունների) նախականխման, կանխման, բացահայտման նպատակով ՀՀ ոստիկանության արտաքին և օպերատիվ ծառայություն իրականացնող ստորաբաժանումների կողմից իրավականվում են ամենաօրյա կանխարգելիչ և օպերատիվ հետախուզական միջոցառումներ, որի ընթացքում հաշվի են առնվում կոնկրետ վարչական տարածքների քրեածին գոտիներն ու առանձնահատկությունները, ինչպես և կոնկրետ հանցատեսակների հնարվոր թիրախների խոցելիության աստիճանները։

Մեզ հետ զրույցում Իրավաբան, փորձագետ Մարատ Ատովմյանը քաղաքացիներին խորհուրդ է տվել որևէ իր չթողնել մեքենայում, երբ դրա մեջ մարդ չկա: Նա նաև ասել է. «Անհրաժեշտության դեպքում ցանկալի է պահել դրանք բեռնախցիկում:  Այլապես դրանք նկատվում են հանցագործների կողմից և հափշտակվում: Նման պարագայում կորցնում եք ոչ միայն հափշտակված իրը, այլ նաև ստիպված եք գումար ծախսել մեքենայի ջարդված ապակին փոխարինելու վրա»,- ասաց մեր զրուցակիցը:

Նշենք, որ տարեց տարի ավելացել են նաև բացահայտված դեպքերը և ավելի շատ անձիք են քրեական պատասխանատվության ենթարկվել:

Գևորգ Թոսունյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել