Նոր փոփոխություններ կլինեն անձնագրերի տրամադրման գործընթացում

Կառավարությունն այսօր՝ հունվարի 12-ին հաստատեց ոստիկանության նոր նախագիծը, որ ներկայացրեց փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը:

Նախագիծն ամրագրել է մի շարք դրույթներ՝ կապված ՀՀ քաղաքացու անձնագրի և նույնականացման քարտի հետ: Այսպես՝ նախագծով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին անձնագիր ստանում է կամավոր` անկախ տարիքից։

Նշվում է, որ եթե երեխայի ծնողը կամ օրինական ներկայացուցիչն անձամբ չի կարող ներկայացնել դիմումը, ապա ներկայացվող դիմումի վրա նրա ստորագրության իսկությունը վավերացվում է նոտարական կարգով։

Բաից այդ, նոր փոփոխության համաձայն՝ մինչև 6 տարեկան քաղաքացիներին անձնագիրը տրամադրվում է 3 տարվա վերականության ժամկետով, 6 տարեկանից մինչև 16 տարին լրացած քաղաքացիներին` 5 տարվա վերականության ժամկետով, բայց ոչ ավելի, քան 18 տարին լրանալը, իսկ 16 տարին լրացած քաղաքացիներին` 10 տարվա վերականության ժամկետով:  Ընդ որում, մինչև 16 տարեկան, ինչպես նաև 16 տարին լրացած նախազորակոչային տարիքի արական սեռի քաղաքացիներին անձնագիրը տրամադրվում է մինչև նրանց զորակոչային տարիքը լրանալը, իսկ զորակոչային տարիքը լրանալու դեպքում` պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ստացած տարկետման ժամկետով։

Այսուհետ, 16 տարին լրացած քաղաքացիների անձնագրում օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի և դրա երկարաձգման վերաբերյալ նշումները  կատարվում են քաղաքացու ցանկությամբ`դիմելու դեպքում»:

Այն դեպքում երբ քաղաքացին դիմում է ներկայացնում`  բնակչության պետական ռեգիստրում իր վերաբերյալ գոյություն ունեցող տվյալների (անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան օր, ամիս, տարեթիվ) փոփոխման հիմքով նույնականացման քարտը, ինչպես նաև կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող անձնագիրը փոխանակելու համար, սակայն չի ցանկանում փոխանակել կառավարության որոշմամբ նախատեսված անձնագիրը, ապա այն ճանաչվում է անվավեր:

Սահմավել է նաև, որ առաջին խմբի հաշմանդամներն իրավունք ունեն անձնագիր ստանալ ներկայացուցիչների դիմումի հիման վրա: Այս դեպքում դիմումին կցվում է քաղաքացու հաշմանդամության վկայականը և կամ վկայականի նոտարական կարգով վավերացված պատճենը (որոնց բնօրինակները պատճենահանվում և վերադարձվում են դիմումատուին), ինչպես նաև ներկայացուցչի լիազորությունները հավաստող օրենքով սահմանված կարգով վավերացված լիազորագիրը: Լիազորագիր ներկայացնելու անհնարինության դեպքում անձնագիր ստանալու դիմումն ընդունում է անձնագրային ծառայությունը` այցելելով անձի գտնվելու (բնակվելու) վայր:

Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել