29-ամյա Հայկ Հակոբյանի սպանության դեպքի առթիվ քրեական գործ հարուցվեց (լրացված)

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` 29-ամյա Հայկ Հակոբյանի սպանության դեպքի առթիվ:

Նախնական տվյալներով` 2017 թվականի հունվարի 7-ին՝ ժամը 12-ի սահմաններում, առերեւույթ հանցագործություն կատարած անձը Գավառ քաղաքում  կրակոցներ է արձակել «ԱՈՒԴԻ-Q7» մակնիշի 47 MM 777 պ/հ ավտոմեքենայի ղեկին գտնվող, 1988թ. ծնված Հայկ Անդրանիկի Հակոբյանի գլխի և պարանոցի ուղղությամբ: Ստացած վնասվածքներից Հ.Հակոբյանը մահացել է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի  տեղեկատվության և հասարակայնության  հետ կապերի բաժինը:

Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասերով:

ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետ Ա.Ղազարյանի որոշմամբ   կազմվել է քննչական խումբ, որի ղեկավար է նշանակվել վարչության պետի տեղակալ Ա.Մանուկյանը:  Մշակվել է քննչական պլան, եւ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումներ` դեպքի բոլոր հանգամանքները, առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է թվով 7 պարկուճ և երկու գնդակ: Քրեական գործով նշանակվել են դիակի դատաբժշկական, դատակենսաբանական, դատահետքաբանական, դատաձգաբանական փորձաքննություններ:

Քննության արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ:

Նշենք, որ Հայկ Հակոբյանը  Գեղարքունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի որդին է:

Ստորև ներկայացնում ենք Հայկ Հակոբյանի լուսանկարները` նրա ֆեյսբուքյան էջից.

 

Իրավաբան.net     

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել