Նորություններ

ՀԿ-ների հայցն ընդդեմ Հրայր Թովմասյանի մերժվեց

Այսօր հունվարի 11-ին Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարը դատավոր Սերգեյ Սահակյանի նախագահությամբ մերժեց երկու հասարակական կազմակերպությունների հայցն՝ ընդդեմ արդարադատության նախկին նախարար, ներկայումս Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանի:

«Իրավունքի Եվրոպա միավորում» և «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ները հայցում նշում էին, որ Հրայր Թովմասյանը արատավորել է իրենց գործարար համբավը: Նրանք պահանջում էին հրապարակային ներողություն խնդրել, ինչպես նաև փոխհատուցել 1 մլն դրամ:

Նախկին արդարադատության նախարարի ներկայացուցիչը դատարանում իր նախկին տեղակալն է՝ Արամ Օրբելյանը, նա մեզ հետ զրույցում ասաց, որ նման որոշումը սպասելի էր. «Հիմնավորումները դատական գործի շրջանակներում ներկայացվել են, մեզ համար ակնկալելի որոշում էր, քանի որ գործն, ըստ էության, բարդ չէր»,- ասաց պարոն Օրբելյանը:

Գործի նման ելքից չի զարմանում նաև հայցվոր կողմը: «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի փաստաբան Քրիստինա Գևորգյանը ասաց. «Մեզ համար ևս կանխատեսելի էր նման որոշումը»:

Ըստ փաստաբանի սա կարող է վատ նախադեպ լինել հասարակական կազմակերպությունների համար. «Այս որոշմամբ նմանատիպ պրակտիկա է ստեղծվում, որ պաշտոնատար անձիք կարողանան վարկաբեկել ցանկացած հասարակական կազմակերպությանը իրենց գործունեության շրջանակներում և որևէ պատասխանատվություն չկրեն»:

Քրիստինա Գևորգյանի համոզմունքն է, որ դատավորը անաչառ չէր գործում հենց առաջին իսկ դատական նիստերից. «Բազմաթիվ դատավարական խախտումներ են տեղի ունեցել, մասնավորապես լուսանկարահանման և տեսաձայնագրման հետ կապված, հետո ինքնաբացարկի երկու միջնորդությունների, դատական նիստի հետաձգման հետ կապված»,- հայտնեց մեր զրուցակիցը:

Հիշեցնենք, որ ըստ հայցի՝ 2016 թ. մարտի 30-ին, ընտրական նոր օրենսգրքի շուրջ 4+4+4 ֆորմատով կայացած հանդիպման ժամանակ, ի պատասխան «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի ավագ իրավախորհրդատու Տիգրան Եգորյանի այն պնդմանը, թե «անձամբ մեր կարծիքով, օրինակ` դիտորդական կազմակերպությունները ևս կարծում են, որ իշխանությունը կեղծել ա ընտրությունները, Հրայր Թովմասյանն ասել է. «Դիտորդական կազմակերպությունները…դեմագոգ ու կիսագրագետ ու անգրագետ են ու դրսից սնվող»: Հայցվոր կազմակերպությունների փաստաբաններ Տիգրան Եգորյանը, Լուսինե Հակոբյանը և Քրիստինա Գևորգյանն իրենց հայցում նշել են, որ Թովմասյանի այս արտահայտությունը հրապարակային է (հանդիպմանը ներկա են եղել 12-ից ավելի մասնակիցներ) և գիտակցված, քանի որ որպես իրավաբան` վերջինս չէր կարող չգիտակցել իր հայտարարությունների արատավորող բնույթը:

Գ.Թ.

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել