Հայաստանը Դուբայում գլխավոր հյուպատոսություն կունենա

Հայաստանի Հանրապետության և Ծոցի տարածաշրջանի երկրների հետ հարաբերություններն ու բազմաճյուղ համագործակցությունը տարեցտարի նոր առաջընթաց են արձանագրում: Վստահ են ԱԳՆ-ում:

Մինչ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը այդ երկրների հետ որոշակի առևտրատնտեսական կապեր էին սկսել զարգանալ` մասնավորապես Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքի միջոցով:

Ներկայումս Դուբայը աշխարհի առևտրատնտեսական կարևորագույն կենտրոններից է:

Ըստ ԱԳՆ-ի տեղեկությունների, ԱՄԷ-ում, մասնավորապես Դուբայում բնակվող Հայաստանի քաղաքացիների թվաքանակը տատանվում է 2500-3000 միջև: Կանոնավոր իրականացվում են շաբաթական 4-5 չվերթ, ավելացել են Դուբայի ճանապարհով տարանցիկ այլ երկրներ մեկնող ՀՀ քաղաքացիների թվաքանակը, ինչպես նաև բեռնափոխադրումները:

Դուբայ քաղաքում գործում են շուրջ 70 հյուպատոսություններ:

Նկատի ունենալով վերոշարադրյալը, կառավարությունն այսօր նպատակահարմար գտավ ԱՄԷ Դուբայ քաղաքում հիմնել ՀՀ գլխավոր հյուպատոսություն` որպես հյուպատոսական տարածք ներառելով ԱՄԷ հյուսիսային էմիրությունները:

Նշվեց, որ գլխավոր հյուպատոսության հիմնումը հնարավորություն կընձեռի, բացի հյուպատոսական աշխատանքից, տեղում ծավալել առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության առավել խորացմանն ու զարգացմանը միտված գործունեություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել