Հետազոտություններ` քրեակատարողական հիմնարկներում

2015 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում մեկնարկած սկրինինգային հետազոտությունները շարունակվում են։ Բնակչության ռիսկային խմբերում առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերմանն ու կանխարգելմանն ուղղված ծրագիրը բխում է ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությունից, Առողջապահության համաշխարհային կազմակերպության ռազմավարություններից, ինչպես նաև ՄԱԿ-ի կողմից հաստատված Կայուն զարգացման նպատակներով սահմանված թիրախներից: Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից։

ՀՀ առողջապահության և ՀՀ արդարադատության նախարարների համատեղ հրամանով սկրինինգային հետազոտություններում ընդգրկվել են նաև ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող 30-ից 68 տարեկան 1,143 դատապարտյալներ և կալանավորված անձինք:

Ծրագրում ընդգրկվել են «Նուբարաշեն», «Վարդաշեն», «Երևան-Կենտրոն», «Դատապարտյալների հիվանդանոց», «Աբովյան», «Սևան», «Հրազդան», «Վանաձոր», «Արթիկ», «Գորիս», «Կոշ» և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկները: Այս հիմնարկներում բժշկական սպասարկումն ապահովել են «Նուբարաշեն», «Արշակունյաց», Վանաձորի թիվ 5, Վաղարշապատի պոլիկլինիկաները, «Աբովյանի», «Հրազդանի», «Արթիկի», «Գորիսի» բժշկական կենտրոնները և «Կոշի» բժշկական ամբուլատորիան:

Արդյունքում, ընդհանուր առմամբ, իրականացվել է 2,315 հետազոտություն, որից գլյուկոմետրիա՝ 1,133, տոնոմետրիա՝ 1,142, և Պապ թեստի հետազոտություն՝ 40:

Սկրինինգային այս հետազոտությունների արդյունքում արյան զարկերակային ճնշման շեղում հայտնաբերվել է 15,2%-ի մոտ (140/90մմ սնդ.սյուն կամ ավելի), իսկ արյան գլյուկոզի մակարդակի շեղում` 20,3%-ի մոտ (6.1մմոլ/լ և ավելի)։ Հետազոտված 40 կանանցից միայն 1-ի մոտ արձանագրվել է բջջաբանական շեղումներ:

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում սահմանված տարիքային խմբերից բացի շաքարային դիաբետի և զարկերակային գերճնշման սկրինինգային հետազոտություններ իրականացվել են 18-35 տարեկան ևս 153 անձի շրջանում։ Արդյունքում 3.9%-ի մոտ հայտնաբերվել է արյան զարկերակային ճնշման շեղում (140/90մմ սնդ.սյուն կամ ավելի), իսկ 13.7%-ի մոտ` արյան գլյուկոզի մակարդակի շեղում (6.1մմոլ/լ և ավելի):

Սկրինինգային հետազոտությունների արդյունքում հայտնաբերված բոլոր շեղումները կենթարկվեն հետագա ճշգրտման։ Հիվանդության ախտորոշման հաստատման դեպքում այդ անձինք կվերցվեն բժշկական անհրաժեշտ հսկողության տակ:

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել