ՄԱԿ-ի նոր՝ 9-րդ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ստանձնեց իր պաշտոնը

ՄԱԿ-ի նոր՝ 9-րդ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ստանձնեց իր պաշտոնը: Իրավաբան.net-ը ներկայացնում է ՄԱԿ-ի նոր՝ 9-րդ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի նոր տարվա խաղաղության կոչը հայերեն:

«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

Կոչ խաղաղության

Նյու Յորք, հունվարի 1, 2017 թ.

Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում իմ առաջին օրն ինձ մի հարց է տանջում։

Ինչպե՞ս կարող ենք օգնել հակամարտությունների ճիրաններում գտնվող, պատերազմների հետևանքով անտանելի զրկանքներ կրող միլիոնավոր մարդկանց, երբ այդ ամենի վերջը չի երևում։

Խաղաղ քաղաքացիական բնակչությունը մահաբեր զինատեսակների թիրախ է դառնում։ Կանայք, երեխաները և տղամարդիկ սպանվում ու վիրավորվում են, հարկադրված լքում իրենց տունը՝ զրկվելով սեփականությունից և գոյության միջոցներից։ Թիրախ են դառնում անգամ հիվանդանոցներն ու ավտոշարասյունները։

Այս պատերազմներում հաղթողներ չկան՝ պարտվում են բոլորը։ Հազար միլիարդավոր դոլարներ են ծախսվում՝ կազմաքանդելու հասարակություններ ու տնտեսություններ՝ սնելով անվստահությունն ու վախը, և այս արատավոր շղթան կարող է շարունակվել մի քանի սերունդ։ Ամբողջ տարածաշրջաններ են ապակայունանում, իսկ համաշխարհային ահաբեկչության նոր սպառնալիքից ապահովագրված չէ ոչ ոք։

Ամանորի այս օրերին բոլորիդ խնդրում եմ միանալ ինձ՝ նոր տարում ստանձնելով մեկ միասնական հանձնառություն.

եկեք խաղաղության հաստատումը մեր առաջնահերթ խնդիրը դարձնենք։

Եկեք 2017-ը դարձնենք տարի, երբ բոլորս՝ քաղաքացիները, կառավարությունները, առաջնորդները, կձգտենք հաղթահարել մեր տարբերությունները։

Մեր ամենօրյա կյանքում համերաշխությունից ու ապրումակցումից մինչև երկխոսություն և հարգանք քաղաքական հակառակորդների միջև… Մարտի դաշտում հրադադարի հաստատումից մինչև փոխհամաձայնություն բանակցությունների սեղանի շուրջը՝ հետամուտ լինելու քաղաքական կարգավորման…

Խաղաղությունը պետք է լինի մեր նպատակն ու ուղենիշը։

Այն ամենը, ինչի մենք ձգտում ենք որպես մարդկային ընտանիք՝ արժանապատվություն և հույս, առաջընթաց և բարգավաճում, կախված է խաղաղությունից։

Բայց խաղաղությունը մեզնից է կախված։

Կոչ եմ անում բոլորիդ միանալ ինձ՝ այսօր և ամեն օր խաղաղության հաստատման պարտավորություն ստանձնելով։

Եկեք 2017-ը դարձնենք խաղաղության տարի։

Շնորհակալ եմ»։

Ներկայացնում ենք նաև Անտոնիո Գուտերեշի կենսագրությունը:

ՄԱԿ-ի իններորդ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը պաշտոնն ստանձնեց 2017 թ. հունվարի 1-ին։

Փախստականների ճամբարներում և պատերազմական գոտիներում ականատեսը լինելով երկրագնդի ամենից խոցելի մարդկանց տառապանքներին՝ գլխավոր քարտուղարը վճռականորեն է տրամադրված մարդկային արժանապատվությունն իր աշխատանքի առանցքը դարձնելու, որպես խաղաղության միջնորդ, կամուրջներ կառուցող ու բարեփոխումների և նորարարության խթանող ծառայելու հարցում։

Գլխավոր քարտուղարի պաշտոնում իր ընտրությունից առաջ պրն. Գուտերեշը 2005 թ. հունիսից մինչև 2015 թ. դեկտեմբեր աշխատել է որպես ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար (ՄԱԿ ՓԳՀ)՝ վերջին տասնամյակների՝ տեղահանության հետ կապված մի քանի լրջագույն ճգնաժամերի շրջանում գլխավորելով աշխարհի առաջատար մարդասիրական կազմակերպություններից մեկը։ Հակամարտությունները Սիրիայում ու Իրաքում և ճգնաժամերը Հարավային Սուդանում, Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունում ու Եմենում հսկայական չափով ընդլայնեցին ՄԱԿ ՓԳՀ-ի գործունեությունը, քանի որ հակամարտությունների և հետապնդումների հետևանքով տեղահանված անձանց քանակը 2005 թ. 38 միլիոնից 2015 թվականին աճեց մինչև ավելի քան 60 միլիոն։

Նախքան ՄԱԿ ՓԳՀ-ին միանալը պրն. Գուտերեշն ավելի քան 20 տարի զբաղեցրել է կառավարական և պետական պաշտոններ։ 1995-2002 թվականներին եղել է Պորտուգալիայի վարչապետը՝ ակտիվորեն ներգրավված լինելով Արևելյան Թիմորի ճգնաժամի կարգավորմանն ուղղված միջազգային նախաձեռնություններում։

2000-ական թվականների սկզբին Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնում նա առաջնորդել է Աճի և զբաղվածության լիսաբոնյան ծրագրի ընդունման գործընթացն ու համանախագահել Եվրամիություն-Աֆրիկա առաջին գագաթնաժողովը։ 1991-2002 թվականներին Պորտուգալիայի պետական խորհրդի անդամ էր։

1976 թվականին պրն. Գուտերեշն ընտրվել է Պորտուգալիայի խորհրդարանի անդամ և այդ պաշտոնում ծառայել 17 տարի։ Այդ ընթացքում ղեկավարել է ֆինանսատնտեսական և պլանավորման խորհրդարանական հանձնաժողովը, իսկ ավելի ուշ՝ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և շրջակա միջավայրի հարցերով խորհրդարանական հանձնաժողովը։ Նա իր կուսակցության խորհրդարանական խմբի ղեկավարն էր։

1981-1983 թվականներին պրն. Գուտերեշը եղել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամ՝ ղեկավարելով Ժողովրդագրության, միգրացիայի և փախստականների հարցերով կոմիտեն։

Երկար տարիներ պրն. Գուտերեշն ակտիվ է եղել «Սոցիալիստական ինտերնացիոնալ»՝ սոցիալ-դեմոկրատական քաղաքական կուսակցությունների միջազգային կազմակերպությունում։ 1992-1999 թվականներին եղել է այդ կազմակերպության փոխնախագահը՝ համանախագահելով Աֆրիկայի հարցերով կոմիտեն, իսկ ավելի ուշ՝ Զարգացման հարցերով կոմիտեն։ 1999-ից մինչև 2005 թվականի կեսերը նա եղել է նախագահ։ Ի լրումն, 1970-ականների սկզբին հիմնել է Փախստականների պորտուգալական խորհուրդը, Պորտուգալիայի սպառողների ասոցիացիան, ինչպես նաև եղել Լիսաբոնի աղքատ թաղամասերում սոցիալական զարգացման ծրագրեր իրականացնող Centro de Acção Social Universitário կազմակերպության նախագահը։

Պրն. Գուտերեշն անդամակցում է Մադրիդի ակումբին, որը միավորում է աշխարհի տարբեր երկրների ժողովրդավար նախկին նախագահների և վարչապետների։

Պրն. Գուտերեշը ծնվել է 1949 թվականին Լիսաբոնում, ավարտել է Բարձրագույն տեխնիկական ինստիտուտը (Instituto Superior Técnico)՝ ստանալով ինժեների որակավորում։ Նա սահուն տիրապետում է պորտուգալերենին, անգլերենին, ֆրանսերենին և իսպաներենին։ Ամուսնացած է Կատարինա դե Ալմեիդա Վազ Պինտոյի հետ, որը Լիսաբոնի փոխքաղաքապետն է մշակույթի գծով, և ունի երկու զավակ, մեկ որդեգիր որդի ու երեք թոռ։

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել