Նորություններ

Հակակարկտային կայանների ցանցով ծածկելը նպատակահարմար չէ.ԱԻՆ

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում կայացել է խորհրդակցություն, որի նպատակն էր քննարկել բնակլիմայական աղետների (մասնավորապես` կարկտահարության) վնասների կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքները:

Քննարկմանը մասնակցել են ՀՀ ԱԻ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հայկարամ Մխիթարյանը և ՀՀ ԱԻՆ «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ – «ՄԵՎԱՆ» կենտրոնի պետ Սուրեն Հովսեփյանը:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն իր խոսքում նշել է, որ մեր երկրում գյուղատնտեսությունը կարկտահարության պատճառով ամեն տարի մեծ վնասներ է կրում, և այժմ օրախնդիր հարցերից է դրա դեմ պայքարի առավել արդյունավետ մեթոդների կիրառումը: Այդ նպատակով գյուղատնտեսության նախարարությունը մշակել է բնակլիմայական աղետներից վնասների կանխարգելման հայեցակարգի նախագիծ և հանդիպման ընթացքում պատրաստ է լսել ՀՀ ԱԻՆ նկատառումները, համատեղ քննարկել ու գտնել առկա խնդիրների լուծման ուղիները:

Ներկայացնելով հանրապետության հակակարկտային կայանների ցանցի տեխնիկական իրավիճակը, արդյունավետությունը, կառավարման և սպասարկման ընթացքում ծագող խնդիրները` ՀՀ ԱԻ նախարարության պաշտոնյաներն ընդգծել են, որ պայքարի մեկ եղանակի ընտրությունը, մասնավորապես` հանրապետության ամբողջ տարածքը հակակարկտային կայանների ցանցով ծածկելը նպատակահարմար չէ և չի կարող բավարար արդյունավետություն ապահովել: ԱԻՆ ներկայացուցիչներն առաջարկել են, ըստ գոտիականության, տեղադրել նաև հրթիռային կայաններ, իսկ առավել արժեքավոր գյուղատնտեսական մշակաբույսերի պահպանության համար կիրառել հակակարկտային ցանցեր:

Խորհրդակցության ընթացքում կարևորվել են մի շարք հարցեր, այդ թվում` դոտացիոն ֆոնդի հաշվին հակակարկտային կայանների կենտրոնացված սպասարկման անհրաժեշտությունը, համայնքային և մասնավոր սեփականություն հանդիսացող կայանների տեղադրումը լիազոր մարմնի հետ պարտադիր համաձայնեցումը, գործող ցանցի տեխնիկական վերազինումը և այլն:

Քննարկումների արդյունքում որոշվել է ուսումնասիրել կարկտահարության դեմ պայքարի հրթիռային կայանների կիրառման միջազգային առաջավոր փորձը, Հայաստանում դրա ներդրման և տեղում արտադրություն կազմակերպելու հնարավորությունները, քարտեզագրել հանրապետության տարածքը` ըստ կարկտի դեմ պայքարի տվյալ վայրին առավել հարմար մեթոդի, ինչպես նաև ներկայացնել պահանջվող ներդրումների ֆինանսական գնահատականը` 2018 թ. ՀՀ պետական բյուջեում համապատասխան միջոցներ նախատեսելու նպատակով:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել