Նախկին ոստիկանը՝ ամենասարսափելի մոլագար-մարդասպան

ՌԴ Իրկուտսկի շրջանում շարունակվում են մոլագարի կողմից կատարված հանցագործությունների հետաքննությունները։ Խոսքը վերաբերում է ՌԴ ներքին գործերի նախարարության (ոստիկանություն) նախկին աշխատակից Միխայիլ Պոպկովին, ով տարիներ շարունակ բռնաբարել և սպանել է կանանց։ Նրան ցմահ ազատազրկման են դատապարտել շուրջ 20 սպանության համար։ Սակայն դատավճռի հրապարակումից հետո Պոպկովը խոստովանել է, որ իրականում շուրջ 80 սպանություն է կատարել։ Այս մասին գրում է newsru.com կայքը։

Նախորդ տարվա դեկտեմբերին տեղի ունեցած դատական նիստին ներկա է եղել թոշակառու մի կին, ում 20-ամյա դուստրը՝ ընկերուհու հետ միասին Պոպկովի զոհն են դարձած եղել։ Նրանց դիերը հայտնաբերվել են 1998 թվականին՝ ավտաճանապարհից ոչ հեռու։

Գործի քննության ժամանակ Պոպկովը պատմել է, թե առաջարկել էր աղջիկներին մեքենայով տեղ հասցնել։ Նրանք միևնույն թաղամասում են ապրելիս եղել և իմացել են, որ ինքը ոստիկանությունում է աշխատում և առանց երկմտելու վստահել էին։

Եթե հավատանք Պոպոկովի ցուցմունքների իսկությանը, ապա նա Ռուսաստանի պատմության մեջ ամենասարսափելի մոլագար-մարդասպանն է և նույնիսկ գերազանցել է Անդրեյ Չիկատիլոյին։ Չիկատիլոյի հետ համեմատվելու մասին Պոպկովը բանտում իր խցակիցների հետ խոսել է հպարտությամբ, գլուխ գովել, թե իր դեմ հարուցված քրեական գործն էլ նրա գործի պես բազմահատոր է (շուրջ 300 հատոր)։

20 տարի շարունակ մոլագար-ոստիկանը քաղաքը պահել է սարսափի մեջ

Առաջին հետաքննության արդյունքների համաձայն՝ 1994-2000 թվականներին Անգարսկ քաղաքում անհայտ պայմաններում երեկոյան և գիշերային ժամերին անհետանում էին 18-28 տարեկան կանայք։  Հետաքննությունների արդյունքում կանանց մերկ մարմինները, բռնության և բռնաբարության հետքերով, հայտնաբերվում էին քաղաքի տարածքում և հարևան շրջաններում՝ անտառների, ճանապարհների, գերեզմանների մոտակայքում։ Նշվում էր, որ սպանության պահին կանայք հարբած են եղել։

Նա կանանց սպանել է կացնով, դանակով, մեխանիկական գործիքներով տասնյակ հարվածներ ու վնասվածքներ հասցնելով։

Հարցաքննության ժամանակ Պոպկովն ասել է, թե հետագայում վեներական հիվանդությամբ է վարակվել, չի դիմել բժշկի, ինչի հետևանքով դարձել է անկարողունակ և կորցրել է ցանկությունը կանանց բռնաբարելու և սպանելու։

1998 թվականին Բայկալսկ գյուղի մոտ հայտնաբերվել է անգիտակից վիճակում գտնվող անչափահաս աղջկա մերկ մարմինը։ Հետագայում աղջիկը ճանաչել է հանցագործին՝ ոստիկանության ավագ սերժանտին և նրա մեքենան։ Սակայն քննիչները բավարարվել են ոստիկանի այն բացատրությամբ, թե ինքը կարող է ընդամենը նման լինել հանցագործին և նրա այլուրեքության հարցը նույնպես հիմնավորվել է։

Նրա հետքը կարողացել են գտնել միայն 2012-ին։ Հունիսի 23-ին ձերբակալվել է։

Պոպկովը ոստիկանության համակարգից դուրս է եկել 1998 թվականին, այնուհետև եղել է որպես անվտանգության աշխատակից մասնավոր կառույցներում, իսկ 2011-ից գերեզմանափոր ու տաքսիստ է աշխատել։

Վարկածներից մեկի համաձայն՝ Պոպկովը հանցակիցներ է ունեցել։ Հանցակցելու համար կասկածվել է նրա կինը՝ Էլենան։ Հենց Պոպոկովն էլ ասել է, թե հանցակից է ունեցել, սակայն հրաժարվել է որևէ անուն տալ։

Հանցագործությունների  դրդապատճառների մասին խոսելը բարդ է։ Պոպկովն ասել է, թե սպանությունները կատարել է՝ ներքին համոզմունքներով առաջնորդվելով։ Իսկ դատավարության սկզբնական փուլում հայտարարել է, թե փորձել է հասարակությունը մաքրել անբարոյական կանանցից։ Թեև նրա զոհերը անբարոյական չեն եղել։

Հետաքրքիրն այն է, որ հարևանները, կոլեգաները նրանց դրական են բնութագրել՝ նշելով, որ նա հայտնի է որպես հանգիստ, հավասարակշռված մարդ։

Դատավարության սկզբնական փուլում և դատավճռի հրապարակումից հետո էլ նրա կինն ու դուստրը նրան տեսակցել են, հանձնուքներ տարել։ Նույնիսկ մասնակցել են հայտնի “Пусть говорят” հեռուստաշոուին և հայտարարել, թե սիրում են նրան ու հավատում նրա անմեղությանը։ Իսկ ներկայումս այլևս չեն բնակվում Անգարսկում, որտեղ դուստրը ուսուցչուհի է աշխատելիս եղել։

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել