Նորություններ

Սպառողների մատակարարման պայմանագրերը և պատասխանատվությունը պարտավորությունների խախտման համար

Էներգետիկայի մասին ՀՀ օրենքի համաձայն՝ սպառողին էլեկտրական, ջերմային էներգիայի կամ բնական գազի մատակարարումը (ծառայությունների մատուցումը) կատարվում է մատակարարման պայմանագրի համաձայն, որով մատակարարը պարտավորվում է այդ պայմանագրով, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով մատակարարել էներգիա, բնական գազ, իսկ սպառողը` ընդունել դա և վճարել դրա համար:

Էներգամատակարարման և գազամատակարարման պայմանագրերով սահմանվում են մատակարարման (սպառման) պայմաններն օրենքներին, այլ իրավական ակտերին և մատակարարման ու օգտագործման կանոններին համապատասխան:

Պայմանագրային պարտավորությունները չկատարելու հետևանքով հասցված վնասը փոխհատուցվում է խախտողի կողմից` օրենքով սահմանված կարգով: Պայմանագրերի կատարման հսկողությունն իրականացնում են միայն պայմանագրային կողմերը:

Մատակարարման պայմանագրով սահմանված կարգով մատակարարը կարող է ամբողջությամբ կամ մասնակիորեն հրաժարվել էներգամատակարարումից (գազամատակարարումից), եթե սպառողը`

ա) իր պատասխանատվության տակ գտնվող էներգիան կամ բնական գազը սպառել է հաշվառքի սարքի միտումնավոր խախտումներով, որոնք հանգեցրել են հաշվառվող էներգիայի կամ բնական գազի քանակության նվազեցման.

բ) էներգիան և (կամ) բնական գազը ծախսվել են առանց մատակարարման պայմանագրում գրանցված հաշվառքի սարքի կամ հաշվառքի սարքի շրջանցումով:

Մատակարարն իրավունք ունի դադարեցնել բաժանորդի էլեկտրական, ջերմային էներգիայի կամ բնական գազի մատակարարումը, եթե վճարումները հանձնաժողովի կողմից սահմանված ժամկետներում չեն կատարվում: Նախքան սպառողի էներգամատակարարման և (կամ) գազամատակարարման դադարեցումը մատակարարը պարտավոր է կիրառել հանձնաժողովի սահմանած բոլոր նախազգուշական միջոցները:

Մատակարարը վերականգնում է խախտումներ թույլ տված սպառողի մատակարարումը` սպառողի կողմից վնասը փոխհատուցելուց կամ իր համար ընդունելի պայմաններով սպառողից վնասի փոխհատուցման երաշխիքներ ստանալուց հետո:

Եթե սպառողը էներգիան և (կամ) բնական գազն սպառում է առանց պայմանագրի (ապօրինի սպառում), ապա մատակարարն անմիջապես դադարեցնում է էներգիայի (բնական գազի) ապօրինի սպառումը և պահանջում վնասի փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Իրավաբան․net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել